Նախիջևանի ԱԱՆ ղեկավարը անհետ կորել է

Նախիջեւանում անհետ կորել է ինքնավար հանրապետության ազգային անվտանգության նախկին նախարար Վելի Ալեսքերովը: Ինքնավարության գլխավոր չեկիստը կորել է անցյալ տարեվերջին Ադրբեջանի ԱԱՆ-ում հանցավոր խմբավորման բացահայտումից անմիջապես հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ գեներալ-լեյտենանտի գտնվելու վայրի մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն լուրեր կան, որ Ալեսքերովն իր եղբոր եւ հոր հետ ձերբակալված է:

Բացի այդ, Նախիջեւանում հաշված օրերի ընթացքում հողին են հավասարեցվել Վելի Ալեսքերովին պատկանող երեք խոշոր առեւտրային կենտրոնները:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաեւ Նախիջեւանի հատուկ համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաեւի եղբոր` Նեյմաթ Մուստաֆաեւի ձերբակալության մասին, ինչի պատճառը դեռեւս հայտնի չէ, սակայն, համաձայն շրջանառվող լուրերի, նա սերտ կապերի մեջ է եղել ՆԻՀ ԱԱՆ նախկին ղեկավարի հետ:

Հունվարի 19-ին ՆԻՀ խորհրդարանի ղեկավար Վասիֆ Թալըբովը Նախիջեւանի ԻՀ պետական անվտանգության ծառայություն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել: ՆԻՀ պետանվտանգության ծառայության պետ է նշանակվել Ֆազիլ Նարիման օղլու Ալեքբերովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20