Մոռացված հայկական սպանության անատոմիան

- in Հրապարակ
Gini

43 տարի առաջ՝ 1973 թվականի հունվարի 27-ին, երկու թուրք դիվանագետներ սպանվեցին Սանտա Բարբարայի՝ ծագումով հայ տարեց բնակիչ Գուրգեն Յանիկյանի կողմից Biltmore Hotel-ի քոթեջում։

Ներկայումս քչերն են հիշում այդ մասին, իսկ հիշողները հավանաբար չգիտեն, որ այդ՝ տեղային բնույթ կրող հանցագործությունը 20-րդ դարի ամենանշանակալից սպանություններից մեկն է։ Այն ազդարարեց թուրքական թիրախների նկատմամբ ահաբեկչական հարձակումների ալիքի սկիզբը, որը տևեց մոտ 20 տարի և դարձավ առնվազն 90 մարդու և հարյուրավորների վիրավորման պատճառ աշխարհով մեկ, ներառյալ ԱՄՆ-ում։ Այս մասին Hurriyet Daily News-ում գրում է Հալուք Շահինը, որի գիրքը 1973 թվականին Սանտա Բարբարայում տեղի ունեցած սպանությունների վերաբերալ կհրատարակվի Ստամբուլում հաջորդ ամիս։

Պարոն Յանիկյանը նամակում, որն ուղարկվել է մի շարք պարբերականների, այդ թվում՝ Santa Barbara News-Press-ին, սպանությունից կարճ ժամանակ առաջ, հենց նման ելքի կոչ էր արել։ Նա կոչ էր արել «հայ անհատներին» ամենուր պատերազմ սկսել թուրք դիվանագետների ու պաշտոնյաների դեմ։

Սպանված երկու դիվանագետներից մեկը՝ Բահադիր Դեմիրը, հոդվածագիր Հալուք Շահինի ընկերն է եղել։ Սպանված դիվանագետն այդ ժամանակ եղել է 30 տարեկան և իր առաջին դիվանագիտական հանձնարարությամբ եղել է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսությանը որպես հյուպատոսի տեղակալ։

Բահադիրի և նրա պետի՝ գլխավոր հյուպատոս Մեհմեթ Բայդարի սպանությունը մեծ ցնցում էր թուրք ժողովրդի համար։ Շատերը չկարողացան հասկանալ, թե ինչպես է նման բան տեղի ունենում 1973 թվականին։ Ինչո՞ւ է 77 տարեկան մարդը սպանում երիտասարդի՝ իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա ծննդից շատ տարիներ առաջ։

Սպանությունների ժամանակ՝ 1923-ին, Աթաթուրքի կողմից նախկին Օսմանյան կայսրության մնացորդներից Թուրքիայի ժամանակակից հանրապետության հիմնադրումից 50 տարի անց, Թուրքիայում հայերի հանդեպ կար փոքր թշնամություն կամ ատելություն կամ չկար։ Նոր հանրապետությունը մերժում էր օսմանների շատ ինստիտուտներ և ոխակալություններ և ցանկանում սկսել ամեն բան նորից՝ առանց անցյալի բեռների ու ատելության։

Biltmore-ում տեղի ունեցած կրկնակի սպանությունը և դրան հաջորդած արշավը փոխեցին ամեն բան։ Վաղուց մոռացված թշնամանքն ու վախերը վերակենդանացան։ Երկու կողմերի միջև հաշտության հույսերը հետ շպրտվեցին առնվազն մի քանի տասնամյակով, քանի որ ատելության մշուշ իջավ։

«Երբ 43 տարի առաջ իմացա իմ ընկերոջ սպանության մասին, չէի պատկերացնի, որ նրան սպանած փամփուշտը կշարունակի իր մահացու ուղևորությունը մինչև 34 տարի անց Ստամբուլում մեկ այլ ընկերոջս դիպչելը. իմ պոլսահայ գործընկեր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին՝ թուրք ազգայնական ծայրահեղականների կողմից»,- գրում է Շահինը։

