Պուտինը՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանի գլխավոր սխալի մասին

- in Կարծիք

Ռուսաստանը պետք է իր ազգային շահերի մասին հայտարարեր Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Այդ հարցում Մոսկվայի ոչ բավականաչափ հստակ դիրքորոշումը ՌԴ նախագահը համարել է վերջին քառորդ դարի գլխավոր սխալը Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:

Այս մասին Պուտինը հայտարարել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում: «Իհարկե, մենք ինքներս ենք դրանում մեղավոր, ինչ ասել, այստեղ ոչ ոքի չես մեղադրի»,- նկատել է Պուտինը՝ խոսելով այն սխալների մասին, որոնք գործել է Ռուսաստանը արտաքին աշխարհի հետ հարաբերություններում վերջին 25 տարում:

Նա հիշեցրել է, թե ինչ խնդիրներ են առաջացել Ռուսաստանի ներսում Խորհրդային Միության փլուզումից հետո՝ արդյունաբերական արտադրության կրճատում, սոցիալական համակարգի անկում, անջատողականություն և «միջազգային ահաբեկչության ակնհայտ հարձակում»:

«Միջազգային ահաբեկչությունն օգտագործվել է Ռուսաստանի դեմ պայքարում, բայց ոչ ոք կամ դրան ուշադրություն չի դարձրել, կամ ընդհակառակը՝ աջակցել է. Ռուսաստանի հակապետական ուժերին աջակցություն են ցուցաբերել՝ քաղաքական, տեղեկատվական, ֆինանսական, իսկ երբեմն՝ նույնիսկ զինված աջակցություն. դա մեզ համար ակնհայտ փաստ է: Եվ, իհարկե, գիտեք՝ այդ պահին մենք գիտակցեցինք, որ խոսակցությունները՝ խոսակցություն, իսկ աշխարհաքաղաքական շահերը բոլորովին այլ բան են»,- ասել է Պուտինը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20