Նազիկ Հակոբյան. «Որտե՞ղ մեռնեմ»

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ. Ժամանակակից պատմվածք

– Ձեր մեքենայում ծխու՞մ են:

Հայելու միջից անգույն աչքերը ուղիղ երեսիս նայեցին:

– Սիրունիկ ես, մի՛ ծխի:

Արդեն գլանակ էի վառում ու ձեռքերս դողում էին: Մտովի կոպիտ պատասխանեցի վարորդի ասածին: Բայց հավես չունեի խոսելու: Ծանոթ մայթերին թանձր մութ էր: Մեքենայի լուսարձակները ճեղքում էին խավարն, ու քթիցս վեր բարձրացող ծխի, աչքերիցս վար իջնող խոնավության միջից արդեն տեսնում էի մեր տան ծանոթ ուրվագիծը: Գլանակի մնացորդը պատուհանից դուրս նետեցի, հետո տակնուվրա արեցի պայուսակս: Դրամապանակն էի փնտրում, բայց ձեռքերս մոլորվել էին` մոռանալով մտքիս թելադրածը: Վերջապես դուրս քաշեցի դրամապանակը:

Հենց ոտք դրեցի անձրևից հետո թաց մայթին, հասկացա, որ ծնկներիս մեջ ուժ չեմ գտնում: Տաքսին մեխվել էր տեղում: Ինձ հետևում էին վարորդի հետաքրքրասեր աչքերը, թիկունքով զգում էի նրա ուշադրությունը: Հպարտ ձգված առաջ քայլեցի: Թեթև ճամպրուկս ցնցվեց օդում: Կրունկներս աղմկում էին գիշերվա լռության մեջ: Այն պահին, երբ համարձակություն գտա ու նայեցի մեր պատուհանին, մեքենան պոկվեց տեղից:

Քույրս՝ ինձնից ցածրահասակ, բայց ավելի սիրուն… Դռան շրջանակի մեջ գունատ տեսիլքի նմանվող փոքրամարմին ու հարազատ քույրս… Ինձ խլեց մութ միջանցքից, քաշեց, սեղմեց իր տաք, դողացող կրծքին: Հենց փակեցի աչքերս, որ նրա մազերի ծանոթ բույրը կուլ տամ, ներսից դեղորայքի ծանր հոտը ապտակի նման դաղեց երեսս: Երերացի, ցած սահեցի նրա թևերից:

Առավոտյան ինձ գտա բազմոցին` կիսաքուն, կիսաուշաթափ վիճակում, բայց ամեն ինչ արդեն վերջացել էր: Մահվան ծանր հոտը կախվել էր առաստաղի տակ: Աշնան ճանճերը լցվել էին ներս: Աչքերս փնտրում, չէին գտնում հին դաշնամուրը:

Հիմա նստել եմ լուսամուտի տակ դրված աթոռին, որը մարմնիս ծանրությունից ետ է թեքվում ու ճռճռում ճիշտ այնպես, ինչպես վեց տարի առաջ: Քույրս ինձ մեկնեց գավաթը: Բռնակը գոլ էր, տաք գոլորշի էր բարձրանում կաթից: Մեկ ժամ առաջ քայլել էի տան մեջ, նստել մորս անշունչ մարմնի կողքին, հետո քրքրել նրա դարակներն ու միայն ճաքած հայելու առաջ կանգնած դիտելով ամբողջ հասակս` հեկեկալով լացել էի` ներսից դատարկելով դառնությունը: Հիմա նստել եմ աթոռին, ճոճվելու նման վայելում եմ ծանոթ չորությունն ու կաթ խմում: Քույր դուրս գնաց խոհանոցից, նոր եկած բարեկամ-հարազատների մլավոց հիշեցնող վայնասունը տհաճ սեղմեց ամբողջ մարմինս: Փակ աչքերով շտապեցի դեպի ազատություն:

Երբ պայուսակը ուսիս գցած ետ շրջվեցի զարմացած քրոջս կողմը, կոկորդս լրիվ ազատվել էր քարից: Կիսաժպիտս զսպեցի.

