Մանուկ Մկրտչյան. «Դասերը կլրացվեն, որևէ խնդիր չկա»

Դպրոցական ձմեռային արձակուրդները ևս մեկ շաբաթ կավելանան: Թե ինչպես դա կանդրադառնա դասապրոցեսի վրա՝ պարզաբանում է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

– Մենք կանխատեսել էինք, որ հնարավոր է նաև այդպիսի բան, այս պատճառով նախօրոք քննարկել էինք: Առաջին և երկրորդ դասարանցիների առումով խնդիր չունենք, նրանց արձակուրդն այսպես թե այնպես մինչև հունվարի 28-ն էր:

Ունենք դպրոցներ, որոնք հինգօրյա շաբաթական ծրագրով են աշխատում, և կան վեցօրյա գրաֆիկով աշխատող դպրոցներ: Հինգօրյա գրաֆիկով գործող դպրոցների հետ խնդիր չունենք, փոխարենը  դառնում ենք վեցօրյա, կաշխատեն շաբաթ օրը ևս: Վեցօրյա աշխատող դպրոցների երկու տեսակ  կա. հիմնական դպրոցներում խնդիր չկա, որովհետև օրվա մեջ լրացուցիչ ժամ ենք ավելացնում, դա նորմերի տեսակետից տեղավորվում է օրվա թույլատրելի ռեժիմի մեջ: Խնդիր կա ավագ դպրոցների համար, բայց նրանց մեծ մասը հնգօրյա է, այսինքն՝ ավագ թևի ոչ միայն առանձնացված ավագ դպրոցների համար ունենք հետևյալ հնարավորությունը. որոշ տեղերում դարձնում ենք վեցօրյա,՝օգտագործելով շաբաթ օրը:

Առայժմ մեկ շաբաթն էլ չի խանգարում և  տեղավորվում ենք: Տարվա ուսումնական ծրագիրը լիարժեք իրականացնելու հնարավորություն դա տալիս է: Եթե բարդություններ լինեն որոշ առանձին դեպքերում, մենք ունենք գարնանային արձակուրդների մեծ հնարավորություն, որ կարող ենք  օգտագործել: Ամբողջ արձակուրդներն օգտագործելու կարիք չի լ ինի, բայց հնարավոր կլինի 1-2 օր կրճատել` արտակարգ դեպքերում: Այսինքն՝ առջևում դեռ հնարավորություն կա նաև գարնանային արձակուրդների հնարավորությունը, խոսքը վերաբերում է ավագ թևի աշակերտներին:

– Վտանգ կա՞, որ դասերը սկսելու դեպքում վարակի աճ կլինի:

Վտանգի հարցը չէ, իրական հիմքեր կան, որովհետև մի քիչ ավելի թույլ են իմունիտետի տեսակետից ցածր տարիքի երեխաները, դրա համար երբեմն մեծահասակների մոտ վարակը տարածվում է՝ սկսած երեխաներից, սա վտանգավոր տարբերակ է: Կա նաև շատ խիստ հոգեբանական պահ, այսինքն՝ ծնողները տագնապի մեջ են, վախենում են: Վտանգ կա, որ մենք չերկարացնենք, բայց ծնողը երեխային չուղարկի դպրոց, որովհետև ծնողը հիմք ունի վախենալու: Եվ հաշվի առնելով հոգեբանական պահը և ծնողների խնդրանքը, ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությունը և մեր հնարավորությունները՝ գտանք, որ գուցե ավելի լավ է, որ մեկ շաբաթ ևս արձակուրդը երկարացվի:

– Ամեն դեպքում, քաղաքապետարանը կազմակերպում է մասսայական միջոցառումներ: Որքանո՞վ է համարժեք դասերի հետաձգումը և հին տոմարով Նոր տարու մասսայական նշումը Հանրապետության հրապարակում:

– Ես , ճիշտն ասած, մտածում եմ, որ այդ մեկ օրը, մեկ ժամը այդքան վտանգավոր չէ: Դրա նույնիսկ հավանականությունն է շատ փոքր: Այդ վարակն այնպես չէ, որ միանգամից առիթ եղավ, մարդը վարակվեց: Վարակը  շարունակաբար այդ իրադրության մեջ լինելու դեպքում է լինում: Այդ այդ մասսայական միջոցառումներից կարելի է չվախենալ: Բայց մասսայական միջոցառումներն ուրիշ հնարավորություններ են տալիս, կամավոր է. տնօրենը, ուսուցիչը, երեխան կարող է գնալ և՝ ոչ: Իսկ դպրոցների դեպքում պարտադիր է, եթե մենք դաս ենք անում, երեխան պարտադիր պիտի գա դասի: Եվ եթե այնպես լինի, որ դասարանի կեսը գա, մյուս կեսը՝ ոչ, ապա նշանակում է, որ այսպես թե այնպես, մենք տապալում ենք ուսումնական գործընթացը:

Զրուցեց` Մարիամ Միրզոյանը

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20