Հոգա քո շան մասին. Ե՞րբ որդեգրել շուն

- in Հասարակություն

Մարդկանց ամենասիրելի կենդանին միշտ շունն է եղել: Բոլոր կենդանիներից ավելի շատ են նրանք մարդու ուշադրությանն արժանանում, ուստի նրանց բոլորից շատ են որդեգրում:

Բայց այնպես է ստացվում, որ շուն ունենալը դեռ չի նշանակում, որ մարդը պատրաստ է նրա մասին անհրաժեշտ կերպ հոգ տանել: Հաճախ որդեգրված շունը հայտնվում է փողոցում, քանի որ տերերը չեն կարողանում լեզու գտնել շան հետ, կամ տանը երեխա ծնվելու դեպքում որոշում են, որ կենդանին ավելորդ է, կամ կարող է խանգարել: Լավ կլինի, որ շուն որդեգրելուց առաջ մարդիկ գիտակցեն, թե ինչ է դա նշանակում:

Փորձեմ մի քանի կետով առաջ բերել կարևորագույն հարցերը, որոնք պետք է յուրաքանչյուր մարդ իր առաջ դնի՝ շուն որդեգրելուց առաջ:

1. Ժամանակ: Շուն որդեգրելիս պիտի հաշվի առնեք, որ նրա խնամքը ժամանակ է պահանջում: Շանը պետք է դուրս տանել, կերակրել, բժշկի տանել, լողացնել, սանրել, նրա հետ խաղալ, սիրել, դաստիարակել: Եթե շուն եք որդեգրում, ուրեմն Ձեր ժամանակից նրան պետք է հատկացնեք օրական առնվազն 2 ժամ: Ունե՞ք այդքան ժամանակ՝ հիանալի է, չունե՞ք, ուրեմն չդժգոհեք, որ Ձեր շունն իր արտաքնոցային կարիքները տանն է հոգում կամ վնասում կահույքը: Նա օժտված է մարդկային բոլոր բնազդներով:

2. Գումար: Շունը փափուկ խաղալիք չէ, նա պահանջում է սնունդ, պատվաստումներ և բժշկական այլ ծառայություններ, աքսեսուարներ, որոնք հարկավոր են նրան՝ իր բնական խնդիրները լուծելու համար, հարմարավետ կենսակերպի համար անհրաժեշտ պայմաններ: Շունը ծախս է պահանջում: Պետք է գիտակցեք, արդյո՞ք Ձեր ամսական եկամտից կարող եք հատկացնել միջինում 10000 դրամ, որպեսզի Ձեր շան համար ապահովեք կենսական անհրաժեշտության նվազագույն պայմաններ: Շունը փոքր երեխա է, որը միշտ փոքր է մնում:

3. Հոգատարություն: Շունը կենդանի է՝ կազմված բջիջներով, ինչպես մարդը, նյարդային համակարգով, ցավի, մրսելու, շոգելու, հոգնելու, սով ու ծարավ զգալու բնազդներով, սեր ու կապվածություն, ատելություն ու

հարգանք զգալու ունակություններով: Շունն ապրում է մարդկային այն բոլոր զգացմունքներն ու զգացողությունները, որոնք հատուկ են կենդանի բոլոր շնչող-բազմացող օրգանիզմներին: Ուրեմն շուն որդեգրելուց առաջ վստահ եղեք, որ Դուք կարող եք ու ցանկանում եք անհրաժեշտ սեր, հոգատար վերաբերմունք ու հարգանք ցուցաբերել Ձեր կենդանւո նկատմամբ: Շանը որդեգրելով Դուք նրան ակամայից խոստանում եք հավատարիմ ընտանեկան հարաբերություններ: Բայց դեպքեր են լինում, երբ տերերը հրաժարվում են շնից, նրան նվիրում մեկ ուրիշին կամ դուրս անում տնից, որովհետև երեխա է ծնվել: Մի՞թե նույնը կարող եք Ձեր երեխայի հետ անել: Վստահ եմ, որ յուրաքանչյուր արժանապատիվ ծնող նման կերպ չի վարվի: Հավատացեք, երբ Դուք շուն եք որդեգրում, նա վստահ է, որ Դուք նրան ընդունում եք, որպես Ձեր երեխա: Եթե չեք կարողանալու նրան Ձեր ընտանիքում տեղ տալ իր ողջ կյանքի ընթացքում, ապա մի ստանձնեք պարտավորություն ու նրան մի զրկեք հնարավոր առավել բարեկեցիկ կյանքից:

4. Ապրելու և առողջ լինելու իրավունք: Շատերը շներին ձեռք են բերում բազմացնելու և ձագերին վաճառելու նպատակով, հաշվի չառնելով, որ կենդանին ունի ծերացող, սպառվող օրգանիզմ ու այն ինկուբատոր չէ: Տարին երկու անգամ ծննդաբերող էգը կարճ ժամանակահատվածում սպառում է իր կենսունակությունը և հյուծվում: Անըդնմեջ ծննդաբերությունները կենդանուն հասցնում են վաղաժամ ծերության, հիվանդությունների և մահվան: Ավելի հրեշավոր է, երբ շանը կռվացնում են: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է շունը կռվում իր ցեղակցի դեմ. նա դրսևորում է իր սերը տիրոջ նկատմամբ, նույնիսկ գիտակցելով, որ կարող է դա լինել իր կյանքի վերջին գործը:

Ասում են, որ շներն իրենց տերերին սիրում են տասն անգամ ավելի, քան տերերը շներին: Եթե դա այդպես է, ապա շների սերն ու հավատարմությունը մարդկությանն արված մեծագույն նվերն է բնության կողմից: Սիրեք շներին, նրանք արժանի են մեր ուշադրությանը:

Կարինե ՓԱՆՈՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20