Հունվարի 20-ից հետո գրիպի բարդացումների անվճար ստացիոնար բուժման կարգն այլևս չի գործում

- in Առողջություն

ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունվարի 13-ի թիվ 44-Ա հրամանով՝ սեզոնային գրիպի դեպքերի թվաքանակի ավելացման ժամանակահատվածում բնակչության բոլոր խմբերի համար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև դիմելիությունը բարձրացնելու նպատակով սահմանվել է, որ 2016 թվականի հունվարի 1–ից մինչև հունվարի 20–ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հունվարի 1–ից մինչև հունվարի 20–ն ընկած ժամանակահատվածում գրիպի բարդություններով ստացիոնար բուժօգնության է դիմել շուրջ 2500 քաղաքացի, որոնց անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ցուցաբերվել է պետական պատվերի շրջանակներում: Նրանցից ավելի քան 800-ի բուժօգնությունը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարի նշված հրամանի հիման վրա:

Տոնական օրերին հաջորդող աշխատանքային օրերին ողջ ծավալով վերսկսել է աշխատել ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը: Արդյունքում, չբարդացած ախտորոշմամբ, հիվանդության նախնական փուլում գտնվող քաղաքացիները բժշկական օգնություն և դեղեր ստացել են առաջնային օղակում:

Նկատի ունենալով, որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում, ներկայումս անվճար բուժօգնություն կարող են ստանալ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիները, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնություն պահանջող` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N65-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և վիճակների ցանկերում ընդգրկված ախտորոշումներով անձինք:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ, համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման` անհրաժեշտության դեպքում, ելնելով սոցիալական և բժշկական ցուցումներից, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև պետական պատվեր իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունները իրավասու են իրենց լիազորությունների սահմաններում (պետական պատվերի համապատասխան ծրագրերի պայմանագրային գումարների 5-ական տոկոսների շրջանակներում) սոցիալական խմբերում չընդգրկված քաղաքացիներին աջակցել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների ու դրա բարդությունների ժամանակ պետական պատվերի շրջանակում բուժօգնությունն իրականացնելու հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20