Յանիկյանի գործը քննվեց Սանտա Բարբարայի շրջանային դատարանում 1973 թվականի հունիս-հուլիսին և իր վրա սևեռեց ազգային ու միջազգային մեծ ուշադրություն։ Յանիկյանն ամիսներ շարունակ պատրաստվել էր սպանությանը։ Նա դիվանագետներին քոթեջ էր բերել խաբեությամբ՝ գայթակղելով նրանց թուրքական կառավարությանը պատկանող նկարի ու թղթադրամի փոխանցման խոստումով։ Մանիֆեստում նա գրել էր, որ իր նպատակն է ուշադրություն հրավիրելը հայերի սպանությունների վրա։

Յանիկյանի խոսքով՝ բռնությունն իր միակ հանգիստն է։ Քանի որ Լոս Անջելեսի երկու թուրք հյուրերը թուրքական կառավարության ներկայացուցիչներ էին, նրանք Յանիկյանի համար մարդ արարած չէին, այլ «չարի խորհրդանիշ», ում նա իրավունք ուներ ոչնչացնելու։

Տասնամյակներ անց որպես Յանիկյանի բռնի գործողությունների հետևանք Հրանտին սպանողները նրան նույնպես տեսան որպես դավաճանության խորհրդանիշ, քան որպես խաղաղության համար պայքարող պարկեշտ ու խիզախ մարդ։

Յանիկյանը դատապարտվեց ցմահ բանտարկության և 11 տարի անցկացրեց բանտում՝ գրեթե սրբացված հայ համայնքի որոշ անդամերի կողմից որպես հերոս։ Նա 1984 թվականին Կալիֆոռնաիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի միջնորդությամբ ազատ արձակվեց վատառողջության պատճառով և կարճ ժամանակ անց կյանքից հեռացավ որպես հպարտ և կայացած մարդ։

Սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից վերջերս թողարկած փաստաթղթերն այլ պատմություն են ներկայացնում։ Գուրգեն Յանիկյանն այն մարդը չէր, որը ձևացնում էր՝ մշակույթի ոլորտի հաջողակ մարդ։ Իրականում նա Սանտա Բարբարայում դատված է եղել մանկապղծության համար, բանկային հաշվի վրա ունեցել ընդամենը 12 դոլար և մի քանի տարի ապրել նպաստով։

Այդ ամենի ամենավառ հայտնությունն այն փաստն է, որ նրա անձնական պատմության մեծ մասը կասկածելի բնույթ է կրում, եթե կեղծված չէ ուղիղ կերպով։ Ինֆորմատորները պատմել են FBI-ի գործակալներին, որ նա մեկուսացվել է տեղի հայ համայնքի կողմից որպես անվստահելի կերպար։ Նրանք ապշել են նրա իրականացրած գործողությունից, քանի որ նա հետաքրքրություն չի դրսևորել ամերիկահայերի գործերի կամ պատմական ողբերգությունների նկատմամբ, որոնք պատահել են Օսմանյան կայսրության հայերի հետ։

«Իրականում, Սանտա Բարբարայում շատ մարդիկ պատմել են FBI-ի գործակալներին, որ գիտեն նրան որպես անհանգիստ և սնամոլ մարդու, ով իր համար տեղ էր փնտրում ոչ միայն հասարակությունում, այլև պատմության մեջ։ Նա վերջին րոպեին փառք որոնող ինքնակոչ մարդ էր։

Եթե իմ ընկերների՝ Բահադիրի և Հրանտի ողբերգականորեն ընդհատված կյանքերն ինչ-որ բան նշանակում են, մենք չպետք է թույլ տանք մեզ կուրանալ և սխալ ուղղորդվել ատելության մշուշով։ Մենք պետք է քաջություն ունենանք կանգնելու ընդդեմ նրանց, ովքեր շարունակում են ատելություն ու տարաձայնություններ սերմանել մեր միջև իրենց սեփական շահի համար»,- եզրափակում է Շահինը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20