Հոգա քո շան մասին. Որդեգրելուց առաջ

- in Հասարակություն

Մինչ շուն որդեգրելը կարևոր է հասկանալ, թե նա ինչպես է ապրում ու կառուցում իր կենցաղը:

Ինչպես մարդը, այնպես էլ ցանկացած կենդանի օրվա ընթացքում կատարում է մի շարք գործողություններ՝ քնել, արթնանալ, սնվել, խաղալ, հոգալ բնական կարիքները: Շան հարմարավետ կյանքից է կախված, թե որքանով կկարողանաք նրա հետ լեզու գտնել ու ապրել նույն տան մեջ ներդաշնակորեն:

Եթե Ձեր շունն ապրելու է բակում, ապա նա պետք է ունենա իր կացարանը: Եղանակային փոփոխությունները՝ անձրև, արև, ձյուն, քամի, ցուրտ, շոգ չպետք է խաթարեն նրա առողջական ու հոգեբանական վիճակը: Ընտրեք բակում հարմար վայր, տեղադրեք նրա համար որևէ հարմար բույն, դրանում ներքնակ, որ կենդանին անմիջապես հողի կամ քարե սալահատակի վրա պառկած չլինի: Տանը բնակվող շունը նույնպես կարիք ունի իր համար անհրաժեշտ մշտական անկյան՝ փափուկ ներքնակ, որպեսզի Ձեր բազմոցին կամ մահճակալին բարձրանալու կարիք չունենա, և այդ ներքնակը լինի մի տեղում, որ շունն իր տեղը ճանաչի ուղիղ և փոխաբերական առումով:

Անհրաժեշտ պարագաների ցանկին են պատկանում նաև վզկապը, ջրամանն ու կերամանը, խաղալիք կամ խաղալիքներ, սանր, շամպուն, սրբիչ և իհարկե՝ սնունդ: Այս և այլ պարագաների անհրաժեշտության ու դրանց կիրառման մասին կպատմեմ հերթական հոդվածներում:

Անհարմար պայմաններում ապրող շունը չի կարող երջանիկ լինել, ու դրանով նա Ձեզ համար կստեղծի ոչ հարմարավետ միջավայր: Հոգացե՛ք Ձեր շան մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20