Չարլզ Բուկովսկի. «Քաղաքի ամենագեղեցիկ կինը»

Axjik

Քեսսը ամենափոքրն ու ամենագեղեցիկն էր հինգ քույրերից: Քեսսը քաղաքի ամենագեղեցիկ աղջիկն էր: Կիսով հնդկացի էր, ճկուն, տարօրինակ, օձի պես գալարվող մարմնով և  բոցավառ աչքերով, որոնք այդ ամենին շատ սազում էին: Քեսսը կարծես չհանգչող կրակ լիներ:

Նրա մազերը  սև էին, երկար, փափուկ և իր գալարվող մարմնի պես գանգուր: Փոփոխական տրամադրություն ուներ` և՛ բարձր, և՛ անկումային: Ամբողջ քաղաքում Քեսսի նմանը չկար: Ոմանք կարծում էին, որ նա խելագար է: Հիմարներն էին միայն այդպես կարծում: Նրանք երբեք չէին հասկանում Քեսսին: Տղամարդկանց համար նա միշտ ցանկալի կին էր, և նրանց պետքն էլ չէր` խելագար է, թե ոչ: Քեսսը պարում էր, ֆլիրտ էր անում, համբուրվում էր, իսկ երբ բանը հասնում էր բանին` հաջողում էր ծլկել, լքել տղամարդկանց:

Քույրերը նրան մեղադրում էին իր գեղեցկությունը ոչ ճիշտ օգտագործելու համար: Նրան անխելք էին անվանում: Բայց Քեսսը ուներ խելք ու հոգի: Նա նկարում էր, պարում, երգում, կավից ինչ-որ իրեր էր պատրաստում: Նա նաև կարեկցող էր: Երբ մարդիկ հոգևոր կամ ֆիզիկական ցավ էին ունենում, Քեսսը խորապես   վշտանում  էր նրանց համար: Նրա մտածողությունը տարբերվում էր մյուսներից, այն պարզապես պրակտիկ չէր: Քույրերը նրան խանդում էին իրենց տղամարդկանց հրապուրելու համար և զայրանում էին, որ նա օգտագործում է նրանց` երբ իր պետքն էլ չէ: Նա ուներ սովորություն` լինել բարի ու հեզ տգեղ տղամարդկանց հետ, իսկ բարետեսները նրա զզվանքն էին առաջացնում:

– Արիություն չկա, ուժ չկա: Միայն շուրջդ պտտվել գիտեն իրենց փոքր ականջաբլթակներով և ընդգծված քթածակերով: Արտաքնապես բարետես են, ներսից` դատարկ:

Քեսսը խենթ բնավորություն ուներ: Շատերի կարծիքով նա հենց խելագար էր, որ կար: Հայրը մահացել էր ալկոհոլի չարաշահումից, մայրը` լքել նրանց: Աղջիկները  մնացին իրենց բարեկամի մոտ, ով էլ հետո տեղափոխեց նրանց կուսանոց: Սակայն կուսանոցը անտանելի էր, հատկապես` Քեսսի համար: Քեսսը ամեն օր վեճերի մեջ էր. աղջիկները նախանձում էին նրան: Նման մի քանի վեճերից հետո, իրեն պաշտպանելու արդյունքում, Քեսսի ձախ թևին հայտնվեցին ածելիի նշաններ: Ձախ այտի վրա մշտական մի սպի ուներ, որը նրա գեղեցկությունը առավել  էր  ընդգծում:

Առաջին անգամ ես նրան հանդիպեցի «The West End» բարում, կուսանոցից հեռանալուց մի քանի գիշեր հետո: Լինելով ամենափոքրը` կուսանոցից ամենավերջինն էր դուրս եկել: Նա ներս մտավ և նստեց հենց իմ կողքին: Ես, ըստ երևույթին, ամենատգեղ տղամարդն էի քաղաքում, և դա, թերևս, ինչ-որ բան նշանակում էր:

– Խմե՞նք,- հարցրեցի:

– Դե, իհարկե:

Չէի ասի, որ մեր խոսակցությունը արտասովոր էր, բայց Քեսսի հետ շատ հեշտ էր զրուցելը: Քեսսը հենց ինքն էր ինձ ընտրել: Չկար ոչ մի լարվածություն: Նա սիրում էր խմել և այդ գիշեր բավականին շատ խմեց:  Տարիքից մեծ չէր երևում, սակայն երբեմն այդպես ասում էին: Հնարավոր է, որ նա անօրինական անձնագիր էլ ունենար, չգիտեմ: Ամեն անգամ, երբ զուգարանից վերադառնում էր և նստում  իմ կողքին, ես ինձ հպարտ էի զգում: Նա ոչ միայն քաղաքի ամենագեղեցիկ կինն էր, այլ ամենագեղեցիկն էր, ում ես երբևէ տեսել էի:  Համբուրեցի նրան` ձեռքս  գոտկատեղին դնելով:

Նա հարցրեց.

