ՆԱՏՕ-ի առաջարկները Հայաստանին

Nato

Հայաստանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի տեսանկյունից.

Բավական ժամանակ է անցել, որի ընթացքում Հայաստանն ինքզինքը ցուցադրել է որպես անհուսալի, անկանխատեսելի ու անհետեւողական գործընկեր, որն, այնուամենայնիվ, կարող է ՆԱՏՕ-ի հետ կիսել պատասխանատվությունը գլոբալ անվտանգության կարեւորագույն հարցերում:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն կրում է դաշինքի խնդիրների հիմնական ծանրությունը, ԱՄՆ-ի ու Հայաստանի հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ նշանակություն ունի, եւ այդ ուղղությունը բավական արդյունավետ ու վստահելի էր:

ԱՄՆ-ն չի կարող հաշվի չառնել հայկական հոծ համայնքի առկայությունը եւ Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է ինչպես այդ գործոնը հաշվի առնելով, այնպես էլ Հայաստանը դիտարկելով որպես կարեւոր գործընկեր Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում:

ՆԱՏՕ-ին հետաքրքրում է այն, որ Հայաստանը, ձգտելով սերտ հարաբերություն հաստատել Դաշինքի հետ, գտնվում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկում եւ Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական սերտ հարաբերությունների մեջ:

Նշվում է բավական հետաքրքիր հանգամանք: ՆԱՏՕ-ն աճող հետաքրքրությամբ է դիտարկում ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը: ՆԱՏՕ-ում կցանկանային ՀԱՊԿ-ի վերաբերյալ որոշակի առաջարկներ ստանալ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ ՀԱՊԿ այլ անդամներից:

Առայժմ ՀԱՊԿ-ը միջազգային հարաբերություններում ներկայացնում է միայն Ռուսաստանը, ինչն այնքան էլ ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին: Հայաստանը կարող էր կարեւոր դեր խաղալ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի երկխոսությունում: Ամեն դեպքում, Հայաստանի նախաձեռնությունները կարող էին կարեւոր քայլեր դառնալ այս երկու ռազմական բլոկների հարաբերությունների զարգացման հարցում:

Արեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի պետությունների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը չեն հակասում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի շահերին: ՆԱՏՕ-ի ծրագրերը ներառում են զինված ուժերի բարեփոխման խնդիրները, զորքերի ընդհանուր պատրաստվածությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի համար շատ կարեւոր հարցը՝ սահմանային վերահսկողությունը:

ՆԱՏՕ-ի գործունեության կարեւոր ուղղություններից մեկը Դաշինքից դուրս գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն է: ՆԱՏՕ-ն հասկանում է, որ ի վիճակի չէ լուծել բոլոր հարցերն ու խնդիրները, հատկապես որոշ տարածաշրջաններում, եւ փորձում է ներգրավել գործընկերների: Առաջնահերթ են համարվում Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Կովկասի ու Մերձավոր Արեւելքի գործընկերները:

Շատ բան արդեն արված է, եւ հիմա առաջացել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կոոպերատիվ անվտանգության հայեցակարգի մշակումը, նյութական մասի օպերատիվ համատեղելիությունն ու ստանդարտացումը, օրինակ՝ վառելիքի ստանդարտները:

ՆԱՏՕ-ում նշում են, որ «չի կարելի նախանձել Հայաստանի աշխարհագրական դիրքին», ինչը ենթադրում է ոչ միայն Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի, այլեւ Ատլանտյան հանրության հետ համագործակցությունը: Հայաստանը լավ է գիտակցում ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, եւ դա ամենակարեւորն է ներկայում: Դրա ապացույցը հայկական զորախումբն է Աֆղանստանում:

Հարավային Կովկասում սպառնալիքների կարեւորագույն աղբյուր է համարվում Իրանի քաղաքականությունը, որը ձգտում է դառնալ առաջատար կամ առավել կարեւոր դիրքեր զբաղեցնել տարածաշրջանում: Իրանը սադրում է արաբական երկրներին, վատանում են Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչը հանգեցնում է դիմակայության թուրք-իրանական հարաբերություններում:

Այս կապակցությամբ, Արեւմուտքում հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի ու Իրանի սերտ հարաբերությունը, որն այս բարդ իրավիճակում յուրահատուկ է որպես քրիստոնեական ու իսլամական երկրների միջեւ հարաբերություն:

Հայաստանը կարող է մեծ դեր խաղալ Իրանի ու Արեւմուտքի փոխըմբռնման հարցում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ: Մեր հարցմանը մասնակցած փորձագետներից մեկի կարծիքով, եթե Թուրքիան ձգտում է որոշակի դեր խաղալ Իրանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերություններում, ապա ինչու նման դեր չի կարող կատարել Հայաստանը:

Կարեւոր փաստաթուղթ կդառնա հայեցակարգը, որը վերաբերվում է «ճգնաժամային կարգավորմանը», որի համար ենթադրվում է ՄԱԿ-ի մանդատը: Այդ հայեցակարգը կճշտի հակամարտությունների ու ճգնաժամային իրավիճակների առաջացման ու կարգավորման իրական ու ակտուալ պայմանները, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ: Այս կապակցությամբ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է համատեղվելու պետությունների «ինքնիշխան» որոշումը «կոլեկտիվ պաշտպանության»՝ որպես «վախեցնելու» միջոց, սկզբունքների հետ:

Վերջին շրջանում ՆԱՏՕ-ն կենտրոնացել է տարածաշրջանային մասշտաբային հարցերի վրա (ՀԱՊԿ-ՆԱՏՕ, Իրան-Արեւմուտք հարաբերություններ, ՆԱՏՕ-ի վեհաժողովի նշանակությունը անվտանգության եւ Թուրքիայի հավակնությունների զսպման հարցում):

ՆԱՏՕ-ն, հնարավոր է՝ նաեւ Արեւմտյան հանրությունը, Հայաստանն ընդհանուր առմամբ դիտարկում է որպես «փաստարկ» եւ «գործոն» Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան եւ պահանջները զսպելու հարցում, որոնք անընդունելի են Արեւմուտքի համար:

Ելնելով շարադրվածից, կարելի է եզրահանգել, որ Թուրքիայի քաղաքականությունը մեծ խնդիր ու մարտահրավեր է դարձել Արեւմտյան հանրության համար, եւ ՆԱՏՕ-ն փորձում է Թուրքիայի վրա ազդելու համար օգտվել զանազան լծակներից: ՆԱՏՕ-ն մշտապես փորձում է ուղերձներ հղել առ այն, որ եթե Հայաստանը մի շարք հարցերի շուրջ համագործակցի ՆԱՏՕ-ի հետ, կարող է ստանալ Դաշինքի աջակցությունը, այդ թվում անմիջականորեն ռազմական շինարարության հարցում:

Այդպիսով, կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ն Հայաստանը դիտարկում է հետեւյալ ուղղությունների կապակցությամբ.

– ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի ինտեգրում, որում Հայաստանը կարող է խաղալ կապող դեր;

– Թուրքիայի խնդիրը, որտեղ ՆԱՏՕ-ի ու Հայաստանի համագործակցությունը խաղալու է թուրքական հավակնությունները զսպելու փաստարկի դեր;

– Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության ապահովումը՝ անվտանգության ու կայունության ապահովման հարցում Հայաստանի դրական դերով;

– «Միջնորդի» դեր Իրանի ու Արեւմտյան հանրության միջեւ:

Հայաստանն իր պատմության բարենպաստ փուլում է, բայց արդյոք հայերն ընդունակ են գիտակցել ու իմաստավորել դա, թե շարունակելու են լողալ նախկին հունով, երկնչելով քաղաքական էքշընից: Այդ պատճառով, ՆԱՏՕ-ի քաղաքականության վերաբերյալ բոլոր դատողություններն առնչվում են Հայաստանի տարածքին եւ նրա շուրջ, եւ ինչպես տեսնում ենք՝ արդեն առնչություն չունեն հայերի հետ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.