Պուտինի գաղտնի հարստությունները

- in Ով ով է ...
Putin

BBC One հեռուստաալիքը ներկայացրել է Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» փաստագրական ֆիլմը, որում Ռուսաստանի նախագահը մեղադրվում է գաղտնի ունեցվածք կուտակելու համար իր իշխանությունը օգտագործելու մեջ:

Ֆիլմի հեղինակը հանդիպել է Կրեմլից նախկին ներքին աղբյուրների հետ, որոնք պնդում են, որ գիտեն՝ ինչպես է Պուտինը «թաքցնում իր հարստությունները»:

Ֆիլմի հեղինակի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինը Երոպայի ամենահարուստ մարդն է և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կարողությունը գնահատվում է 40 մլրդ դոլար:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար պատասխանատու ԱՄՆ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Շուբինի խոսքով՝ կառավարությանը վաղուց է հայտնի, որ Պուտինը մասնակից է կոռուպցիային: Նրա խոսքով՝ Պուտինի պաշտոնական աշխատավարձը տարեկան կազմում է մոտ 110.000 դոլար, բայց դա Պուտինի եկամուտների հիմնական մասը չէ: Պուտինը և նրա ամենամոտ շրջապատը ներգրավված են հարստացման տարբեր սխեմաներում: «Ես դա կոռուպցիա եմ համարում»,- ասել է Շուբինը: Միաժամանակ, նա չի մեկնաբանել ԿՀՎ-ի 2007թ. գաղտնի զեկույցի տեղեկությունը, որ Պուտինի կարողությունը կազմում է ավելի քան 40 մլրդ դոլար:

Վլադիմիր Պուտինն անշարժ գույք ունի Իսպանիայում: Այս մասին ֆիլմում ասում է արդարադատության փոխգնդապետ Անդրեյ Զիկովը, որը վարել է այսպես կոչված՝ «Պուտինի գործը»: Նշվում է, որ քոթեջների շինարարության փողերը Իսպանիա է փոխադրել «Քսաներորդ տրեստ» կորպորացիան: Այդ կորպորացիայի ղեկավարության կողմից բյուջետային միջոցների գողության փաստով քրեական գործ է հարուցվել, որը հետաքննել է Զիկովը, որն այդ ժամանակ հատուկ կարևոր գործերով քննիչ էր: Նա պնդում է, որ այդ բաժնետիրական միության կողմից միջոցների գողության հետ կապ ունի անձամբ Պուտինը, ում նախաձեռնությամբ էլ այն ստեղծվել է:

Ռուս բիզնեսմեն Մաքս Ֆրիձոնը ֆիլմում Վլադիմիր Պուտինին մեղադրում է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ Ֆրիձոնի նավթային ընկերության 4%-ը ստանալու մեջ: Ընկերությունը «Պուլկովո» օդանավակայան ավիավառելիք մատակարարելու բացառիկ իրավունք է ստացել: Ֆրիձոնի խոսքով՝ Պուտինը սկզբում խնդրել է 15% բաժին, սակայն ոչ մի փաստաթղթում դա արտահայտված չի եղել: Իսկ Կրեմլը հերքում է նման մեղադրանքները:

Վլադիմիր Պուտինին մերձակա շրջապատի մարդիկ նրան անվանում են Միխայիլ Իվանովիչ՝ այդպես է նախագահի մականունը՝ լրագրողին պատմել է «Սովկոմֆլոտի» նախկին ղեկավար Դմիտրի Սկարգան:

Սկարգան հեռուստաալիքին նաև ասել է, որ 2002թ. մարտին վերահսկել է Ռոման Աբրամովիչից 45 մլն դոլարով «Օլիմպիա» զբոսանավի՝ Պուտինին փոխանցումը: Սկարգայի պնդմամբ՝ զբոսանավը Պուտինին է փոխանցվել օֆշորային ընկերության միջոցով, բայց իրական տերն անձամբ Պուտինն է: «Զբոսանավի ընթացիկ ծախսերը վճարվել են ռուսական բյուջեից»,- ասել է BBC-ի զրուցակիցը:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել BBC-ի ֆիլմը: Ամբողջ տեղեկատվությունը մաքուր հորինվածք է՝ ասել է նա: Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել նկարահանումներին:

Spread the love