– Դու իրո՞ք կարծում ես, որ գեղեցիկ եմ:

– Իհարկե, ավելին` քան գեղեցիկ: Քո հայացքի մեջ ավելին կա:

– Մարդիկ իմ գեղեցկության համար ինձ միշտ մեղադրում են: Դու իրո՞ք կարծում ես, որ ես լավն եմ:

Քեսսը ձգվեց դեպի իր պայուսակը: Մտածեցի` թաշկինակ է փնտրում: Հանկարծ այնտեղից մի երկար գնդասեղ դուրս բերեց: Ես նրան չկարողացա կանգնեցնել, նա գնդասեղը իր քթի շուրջը սահեցրեց` ռունգերից դեպի վեր: Զզվանք ու սարսափ զգացի: Հետո նա ինձ նայեց և սկսեց ծիծաղել:

– Իսկ հիմա՞ ինչ կասես, դեռ գեղեցի՞կ եմ:

Ես հանեցի գնդասեղը և թաշկինակով արյունահոսությունը կանգնեցրի: Մի քանիսը, ներառյալ բուֆետապանը, տեսան այդ ամենը: Վերջինս իջավ ներքև, մոտեցավ մեզ.

– Լսիր,- ասաց նա,- կորիր այստեղից, քո ներկայացման կարիքը ոչ ոք չունի:

– Ինքդ կկորես,- պատասխանեց Քեսսը:

– Ավելի լավ է հետևես նրան,- ասաց բուֆետապանը ինձ:

– Նրա հետ ամեն ինչ լավ կլինի,- ասացի:

– Սա իմ քիթն է, և ես ինչ ուզեմ`  կարող եմ անել:

– Ոչ,- ասացի,- այն ինձ էլ է ցավ պատ­ճառում:

– Այսինքն` երբ գնդասեղը մտցնում եմ իմ քիթը, դա քեզ ցավ է պատճառում, հա՞:

– Ճիշտ այդպես:

– Լավ, այլևս չեմ անի: Պինդ կաց:

Նա ինձ սկսեց համբուրել, համբույրի ընթացքում քմծիծաղելով և թաշկինակը միաժամանակ քթին պահելով: Բարը վերջապես փակվեց, և մենք գնացինք իմ տուն: Մի քիչ գարեջուր ունեի, խմեցինք և սկսեցինք զրուցել: Այդ ժամանակ ես կարողացա նրան ճանաչել: Նա մի անհատականություն էր` հոգատարությամբ և բարությամբ լի: Իրեն ճանաչել տվեց, առանց գիտակցելու այդ մասին: Ժամանակ առ ժամանակ հրաժարվում էր վայրենությունից և անկապությունից: Շիզոֆրենիկ էր: Մի գեղեցիկ շիզոֆրենիկ: Վաղ, թե` ուշ նրան ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը կկործանի: Եվ հուսով եմ, դա ես չեմ լինի: Մենք պառկեցինք, և երբ ես անջատեցի լույսերը, Քեսսը հարցրեց.

– Իսկ երբ ես ուզում, հիմա՞, թե`  առավոտյան:

– Առավոտյան,- ասացի ու շրջվեցի:

Առավոտյան արթնացա, սուրճ պատրաստեցի երկուսիս համար, նրա սուրճը անկողնում մատուցեցի: Նա ծիծաղեց:

– Իսկ դու գիտե՞ս` առաջինն ես, ով հրաժարվեց գիշերով:

– Չեմ կարծում, որ դրա կարիքը կար:

– Ոչ, սպասիր, ես հենց հիմա եմ ուզում: Արագ թարմանամ ու գամ:

Քեսսը մտավ լոգարան ու արագ դուրս եկավ: Հիասքանչ տեսք ուներ. երկար, սև մազերը փայլում էին, աչքերը և շուրթերը փայլում էին, ինքը փայլում էր: Նա իր մարմինը ցուցադրական անտարբերությամբ էր ներկայացնում` որպես  լավ իր: Հետո սավանի տակ մտավ:

– Արի ինձ մոտ, ի՛մ սիրեկան:

Ես նրան գրկեցի: Նա ինձ համբուրում էր անկաշկանդ, առանց շտապելու: Իմ ձեռքերը շոյում էին նրա մարմինը, մազերը: Ես թափանցեցի նրա մեջ. տաք էր և նեղ: Սկսեցի դանդաղ շարժվել` ցանկանալով երկարաձգել ավարտը: Նրա աչքերը նայում էին ուղիղ իմ աչքերին:

– Անունդ ի՞նչ է,- հարցրի:

– Գրողը տանի, ի՞նչ կապ ունի,- պատասխանեց նա:

Ես ծիծաղեցի: Դրանից հետո հագնվեցինք և ես նրան հետ տարա բար:

Բայց դժվար էր Քեսսին մոռանալը: Ես աշխատանքի չէի, հետևաբար քնեցի մինչև կեսօրվա երկուսը: Հետո արթնացա և սկսեցի ամսագիր թերթել: Լոգարանում էի, երբ հանկարծ ներս մտավ նա` մի մեծ,  փղի ականջ հիշեցնող տերևով:

– Ես գիտեի, որ լոգարանում ես լինելու, դրա համար բերել եմ մի բան, ինչով կարող ենք ծածկել անդամդ,- ասաց Քեսսը: Ու նա շպրտեց այդ տերևը ուղիղ ինձ վրա` լոգարանի մեջ:

–  Ի՞նչ գիտեիր, որ լոգարանում եմ:

– Գիտեի և վերջ:

Գրեթե ամեն օր Քեսսը գալիս էր, երբ ես լոգարանում էի լինում: Տարբեր ժամերի էի  լինում այնտեղ, բայց նա ինձ միշտ բռնացնում էր` փղի ականջ հիշեցնող այդ մեծ տերևը ձեռքին: Իսկ հետո սիրով էինք զբաղվում: Շատ անգամ է պատահել, որ  նա զանգել է ինձ գիշերով և ես ստիպված էի լինում գնալ` նրան բանտից ազատելու: Քեսսին  պահում էին հարբածության և վիճաբանությունների համար:

– Այս շան որդիները,- ասում էր նա,- միայն խմիչք հյուրասիրելով իրենց թվում է` կարող են ծոցդ մտնել:

– Ընդունելով նրանց հյուրասիրությունը, ինքդ ես քեզ գցում կրակի մեջ:

– Կարծում էի` ինձնո՛վ հետաքրքրված կլինեն, ոչ թե իմ մարմնով:

– Իսկ ինձ և՛ քո մարմինն է հետաքրքրում և՛ դու: Առհասարակ կասկածում եմ, որ տղամարդկանց մեծ մասին ուրիշ բան հետաքրքրի, բացի քո մարմնից:

Քաղաքից վեց ամսով բացակայեցի: Թափառում էի դեսուդեն: Հետո վերադարձա, բայց այդպես էլ չկարողացա մոռանալ Քեսսին: Մենք ինչ-որ պատճառով գժտվել էինք և դրանից սիրտս ճմլվում էր: Ինձ թվում էր` նա էլ է քաղաքից հեռացել:

«The West End» բարում մոտ երեսուն րոպե նստած էի, երբ հայտնվեց նա: Առաջվա պես եկավ, նստեց  կողքիս:

– Դե, այ բոզի տղա, տեսնում եմ` վերադարձել ես:

Ես խմիչք պատվիրեցի, հետո երկար նայում էի նրան: Բարձր օձիքով զգեստ էր  հագել: Նման հագուստով երբեք չէի տեսել Քեսսին:  Ամեն մի աչքի տակ երկու ապակե գնդասեղներ կային: Գնդասեղները խրված էին դեմքի մեջ, միայն գլխիկները կարելի էր տեսնել:

– Գրողը քեզ տանի, դու դեռ շարունակում ես փչացնել քո սիրուն դեմքը, հա՞:

– Ոչ, հիմարի մեկը, այսպես նորաձև է:

– Դու խելագար ես:

– Ես քեզ կարոտել էի,- ասաց Քեսսը:

– Իսկ քո կյանքում ինչ-որ մեկը կա՞:

