Հիմա էլ կարող են հանրապետության կեսին կալանավորել եւ կապել Նորքի «բանդայի» հետ

- in Հրապարակ

Ձերբակալել Վլադիմիր Առաքելյանին եւ չհայտարարել հիմնավոր պատճառներ, աբսուրդ է, անդրադառնալով «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի ձերբակալությանը, ասել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը՝ հավելելով. «Բոլորս կատարվածից վրդովված ենք, Ազատամարտիկների դաշինքով կքննարկենք եւ հայտարարություն կտարածենք»:

Նրա խոսքով՝ ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառ: «Վերջին երկու տարիներին Վլադիմիր Առաքելյանը քաղաքական դաշտում է, ակտիվ գործունեություն է ծավալել, մասնակցել է թե նստացույցերի, թե հանրահավաքների կազմակերպմանը: Ազատամարտիկների դաշինքի համակարգող խորհրդի յոթ անդամներից մեկն է: Ինքս ճանաչելով Վլադիմիր Առաքելյանին, կարող եմ ասել, որ նա տեռորիստ չէ, որեւէ մեկը չի կարող նրա վրա ցեխ շպրտել»,-ընդգծեց Հակոբյանը:

Այս քայլով իշխանությունը, ըստ ազատամարտիկի, վախի մթնոլորտ է տարածում, փորձում ցույց տալ, որ ցանկացած մեկին կարող են կալանավորել:

«Երբ ազատամարտիկին ծեծում էին փողոցում, դա նրանց համար նորմալ է: Հիմա էլ կարող են հանրապետության կեսին կալանավորել եւ կապել Նորքի «բանդայի» հետ:

Սա միտումնավոր արված քայլ է, որ միտում ունի հայաթափել երկիրը, հիասթափեցնել ժողովրդին: Ո՞վ չգիտի, որ Վլադիմիր Առաքելյանը չի կարող հանցագործ կամ բանդիտ լինել: Այս ամենը զուտ քաղաքական գործունեության հետ եմ կապում եւ ազատամարտիկներին լռեցնելու փորձ է»,- համոզմունք հայտնեց Սմբատ Հակոբյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20