– Կներես, գնում եմ… կգամ մինչև երեկո:

Երկու օր առաջ էի այս հասցեն գտել էլեկտրոնային կայքերից մեկում: Չգիտես ինչու, անմիջապես կարոտի հասնող ցանկություն ունեցա գորշ պատերը տեսնելու: Ամեն բան իմ ուզածն էր: Երբ տանտերը ցցվեց դռան շրջանակի մեջ, ես արդեն նկատել էի բակի հակառակ կողմում ծուռ կանգնած սերկևիլի ծառն ու գոհ էի իմ տեսածից: Այդպես հևացող մարդն է աստիճանները բարձրանալուց հետո թեք հենվում պատին: Կգրկեի ծառն, ու անուշ բույրը կազատեր ուղեղս այս ճնշումից:

Տան հոտը դուր եկավ ինձ: Ծանոթ էր, թե ինչ, բայց իմն էր:

Պատին հասարակ շրջանակի մեջ հրաշալի գծանկար էր: Տանտիրոջ փոքր հասակն ու ծռմռվող շարժուձևը չտեսնելու ամենահարմար պատրվակը գտա: Նկարին մոտենալիս լսեցի նրա դժգոհ քրթմնջոցը: Ներսից ինքնավստահություն, անկարևորը կարևորով մի կողմ հրելու վճռականություն բարձրացավ: Մատներս շատ գունատ էին վառ վարդագույն պաստառի վրա:

Նկար՝ սև մատիտը խիտ ստվերել է ցածրիկ տան տանիքը, վրան` կռացած ծառի ճյուղերը: Մայթին, մաշված ցանկապատի տակ կանգնած երեխայի կիսատաբատի տակից չաղլիկ սրունքներ էին երևում, աջը՝ քերծված: Դեմքին սպասողական տագնապ էր, անհանգստությունից կծկված կճատ քթիկ ու վախով սեղմված շուրթեր: Պատի ետևից բադի պոչ էր ցցվել: Օրը թեքվել էր`սպասելով երեկոյին: Դեռ նախորդ գարնանը կայծակն այրել էր ընկուզենու դեպի լեռը թեքվող ճյուղերը: Չայրված, կիսադեղնած ճյուղերին գինդերի նման կախվել ու ճոճվում են ճմռթված կեղևով ընկույզները: Եթե մատիտը չզլանար ու շարժեր տղայի թմբլիկ ձեռքը` հեռվից եկող մորը ողջունելու համար, դեմքը ժպիտից կփայլեր: Պատի ետևից անհանգիստ կռկռոց կլսվեր, չաղլիկ, յուղոտ պոչի տակ կհավաքվեին գլորվող բադիկները:

Կարոտեցի մորս այնքան, որ գորգի վրա ետ ու առաջ քայլող տանտերը քիթը վեր ցցեց, հոտոտեց իրեն սպառնացող վտանգը: Միջանցքի մութ պատին փայլեց նրա թևին կապված ժամացույցի արծաթյա շղթան: Մտովի ինձ գրկել ու ճոճում էի մորս թևերով. «Ես գալու եմ, մա՛մ…»:

– Չե՞ք ուզում տունը նայել:

Շրջվեցի այն պահին, երբ նա իմ հասակն էր տնտղում: Շփոթված կարմրեց, հետո ծուռ ժպտաց:

– Ես նկարն եմ ուզում գնել:

Նրա՝ զարմանքից կախված ծնոտի տեսքից ծիծաղս եկավ:

– Նկա՞րը:

– Այո, եթե, իհարկե, տունը հետը վաճառեք:

Աչքերի մեջ պարզ կարդացի, որ աննորմալի տպավորություն եմ թողնում:

Կյանքում առաջին անգամ էի անշարժ գույք գնում: Դուր եկավ տրամադրությունս: Ուշ ժամ էր արդեն, գործարքի մի մասը կատարած` վերադառնում էի հայրական տունս: Ճերմակ սավանները կախված էին բոլոր ապականերից: Հյուրասենյակի կենտրոնում նստած քրոջս տեսքը սուր ծակոցի նման մեխեց ինձ տեղում:

– Սա՛թ, շնորհավորի ինձ, ես տուն եմ գնել:

– Ե՞րբ հասցրեցիր:

Զննեցի նրա կարմրած, ուռած կոպերն ու պատկերացրի իմ երկար, ներկած թարթիչները: Մենք շատ տարբեր ենք:

– Տունը գրեթե իմն է, գործարքի կեսն արդեն կատարված է:

– Իսկ ինչո՞ւ ես այդքան շտապում, չէի՞ր կարող դա երեք օր հետո անել:

– Չէ,- ես ժպտալով փլվեցի բազմոցին ու հազիվ կուլ տվեցի բերանիցս դուրս թռչող բառերը` բա մայրիկը որտե՞ղ է:

– Դու չես փոխվել, Մո՛ն: Միայն քո մասին ես մտածում:

Մինչ քույրս բարձրանում էր տեղից, ես փորձեցի հասկանալ` ձայնի մեջ հնչող ցավը վիրավորանքի՞ց էր, թե՞ ափսոսանքից:

– Չէ,- բռնեցի նրա բարակ թևը,-այս անգամ, իմ մասին չէ, որ մտածում եմ:

Ցնցուղի տակ կանգնել ու թևերիցս լվանում եմ սերկևիլի ճյուղերի աշնանահամ բույրը: Ուզում էի` ծառը ճանկռեր ինձ, հետք թողներ մաշկիս, իմը դառնար ծառի էությունը: Հենց հասկացա, որ երեսիցս վար իջնող ջուրը քողարկում է լացս, սնկրտալով հեկեկացի:

Շորս այս պահին անվայել կարճ է, բայց ուրիշ սև հագուստ չունեմ:

Սաթենիկը թևիցս քաշեց, տարավ խոհանոց.

– Լսի՛ր, դու ընդհանրապես մտածո՞ւմ ես…

Երկուսով միաժամանակ զննեցինք իմ երկար ոտքերը:

– Ուրիշը չունեմ, Սա՛թ:

– Տուն գնել կարող էիր, հարմար, պատշաճ հագուստ՝ ո՞չ:

– Վերջ տու՛ր,- թևս դուրս քաշեցի նրա մատներից:

Հյուրասենյակի կենտրոնում սեղանին պառկած մորս կոշիկները` սրածայր, մուգ բալագույն լաքից, պլպլում էին հսկա ջահի լույսերի տակ: Անգիտակցաբար ձեռքս տարա դռան շրջանակին: Ի՞նչ էին հիշեցնում ինձ այդ կոշիկները: Զգացի, թե ոնց եմ փալասի նման կախվել սեփական թևիցս ու սահում եմ հատակին:

Մինչ փակում էի կոպերս, տեսա իմ փոքր ոտքերը դպրոցի աստիճանների վրա` բալագույն, փայլուն կոշիկների մեջ սեղմված: Աջը ցավեցնում էր, բայց ես գոհ էի: Մորս ափը քրտնած էր, մատներս դուրս քաշել էի ուզում, վախենում էի` նեղանար: Հետո անցյալի խորքից իմ փոքր ձայնը ծղրտաց. «Պոչիկս քանդվել է…»: Մայրս երկու ձեռքով սկսեց ուղղել մազերիս կապված ժապավենը: Երեսիս խոնարհված կրծքից կաթի հոտ էր գալիս:

Հետո ես մեծ եմ, բարձրահասակ, սիրուն օրիորդ: Նստած եմ բազմոցին, ու մայրս երեսիս խոնարհված ճչում է. «Հիմարություն չանե՛ս, եթե չամուսնանաս նրա հետ, իմացի, էլ իմ աղջիկը չե՛ս: Անտեր շուն ես դառնալու, ես քեզ ոչինչ չեմ կարող տալ: Քեզ սիրում է այդ մարդը, հասկացի…Թագուհի ես դառնալու»:

Ուշաթափության մշուշից զգում եմ` ուժեղ ձեռքերը քաշքշում են մարմինս, դա ինձ մի ուրիշ, ավելի ցավեցնող, ավելի սարսափելի դող է հիշեցնում: Զգացի, որ կուչ եմ եկել մահճակալին ու դողում եմ` երեսս ափերիս մեջ պահած: Սաթենիկը ծածկոցը գցեց վրաս: Արդեն միտքս սթափ է, լաց եմ լինում անձայն, բայց ավելի շատ ինքս ինձ վրա:

Այս անգամ էլ նա ստիպեց, որ ես բոլորի աչքի առաջ անեմ իրենց ուզածը` այն, ինչ սպասում են ինձնից: Թափորի առջևից քայլելն ու ծանր ոտնաձայնով ցավիդ մասին բոլորին զեկուցելը ծանր օղակի նման քաշում էր պարանոցս: Սայլին լծված եզի նման փնչացնում ու հևում էի, աշնան արևից նվաղելով՝ խեղդվում: Գերեզմանատանը քամի կար: Վայնասունը հատուկ ավելի բարձր էր հնչում քարերի վրա թափառող ստվերների համար: «Գոնե հանգուցյալներին իրենց ուրվականների հետ հանգիստ թողեք կե՛ղծ, շինծո՛ւ, ցուցադրական արդարապաշտ մարդիկ, սգավորնե՛ր»: Ծառ փնտրեցի աչքերով: Եղևնի հիշեցնող ծուռտիկ մի բան կար ինձնից երկու մետր հեռու… Անհոտ, կե՛ղծ… Զզվում եմ ուրիշների ձեռքով դասավորված ամեն ինչից: Երբ մի բուռ հող էի բռիս մեջ հավաքել ու լցնում էի փայլուն դագաղի վրա, սրտխառնոցից բերանս ուռչում էր: Այդպես էլ բոլորի աչքի առաջ լաց չեղա: Ետ էի դառնում դեպի մեքենաներից առաջին պատահածը, ափսոսում էի ինձ, իմ կորցրած մաքրությունն ու Սերը:
Պատին հենված, լուռ դիտում եմ քրոջս ձեռքերի մեջ ճմռթվող թղթադրամները:

– Դու հարուստ ես ու քեզ կարողանում ես թույլ տալ ամեն բան քո ձեռքով անել, Մո՛ն: Բայց ես ավելի լավ աղջիկ էի մորս համար:

– Իհարկե: Բայց կարծեմ զոհաբերվողը ես էի, որովհետև այդ… այդ…,-չկարողացա ամուսնուս անունն արտասանել,-նա ի՛նձ հավանեց մեր երկուսից: Գիտե՞ս, թե ինչու: Դու ավելի գեղեցիկ ես, բայց ես բարձրահասակ եմ ու շքեղ մարմին ունեմ: Ոտքերի՛ս նայի: Նա ուղղակի լիզում էր դրանք: Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ եմ ապրել ես վեց տարի շարունակ: Դուք համոզեցիք ինձ, ստիպեցիք… Ես սիրել էի ուզում:

– Մո՛ն, վե՛րջ տուր:

– Ես հարուստ եմ, շատ հարուստ, բայց ներսից դատարկ անոթի նման զնգում եմ: Դու դա չե՛ս հասկանա: Դու քո Կարենի հետ երեք տարի է, սպասում եք մորդ մահվանը, որ կարողանաք ամուսնանալ: Դու նրա հետ հաճույքից շնչահեղձ լինելով համբուրվում ես ու ապրում: Իսկ ես ամենավերջին պոռնիկի նման կեղտոտ եմ ինձ զգում` ժամերով, օրերով բռնաբարված: Շուրթերս քարի նման են՝ անզգա, անհաղորդ: Սա արժե՞ր այդքան թանկ գնով վաճառել:

– Մո՛ն, վե՛րջ տուր:

– Լավ, էլ չեմ պատմի… Գնա՛, թո՛ղ քնեմ:

Սաթենիկը հեկեկալով դուրս գնաց սենյակից, իսկ ես կուչ եկա սառը սավանի վրա, թեքվեցի դեպի պատը:

– Սա՛թ…

Նրա գունատ դեմքը ներս նայեց:

– Մոռացա ասել, ես հիմա այրի եմ:

– Ի՞նչ:

– Նա երեք շաբաթ առաջ մահացավ ավտովթարից: Հենց այն օրը, երբ դու զանգեցիր ու ասացիր, որ ձեզ նորից գումար է հարկավոր մայրիկի բուժման համար:

– Մոնա՛…

– Բան չասե՛ս, գնա, պետք չի… Ես ցավակցություններ այսօր շատ եմ լսել:

Փոքրիկ աղջկա նման մատով քաշեցի պաստառի նախշերը` քթիս տակ գոհ ժպտալով: Տուն եմ ուզում, ի՛մ տունը:

Անձրևից հետո ծառն այնքան անուշ էր բուրում: Տան պատին հենված` նայում էի, հոտոտում ու չէի կշտանում: Տանտերն ասաց, որ մի քանի օր հետո սերկևիլը հասած կլինի: Բոլորի կյանքում մրգի տեսակ կա, որ ծնողներին է հիշեցնում: Ես հորս եմ կարոտել:

Այսօր օրացույցի վրա նոր գույնով նոր թվարկության, նոր կյանքի սկիզբ եմ նշելու: Այսպես եմ որոշել՝ վաղն ամբողջ օրը կահավորելու եմ տունը, չնայած նախորդ տիրոջ ճաշակը լավն էր ու իմին շատ նման: Կահույքն ու հատկապես գրքերը սիրեցի հենց առաջին պահից: Հաջորդ օրը գնալու եմ գնումների: Տան ամենագեղեցիկ սենյակը մանկական ննջարան է դառնալու, որտեղ իմ երեխան ինձ սիրելո՛ւ է:

Հիմա նստել եմ բազմոցին, քաղցր կաթ եմ խմում, մի ձեռքով գրկել, փայփայում եմ տաք փորիկս:

Նկարի տեղը չեմ փոխի: Հրաշալի գծանկար է: Թույլ է տալիս պատկերացնել պատի ետևում թաքնված, գլորվող բադիկներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20