Հայաստանում աճել է նախադպրոցական հաստատությունների թիվը

- in Կրթություն
Dproc

Հայաստանի Հանրապետությունում աճել է նախադպրոցական հաստատությունների թիվը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012-ին Հայաստանում եղել է 683, 2013-ին` 697, 2014-ին`713 նախադպրոցական հաստատություն:

Աճել է նաև նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը. 2012-ին նմանատիպ հաստատություններ հաճախել է 69,5, 2013-ին` 68,9, 2014-ին` 72,7 հազար երեխա:

Հանրապետությունում ավելացել է հանրակրթական դպրոցների քանակը: 2012-ին Հայաստանում եղել է 1435, 2013-ին` 1434, 2014-ին` 1437 դպրոց:

Փոքր-ինչ նվազել է հանրակրթական դպրոցներում սովորողների թվաքանակը: 2012 թվականի տվյալներով` հանրակրթական դպրոցներում սովորել է 368,7, 2013-ին 360,4, 2014-ին` 359,6 հազար դպրոցական:

Փոքր-ինչ նվազել է ուսուցիչների թվաքանակը հանրակրթական դպրոցներում. 2012-ին հաստատություններում աշխատել է 40,8, 2013-ին 39, 8, 2014-ին` 39 հազար ուսուցիչ:

Վարժարանների քանակը վերջին տարիներին էական փոփոխությունների չի ենթարկվել, փոխարենը` ավելացել է սովորողների թիվը:

2012-ին հանրապետությունում եղել է 16, 2013-ին` 19, 2014-ին` 17 վարժարան: Սովորողների թիվը աճել է. 2012-ին եղել է 3,9, 2013-ին`4,9, 2014-ին` 5,1 հազար ուսանող:

Նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների թվաքանակի առումով էլ էական փոփոխություններ չկան. ավելացել է սովորողների թիվը: 2012-ին նմանատիպ ուսումնական հաստատություններում կրթություն են ստացել 6,8, 2013-ին` 7,4, 2014-ին` 7,3 հազար մարդ:

Բուհերի թիվը 2014 թվականի տվյալներով նվազել է 3-ով` հասնելով 62-ի: Վերջին տարիներին նվազել է նաև դիմորդների թիվը:
ԱՎԾ տվյալների համաձայն` 2012-ին բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 21,3, 2013-ին` 19, իսկ 2014-ին` 17,5 հազար դիմորդ: Նվազել է նաև շրջանավարտների թիվը:

Փոխարենն աճել է օտարերկրյա ուսանողների թիվը: 2012-ին հանրապետության բուհերում սովորել է 2725, 2013-ին` 3655, իսկ 2014-ին` 3647 օտարերկրյա ուսանող:

Որոշակի նվազում է նկատվել նաև բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի թվաքանակի առումով: 2012-ին բուհերում աշխատել է 8356, 2013-ին` 8389, 2014-ին 7913 մարդ:

Spread the love