ՀՀԿ-ական իշխանությունը մեծ ընտրություն չունի

- in Կեղտոտ լվացք

Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ կառավարությունն ինչ-որ հնարավորություններ տեսնում է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար դիմել է Ռուսաստանին:

Այդ հնարավորությունը նա կապել է Իրանի հետ: «Այսպես ասած` դեղին քարտ է ցույց տալիս Հայաստանը, որ ասում է, եթե չիջեցնեք, ապա կարող ենք գազ գնել Իրանից: … Պետական շահերի հարց է, եթե ՌԴ-ն ինքն էլ տեսնի, որ Հայաստանն ավելի մոտիկից ավելի էժան գազ գնելու հնարավորություն ունի՝ խնդիր չի լինի, դա հայ-ռուսական հարաբերությունների վրա ընդհանրապես չի էլ ազդի», ասել է նա:

Եթե քիչ-ինչ ձեւափոխենք հայտնի մարտաֆիլմից արտահայտությունը՝ ՀՀԿ-ի «ձվերն աճում են»: ՀՀԿ-ն Հայաստանը մտցրեց պրո-ռուսական նախագծերի ճահիճը, հիմա փորձում է ինչ որ ելքեր գտնել, որովհետեւ երկրի վիճակը հարվածում է արդեն ոչ միայն ժողովրդին, այլեւ իրենց: Վերջին շրջանում նախ վախվորած, ապա ավելի ու ավելի համարձակ հայտարարություններ են հնչում, ինչն անշուշտ կապված է թե ներքին, թե արտաքին որոշակի հանգամանքների հետ:

Հայաստանը «դեղին քարտի» հնարավորություն է ստացել պրո-ռուսական նախագծերի փլուզման, Իրանի պատժամիջոցները չեղարկելու, միջազգային նոր քաղաքականության եւ մի շարք այլ իրողությունների շնորհիվ: Պետք է ասել, որ այս ամենում Հայաստանը չկա, առայժմ մասնակից չէ:

Այս օրերին շատ է խոսվում նոր իրավիճակում Հայաստանի հնարավորությունների, տնտեսական որոշակի նախագծերի մասին: Դրանք անկասկած կան, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ է համառ եւ համարժեք աշխատանք, քանի որ ոչ ոք Հայաստանին սկուտեղի վրա նախագծեր չի ներկայացնելու: Հայաստանն ինքը պետք է հանդես գա նախաձեռնություններով, անի որոշակի քայլեր, որի հնարավորությունը ստեղծվել է միջազգային նոր քաղաքականության արդյունքում:

Այդ քայլերն անկասկած աջակցություն կունենան, այդ թվում Ռուսաստանից, քանի որ աշխարհում հաշվի են նստում այն պետությունների հետ, որոնք վարում են սեփական շահերից բխող քաղաքականություն: Հայաստանն առայժմ այդպիսի պետություն չէ, եւ որեւէ դրական փոփոխության հեռանկար չի կարող լինել, եթե չփոխվի քաղաքականությունը: Սա պրո-ի կամ հակա-ի խնդիր չէ, այլ պետական քաղաքականության:

Իհարկե, դժվար է հայկական տնտեսա-քաղաքական «էլիտաներից» սպասել նման քաղաքականություն: Սակայն աշխարհը փոխվում է, ընդ որում՝ հենց մեր շուրջ, եւ անհնար է այլեւս ոչինչ չանելը: Նոր քաղաքականությունն աշխարհում ունի մեկ առանձնահատկություն՝ այն «հասցեական» է, այսինքն՝ իր ճանապարհից հեռացնում է այն տնտեսա-քաղաքական խմբերին, որոնք իրենց անհամարժեքությամբ փակում են այդ ճանապարհը:

Այնպես որ, ՀՀԿ-ական իշխանությունը մեծ ընտրություն չունի՝ այն կամ պետք է Հայաստանը հանի այնտեղից, ուր մտցրել է, կամ նրան սպասվում է տխուր ճակատագիր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20