Զինված խմբի կալանավորված 33 անդամներից 8-ն ազատ են

Banda

Թե որքան մարդ է ներգրավված Արթուր Վարդանյանի կողմից ղեկավարվող զինված խմբի հետ համագործակցելու մեղադրանքով, դրանցից քանիսն են կալանավորված ու քանիսի նկատմամբ է այլ խափանման միջոց կիրառվել, քրեական գործի նախաքննությունն իրականացնող ԱԱԾ-ն հրաժարվում է հայտնել: Այս մասին գրում է Փաստինֆոն:

Սակայն, փաստաբանների տեղեկություններով, անազատության մեջ գտնվողների թիվն անցնում է երեք տասնյակից:

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ գործով զբաղվող մի քանի փաստաբաններ նշեցին, թե գործում ներգրավվածները 33-ն են, նրանցից 8-ը վերջին օրերին ազատ են արձակվել` խափանման միջոցի փոփոխության հիմքով:

Կալանքից ազատված հիշյալ 8 անձանցից հաջողվեց պարզել միայն 6-ի ով լինելը: Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ էին արձակվել կալանավորված 5 կանացից 3-ը` Նելի Մինասյանը, Լիլիթ Թորոսյանն ու Սրբուհի Այվազյանը:

Ավելի ուշ ազատ արձակվեցին նաև երկու եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները:

Կալանքից ազատված երրորդ անձը Գյումրիում գործող «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թութունջյանն է, ում խափանման միջոցը ևս փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ըստ փաստաբանների ունեցած տեղեկությունների, ազատ արձակվածների ցանկն այսքանով չի ավարտվում, նրանց տեղեկություններով, կան ևս երկու ազատվածներ, որոնց ով լինելը, սակայն, մեզ հետ զրուցած փաստաբաններից ոչ ոք չգիտեր:

Էլ ավելի հանելուկային է գործում ներգրավվածների թիվը: ԱԱԾ-ն այս հարցում ևս քար լռություն է պահպանում:

ԱԱԾ տարածած միակ պաշտանական տեղեկատվության մեջ նշված խմբի անդամների ընդհանուր թիվը 20-ն է: Դրանից հետո, չնայած ձերբակալությունները շարունակվեցին, բայց ԱԱԾ-ն այլևս պաշտոնապես ոչինչ չհայտնեց:

Պաշտոնապես հայտարարվեց միայն ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի ձերբակալության մասին:

Այսպիսով, ըստ ԱԱԾ-ի՝ հարուցված քրեական գործով կալանավորվածների պաշտոնական թիվը 23 է: Եթե նրանց ավելացնենք նաև Գյումրիում ձերբակալված «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիոյին ու նույն ռադիոկայանի աշխատակցուհի Լիլիթ Թորոսյանին, որոնց մասին ԱԱԾ-ն թեև ոչինչ չի հայտնել, բայց մամուլին հայտնի էր դարձել, գործում ներգրավվածների թիվը կհասնի 25-ի: Մինչդեռ փաստաբանները, ինչպես նշեցինք, 33 անձի մասին են նշում:
Թե ովքեր են մնացած 8 հոգին, պարզել չհաջողվեց:

Նշենք, որ առաջադրված մեղադրանքները նույնն են` հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Ենթադրյալ հանցախմբի անդամները, ըստ ԱԱԾ-ի, հավաքագրվել և ղեկավարվել են հանցախմբի ղեկավար ներկայացվող «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից:

ԱԱԾ-ն նաև հայտարարել էր, որ զինված խումբը ծրագրել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների սպանություններ, իսկ թե ում` շարունակում է գաղտնիք մնալ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.