Հայերը՝ դարձյալ քավության նոխազ

- in Հրապարակ
Hayastan - Turkia

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջադեմ շրջանակների կողմից հիմնված nefretsöylemi.org (ատելության խոսք) կայքէջը պարբերաբար պախարակում է թուրք հասարակության շրջանում կամ մամուլում տեղ գտած ատելությամբ լի կեցվածքը կամ նյութերը:

Կայքէջը այս անգամ արձագանքել է «Ենի Աքիթ» օրաթերթի՝ դեկտեմբերի 23-ի համարում լույս տեսած սադրիչ գրությանը՝ ոմն Էքրեմ Շահանի ստորագրությամբ:

Շահանը գրել է. «Բացահայտվեց, որ ահաբեկչական PKK կազմակերպության կողմից՝ իրեն զորակցություն չցուցաբերող քուրդ բնակչության դեմ գործված հարձակումների ետևում թաքնված է Հայոց տարագրության ընթացքում պատահածների վրեժը լուծելու փորձը։ (Քրդամետ) HDP կուսակցության կին պատգամավոր Փերվին Բուլթանի կողմից Թվիթերի միջոցով տրված՝ «Պիտի չթողնես։ Եթե մի օր ուզես վերադառնալ՝ կարող ես չվերագտնել» պատգամից հետո հեռացած քաղաքացիների տները հրկիզվեցին, քանդվեցին PKK-ի կողմից։ Թուրքմեն ալևի-բեկթաշի միության նախագահ Էոզթեմիրը՝ մեկնաբանելով այս իրավիճակը, «Աքիթ»-ին ասել է. «Փորձում են շրջանը վերածել հայկական բնօրրանի։ Հայերը PKK-ի միջոցով քրդերից վրեժ են լուծում։ HDP-ը և PKK-ն ներկայումս փորձում են Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի շրջանները դժոխքի վերածել մահմեդական մեր քուրդ եղբայրների համար. հրկիզում են, քանդում նրանց տները։ Այսօր զգում ենք, որ PKK-ն այդ վայրերում տեղավորում է ծագումով հայ քաղաքացիների, որոնք իրենց ներկայացնում են որպես «քուրդ» կամ «Ալևի քուրդ»»։ Իսկ Հարավային Անատոլիայի լրագրողների միության նախագահ Զեյնել Ապիտին Քըյմազն էլ ասել է. «HDP-ն իբր պաշտպանում է քրդերին, բայց հայկականություն է խաղում։ Այս ամբողջը մեծ ծրագրի մի մասն է։ Ահաբեկչական PKK կազմակերպությունը այլևս համախոհ է HDP-ի հետ։ Նրանց նպատակը քրդերին շրջանից հեռացնելն է»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20