– Ոչ, ոչ ոք չկա: Միայն դու կաս: Բայց երբեմն ես փող եմ աշխատում: Տասը բաքս եմ վերցնում, բայց քեզ  համար անվճար կանեմ:

– Դուրս հանիր այդ գնդասեղները:

– Ոչ, նորաձև է:

– Դա ինձ տանջում է:

– Համոզվա՞ծ ես:

– Համոզված եմ, գրողը տանի:

Քեսսը դանդաղորեն հանեց գնդասեղները և դրեց իր դրամապանակում:

– Ինչու՞ չես գնահատում քո գեղեցկությունը,- հարցրեցի ես,- ինչո՞ւ պարզապես չես ապրում նրա հետ:

– Որովհետև մարդիկ կարծում են` դա այն ամենն է, ինչ ունեմ: Գեղեցկությունը ոչինչ է, այն մնայուն չէ: Դու չգիտես` ինչ բախտավոր ես տգեղ լինելով:

– Իմ բախտը ուրեմն բերել է,- ասացի ես:

– Ես նկատի չունեի, թե դու գարշելի ես: Մարդիկ են այդպես կարծում: Դու հիասքանչ դեմք ունես:

– Շնորհակալ եմ:

Մենք նորից խմեցինք:

– Հետո, ինչո՞վ ես զբաղված,- հարցրեց նա:

– Ոչնչով, ոչնչով էլ զբաղված չեմ:

– Եթե կին լինեիր, կկարողանայիր փող աշխատել:

– Չեմ կարծում: Նման հարաբերությունները, օտար և շատ մարդկանց հետ լինելը ինձ համար չեն: Ձանձրալի է:

– Ճիշտ ես, ձանձրալի է, ի վերջո ամեն ինչից էլ  վերջում հոգնելու ես:

Դուրս եկանք: Փողոցում մարդիկ ինչպես միշտ աչքերը չռել էին Քեսսի վրա: Նա գեղեցիկ կին էր, և վերջերս  ավելի էր գեղեցկացել: Մենք վերադարձանք ինձ մոտ, ես բացեցի գինու շիշը, սկսեցինք զրուցել: Թեթև զրուցում էինք: Որոշ ժամանակ նա էր խոսում, ես լսում էի, հետո ես էի սկսում խոսել: Խոսակցությունն իր հունով առաջ էր գնում: Թվում էր` գաղտնիքներ ենք բացահայտում: Երբ մի լավ, նոր բան էինք բացահայտում, Քեսսը ծիծաղում էր իր յուրահատուկ ծիծաղով: Այն նման էր ուրախության, որը հրդեհի պես է բռնկվում: Խոսելու ընթացքում համբուրվում էինք և ավելի մոտենում իրար: Շուտով տաքացանք և տեղափոխվեցինք անկողին: Հենց այդ ժամանակ, երբ Քեսսը հանեց իր բարձր օձիքով զգեստը, ես նկատեցի նրա կոկորդի գարշելի սպին: Այն երկար էր ու լայն:

– Գրողը քեզ տանի,- գոռացի ես անկողնու միջից,- գրողը քեզ տանի: Ի՞նչ ես արել:

– Կոտրված շշով եմ փորձել: Ինքս եմ արել: Ինձ այլևս չե՞ս սիրում: Ես այլևս գեղեցիկ չե՞մ քեզ համար:

Ես նրան  քաշեցի անկողին և համբուրեցի: Նա ետ էր մղվում և ծիծաղում:

– Մեկ-մեկ տղամարդիկ ինձ տասանոցը վճարում են նախօրոք, հետո ես հանվում եմ, իսկ նրանց ցանկությունը կորչում է, այլևս չեն ուզում, բայց տասը մնում է ինձ: Շատ զվարճալի է, չէ՞:

– Այո, մեռնում եմ ծիծաղից, չեմ կարող չծիծաղել: Քեսս, խեղկատակ կին, վերջ տուր, քեզ մի փչացրու: Դու ամենակենսունակ կինն ես, ում երբևէ հանդիպել եմ:

Մենք նորից համբուրվեցինք: Քեսսը լուռ լաց էր լինում: Ես տեսա նրա արցունքները: Նրա երկար, սև մազերը մահվան դրոշակի պես ծածանվում էին: Մենք գրկախառնվեցինք և սկսեցինք սիրով զբաղվել` դանդաղ, թախծալից և հիասքանչ սիրով:

Իսկ առավոտյան Քեսսը որոշեց նախաճաշ պատրաստել: Խաղաղ և երջանիկ տեսք ուներ: Երգում էր: Անկողնում պառկած` հիանում էի նրա երջանկությամբ: Վերջապես  մոտեցավ.

