Ռուսաստանն ու Թուրքիան շտապում են

- in Վերլուծական
turkey russia

Պենտագոն – Թուրքիա – Իրան գիծը.

Թուրք զինվորականների հետ Իրանի ու տարածաշրջանի անվտանգության հարցերով բանակցություններին Պենտագոնի մասնակցությունն ընդհանուր առմամբ որեւէ արդյունք չի տվել: Փորձագետների մի մասը դա բացատրում է նրանով, որ թուրք զինվորականներն էական ազդեցություն չունեն քաղաքականության վրա եւ ընդունակ չեն Թուրքիայի ակտուալ քաղաքականության մեջ դառնալ ամերիկյան զինվորական շրջանակների գաղափարների ուղեկցորդը:

Կա նաեւ կարծիք, որ թուրք զինվորականները չէին ցանկանա իրենց վրա վերցնել Թուրքիայի արտաքին քաղաքականության պատասխանատվությունը, թեեւ հասկանում են, որ Պենտագոնի հետ հարաբերությունների թուլացումը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել բարդությունների:

Թուրք զինվորականները ներկայում կառավարության, խորհրդարանի ու հանրության ուժեղ ճնշման տակ են: Գեներալներին մեղադրում են քաղաքականության ասպարեզում Պենտագոնի պատվերը եւ կամքը կատարելու մեջ, եւ նրանք իհարկե չէին ցանկանա թույլ տալ նման բացասական վերաբերմունքն իրենց հանդեպ:

Նշվում է, որ նախկինում երբեւէ թուրքական զինվորական շրջանակներում չի նկատվել կարծիքների ու դիրքորոշումների նման ուժեղ պառակտում: Սպայական կորպուսում տարբեր խմբեր են ձեւավորվել, որոնք արտահայտում են խոշոր ձեռնարկատերերի, ազգայնական, ինչպես նաեւ ձախ շրջանակների շահերը, տիրում են արմատական ու մաքսիմալիստական տրամադրություններ:

Ներկայում թուրք զինվորականներն իրական առաջնորդ չունեն եւ փորձում են առաջնորդ գտնել իրենց շրջանակներից դուրս՝ կամ պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներից, կամ քաղաքական գործիչներից: Սա առաջնորդի վերաբերյալ բավական անսովոր ու նոր պատկերացում է, այն պարագայում, երբ Թուրքիայում մշտապես զինվորականների առաջնորդ է համարվել Գլխավոր շտաբի պետը:

Իրավիճակն ավելի է ծանրանում, եթե նկատի առնվի, որ արտաքին քաղաքականության ոլորտում թուրք զինվորականների տրամադրությունները բաժանվում են երեք հիմնական ուղղության՝ բավական կոշտ հակաամերիկանիզմ; ԱՄՆ-ի ու Պենտագոնի հանդեպ ավանդական լոյալություն; ժողովրդավարական ու ազատական տրամադրություններ՝ ձախ գաղափարների առկայությամբ:

Միեւնույն ժամանակ, զինվորական շրջանակներում կա այն բանի ընկալումը, որ ԱՄՆ-ից արմատապես հեռանալը կհանգեցնի Արեւմտյան հանրության աջակցության կորստին, որի արդյունքում Թուրքիային մեծ վնաս կհասցվի տնտեսության ու քաղաքականության ոլորտներում, եւ Թուրքիայի արժեքը Եվրասիայի ու Մերձավոր Արեւելքի պետությունների համար նկատելի կնվազի:

Զինվորականները կասկածում են, որ Թուրքիայի ներկայիս քաղաքական էլիտաները, գնալով ԱՄՆ-ի հետ դիմակայության ճանապարհով, ընդունակ են պահպանել Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ հարաբերությունների հավասարակշռությունը: ԶՈՒ բարձրաստիճան սպաները կասկածում են, որ Թուրքիան կարող է Արեւելքում այլընտրանք ձեռք բերել գործընկերների, քաղաքական աջակցության, տնտեսական շուկաների եւ ներդրումների մասով:

Վաշինգտոնում աշխատող թուրք փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ում մտահոգություններ կան, որ Թուրքիան տնտեսության ոլորտում իսկապես կարող է նոր գործընկերներ ձեռք բերել ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու ասիական այլ պետությունների: Այս կապակցությամբ ԱՄՆ-ում առայժմ առարկայական քննարկումներ չկան, որոնց արդյունքում կառաջարկվեին միջազգային իրավիճակի զարգացման, Ասիայում ահռելի խաղին Թուրքիայի՝ որպես գործընկերոջ, ներգրման ընդունակության ու առաջնահերթությունների սցենարներ:

Թուրքիայի իրական հեռանկարների ընկալմանն առավել մոտեցել է Պենտագոնը, որտեղ գտնում են, որ Թուրքիային չի հաջողվի երբեւէ դառնալ ասիական մեծ տերությունների լիիրավ գործընկերը: Պենտագոնի համար աշխատող վերլուծաբանների կարծիքով, առավել իրատեսական սցենարն այն է, որ Թուրքիային չեն թողնի ոչ արաբական պետությունների, ոչ էլ ասիական գերտերությունների ակումբ:

Թուրքիային նաեւ չի հաջողվի դառնալ Իրանի ռազմավարական գործընկերը, քանի որ իրանցիները զգուշանում են սեփական խաղը վստահության ռեժիմում Թուրքիայի հետ կառուցելուց: Պենտագոնի կարծիքով, Թուրքիան կմնա տարածաշրջանային մակրոտերության կարգավիճակում, բայց դժվար թե կարողանա դուրս գալ ռազմավարական մեկուսացման այն իրավիճակից, որը նրա հարեւան եւ այլ պետությունների մտահոգությունների արդյունք է:

Պենտագոնի համար աշխատող վերլուծաբանները գտնում են, որ «մեկուսացումը Թուրքիայի ճակատագիրն է», թեեւ տարբեր պետություններ երբեմն նախաձեռնություններ են ցուցաբերում, փորձելով առավելություններ ստանալ տնտեսական ոլորտում Թուրքիայի հետ հարաբերություններից: Այս վերլուծաբանները գտնում են, որ ԱՄՆ-ն պետք է ռեզերվում ունենա Թուրքիայի հանդեպ ճնշման գլխավոր գործոնը, ավելի ճիշտ՝ նրա աշխարհքաղաքական շրջափակման իրական հնարավորությունը՝ ԱՄՆ քաղաքականության մեջ թուրքական ազդեցության մեծացման տարածաշրջանային սահմանափակումների ստեղծումը:

Այս համակարգային քաղաքականության մեջ Իրանը մշտապես խաղալու է ոչ թե Թուրքիայի անհուսալի գործընկերոջ, այլ նրա աշխարհքաղաքական մեկուսացման դիտորդի դերը, դառնալով դրա մասնակիցներից մեկը: Այս ենթադրություններին համաձայն են Իսրայելի շահերի հետ կապված փորձագետները:

Պենտագոնում հասկանում են, որ Թուրքիան տարածաշրջանում ինքնուրույն խաղ է սկսել, եւ այս դեպքի համար գլխավոր «նախապատրաստությունը» համարվում է Իրանը, որի դեմ ուղղված են երեք տիպի երկրների ՝ արաբական սուննի պետությունների, Իսրայելի եւ Թուրքիայի ջանքերը:

Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի գործընկերային հարաբերություններն ակնհայտ են, եւ դա հույս է ներշնչում Թուրքիային, որը բավական սերտ հարաբերություններ ունի սաուդիտների ու Պարսից ծոցի գոտում նրա վասալների հետ:

Թուրքիան շտապ վերականգնեց հարաբերություններն Իսրայելի հետ, հույս ունենալով, որ կստեղծվի «եռակողմ» դաշինք: Դա ներկայում ձեռնտու չէ ԱՄՆ-ին, քանի որ այդ դաշինքի քաղաքականությունը կարող է հանգեցնել ոչ միայն ԱՄՆ-Իրան կարգավորման ջանքերի տապալմանը, այլեւս Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի մեկնարկին:

ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել այն ամենի չեզոքացմանը, ինչը կոչվում է Իրանի շրջափակում: Ամերիկյան ընկերություններն ունեն Իրանի տնտեսական յուրացման ակնհայտ ու կոնկրետ նախագծեր:

ԱՄՆ-ի ու Իրանի մերձեցումը կհանգեցնի տարածաշրջանում լիովին նոր իրականության ձեւավորմանը եւ Թուրքիային կթողնի «մնացորդային երեւույթի» դերում, որի նշանակությունը հասցվում է նվազագույնի: Այս իրավիճակն առավել կնվազեցնի Թուրքիայի նշանակությունը ՆԱՏՕ-ի համար, եւ այդ ժամանակ նոր բան կսկսվի նրա պատմության եւ իրադարձությունների ու միջոցների տարածքային վերաբաժանման մեջ:

ԱՄՆ-ում շատ նախագծեր մնում են քաղաքական դատողությունների հերթում, եթե դրանում շահագրգռված չէ Պենտագոնը, որը դեռեւս շարունակում է իր արխաիկան եւ բաց է թողնում իրական հնարավորությունները: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մինչ այժմ ԱՄՆ վարչակազմում չկան կոնկրետ ու բովանդակալից ծրագրեր Մերձավոր Արեւելքում նոր կոնֆիգուրացիաներ ձեւավորելու հարցում:

Բայց գլխավորը, որ փրկում է Թուրքիային տարածաշրջանում նրա դերի վերանայման սպառնալիքից, Ռուսաստանն է:

Ռուսաստանն ու Թուրքիան շտապում են, քանի որ երկուսն էլ հայտնվել են տհաճ իրավիճակում եւ փորձում են օգտվել իրենց բավական բարդ, բայց եւ առավելության վիճակից: Ժամանակի գործոնը ավելի կարեւոր ու զգալի նշանակություն է ստացել, բայց ԱՄՆ-ն կյանքի կոչելու լավ տրամադրություններ չունի, կա միայն ընկալումը, որ ժամանակն է:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20