Սահմաններն ինձ համար կարևոր չեն

- in Կարծիք
Putin

Երկրները պետք է միավորվեն ընդհանուր մարտահրավերների՝ ահաբեկչության, հանցավորության դեմ պայքարի շուրջ, և եթե Ռուսաստանի դիրքորոշումը որևէ հարցով տարբերվում է, ապա ավելի լավ է փնտրել ընդհանուր լուծում, այլ ոչ թե երկիրը հայտարարել թշնամի՝ կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս մասին նա հայտնել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ վերջին 15 տարում իր հայացքները չեն փոխվել։

«Մենք ունենք ընդհանուր սպառնալիքներ, մենք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ցանկանում ենք, ձգտում ենք աշխարհի բոլոր պետությունների ջանքերի միավորման՝ այդ սպառնալիքների դեմ պայքարի համար։ Դա միայն ահաբեկչությունը չէ, այլ նաև հանցավորությունն է, մարդկանց առևտուրը, դա պայքարն է շրջակա միջավայրի պահպանության համար։ Եվ դա չի նշանակում, որ մենք ամեն անգամ բոլորի հետ պետք է համաձայնենք այդ կամ այլ հարցերով»,- ասել է նա։

Անդրադառնալով Ղրիմի բռնակցման հարցին՝ Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի միացմանը հաջորդած եվրոպական պատժամիջոցները սխալ են և ուղղված են ոչ թե Ուկրաինայի աջակցմանը, այլ Ռուսաստանի հնարավորությունների աճի զսպմանը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումներ փնտրել Եվրոպայի հետ համագործակցությունում միջազգային իրավունքի հիման վրա։ Պուտինի խոսքով՝ Ղրիմի տարածքային պատկանելության հարցում իր համար ավելի կարևոր են ոչ թե սահմանները, այլ մարդկանց ճակատագիրը։ «Ես դրա տակ հասկանում եմ 2.5 մլն մարդու»,- ասել է նա։

Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հարաբերություններին՝ Պուտինը նշել է, որ նրան անկեղծ և պրոֆեսիոնալ մարդ է համարում։ ՌԴ նախագահը նշել է, որ չի ցանկացել Մերկելին վախեցնել լաբրադորով, ինչպես ԶԼՄ-ներն են մեկնաբանել, երբ 2007 թվականին նրա շունը՝ Կոնին, հայտնվել է դահլիճում, որտեղ ընթացել են բանակցություններ կանցլերի հետ։ Նա նշել է,որ չի իմացել շներից ունեցած կանցլերի վախի մասին։

«Ես հակառակը՝ ցանկանում էի նրա համար հաճելի բան արած լինել, երբ նրան ցույց տվեցի իմ շանը։ Ես այնուհետև բացատրվեցի նրա հետ և ներողություն խնդրեցի դրա համար»,- ասել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20