– Վեր կաց, պոռնկորդի, դեմքիդ սառը ջուր խփիր և գնանք զվարճանալու:

Այդ օրը ես նրան լողափ տարա: Աշխատանքային օր էր: Եղանակը դեռևս ամառային չէր, շուրջը հիանալիորեն դատարկ էր: Թափառականները իրենց լաթերով ննջում էին ավազե ափի գազոնների վրա: Մյուսները նստել էին փայտե նստարաններին և իրար շշեր էին փոխանցում: Ճայերը սավառնում էին մոտակայքում: Յոթանասունը կամ ութսունը բոլորած ծեր կանայք նստարանին նստած` քննարկում էին անշարժ գույքի վաճառքին վերաբերող հարցեր: Այդ ամենի հետ մեկտեղ օդում խաղաղություն կար և մենք զբոսնում էինք գազոնի վրա ու շատ քիչ էինք խոսում: Միասին լավ էինք զգում: Երկուսիս համար սենդվիչ, չիփս, խմիչք գնեցի և նստեցինք ավազին` ուտելու: Հետո գրկեցի Քեսսին և մոտ մեկ ժամ քնեցինք: Սա ավելին էր, քան սիրախաղը: Մենք սավառնում էինք հոսանքին ընդառաջ: Արթնանալուց հետո վերադարձանք  տուն, և ես ընթրիք պատրաստեցի: Ընթրիքից հետո Քեսսին առաջարկեցի ապրել ինձ հետ: Քեսսը երկար լռեց: Նայում էր ինձ: Հետո շատ հանգիստ ասաց.

– Ոչ:

Ես նրան ետ տարա բար, խմիչք գնեցի և դուրս եկա: Հաջորդ օրը աշխատանքի տեղավորվեցի գործարանում` որպես փաթեթավորող, և ամբողջ շաբաթը աշխատանքի էի գնում: Չափից շատ էի հոգնում, բայց ուրբաթ գիշերը գնացի «The West End»: Նստեցի, սպասեցի Քեսսին: Ժամեր անցան: Վերջնականապես հարբած նստած էի, երբ մատուցողը ինձ դիմեց.

– Ցավում եմ ձեր ընկերուհու համար:

– Ի՞նչ,- հարցրի ես:

– Ի՞նչ է, չգիտե՞ք:

– Ոչ:

– Ինքնասպան է եղել: Նրան երեկ թաղել են:

– Թաղե՞լ են:

Ինձ թվում էր` նա ուր որ է ներս կգա: Ինչպե՞ս կարող էր  նա չլինել:

– Նրան թաղել են  քույրերը:

– Ինքնասպանությու՞ն: Գլխումս չի տեղավորվում: Ինչպե՞ս:

– Ճղել է կոկորդը:

– Հասկանալի է: Էլի խմիչք տուր:

Մինչև բարի փավելը, ես  խմում էի:

Քեսսը ամենագեղեցիկն էր հինգ քույրերից, ամենագեղեցիկը ամբողջ քաղաքում: Ես մի կերպ հասա տուն և շարունակ մտածում էի նրա մասին: Ես պետք է ստիպեի նրան, որ մնար ինձ մոտ: Նրա համար դա հենց այնպես մի բան չէր: Ես նրան կոպիտ, անքաղաքավարի էի առաջարկել` ծուլորեն, չափազանց անտարբեր: Ես դարձա իմ և նրա մահվան պատճառը: Ես մի շուն եմ եղել: Ոչ, ինչու՞ վիրավորել շներին: Ոտքի կանգնեցի, գինու շիշ գտա և հարբեցի պայթելու չափ: Քաղաքի ամենագեղեցիկ աղջիկը մահացել էր: Քեսսը ընդամենը 20 տարեկան էր: Դրսում ինչ-որ մեկի ավտոմեքենան ազդանշան էր տալիս` բարձր, անդադար: Ես շիշը դրեցի գետին և գոռացի. «Գրողը տանի քեզ, շան որդի, ձայնդ կտրիր»:

Գիշերը վերջապես եկավ ու ես  չգիտեի` ինչով զբաղվեմ:

Անգլերենից  թարգմանեց` Անի  Հակոբյանը

Տպագրվել է «Գրեթերթ», 2012, թիվ 4

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.