ՏՄՊՊՀ-ն մշտադիտարկումներ է անցկացնում, նաև` ալյուրի շուկայում

ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ ապրանքների գներ նվազել են: Նա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հորդորեց ներկայացնել գնանկման մասին տեղեկատվությունը:

Արտակ Շաբոյանն էլ տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախորդ տարեվերջին խիստ վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում, նպատակն է եղել թույլ չտալ, որպեսզի գերիշխող դիրք զբաղեցնողները գների անհիմն թանկացումներ իրականացնեն:

Արտակ Շաբոյանն ասաց, որ ուսումնասիրություններ են իրականացվել մոտ 20 ապրանքների գծով, դրանք այն ապրանքներն են, որոնք սոցիալական նշանակություն ունեն և ներմուծվում կամ արտադրվում են գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից: Նա թվարկեց՝ խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, հավի մսին, ձվին…

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուշեց՝ իսկ ալյուրի՞նը: «Այո՝ ալյուրը, ցորենը, ցանկում ընդգրկվել է նաև բենզինը, ավտոգազը: բոլոր այդ ապրանքների գծով Ամանորի նախաշեմին գների աճ չի արձանագրվել, ավելին, որոշ ապրանքատեսակնրի գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են մինչև 30 տոկոսով: Սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրն ու ցորենը ներկրվում է ՌԴ-ից»,- ասաց Շաբոյանը:

Հովիկ Աբրահամյանը հարցրեց՝ եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, ինչո՞ւ հացի գները չեն նվազում: Շաբոյանն ասաց, որ հացի գների անկում արձանագրել են իրենք: «Բայց ոչ 30 տոկոսի չափով»,- հակադարձեց վարչապետը: Շաբոյանն ավելացրեց, որ հացի արտադրության ոլորտում կան հարյուրավոր ու հազարավոր տնտեսվարողներ, դաշտը մրցակցային է, հակամրցակցային համաձայնություններ չեն կարող այս դաշտում լինել:

Մարիամ ՄԻՐԶՈՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20