Սեդրակ Երկանյան. «Ոչ այնքան Բոնապարտ եմ պատկերացնում, որքան Բեթհովեն…»

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ. ՄԱՍ VII

ԵՐԿԱՆՅԱՆՆ ԻՐ ՆՎԱԳՈՎ «ԸՆԹԵՐՑՈՒՄ Է» ԲԵԹՀՈՎԵՆՅԱՆ ՄԵՆՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՇՇՈՒԿՆԵՐԸ

– Սեդրակ Երկանյան դաշնակահարի հետ այս զրույցը հատուկ առիթով է: Ըստ իս, արտակարգ իրադարձություն էր այն, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 2015թ. դեկտեմբերի 13-ին հնչեց Բեթհովենի V կոնցերտը՝ «Imperateur»: Մենակատարը Դուք էիք: Այս կատարումն իրադարձային էր հայ մշակութային կյանքում, քանի որ Բեթհովենի բարդ և վեհ ստեղծագործության կատարումը պահանջում է ոչ միայն կատարողական վարպետություն, այլ նաև հասուն հոգեաշխարհ և իմաստնություն ու խորաթափանցություն՝ գործին ճիշտ մեկնություն տալու համար: Դուք Ձեր նվագով հաղորդեցիք Բեթհովենի երաժշտության վեհությունն ու գեղեցկությունը, դաշնամուրային կատարումով «ընթերցեցիք» այն գաղափարները, որ մատուցում է հեղինակն արդեն դարեր մարդկային բազմաթիվ սերունդների: Այդ գաղափարների ծնունդ է V կոնցերտը, որ հայտնի է նաև «Imperateur» անվամբ:

Սեդրակ Երկանյան. – V կոնցերտը նախապես նվիրված է եղել Նապոլեոն Բոնապարտին՝ որպես ազատական գաղափարների ջատագովի և առաջնորդի: Հայտնի է, սակայն, որ հետագայում, երբ Նապոլենն իրեն հռչակել է որպես միապետ՝ կայսր, Բեթհովենը վրդովված այդ իրողությունից՝պարտիտուրի տիտղոսաթերթը պատռել է:

Բեթհովենի «Imperateur»-ը նվագել եմ 38 տարի առաջ Յուրի Դավթյանի, ապա՝ Թբիլիսիում Կախիձեի հետ: Եվ ահա անսպասելի առաջարկ ստանալով դիրիժոր Զավեն Վարդանյանից՝ ընդամենը տաս օրում պատրաստեցի ելույթս, այն դեպքում, երբ շաբաթներ և ամիսներ է պահանջում նման կատարման նախապատրաստությունը:

– Երկանյանական նվագի մեջ անհատն էր՝ ազատության ու մարդկային վեհ գաղափարների կրողը, նաև իր ներսը քննող, իր մենության շշուկներն ունեցող մարդը, որը Բեթհովենի գաղափարակիրն էր, մեծ երաժշտի և մտածողի իդեալի կրողը: Ունկնդրին հաղորդված հուզական լիցքը երաժշտական պատումի ճշմարտացիության և հեղինակի մտահղացմանը հավատարիմ դաշնամուրային կատարման մեջ էր:

Բացահայտեք Բեթհովենի ստեղծագործության սեփական մեկնության մանրամասները: Ի՞նչն է Բեթհովենի V կոնցերտի կատարման Ձեր մեկնակետը: Հայտնի են նույն ստեղծագործության՝ հանրահայտ դաշակահարների կատարումներ, և դրանք մեկը մյուսից տարբերվում են: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը, Ձեր մեկնությունը:

Ս. Երկանյան. – Մեր զրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ պետք է հեղինակին հնարավորինս մոտ լինել, նրա նշումներին՝ հավատարիմ. հեղինակի մտահղացումն արտահայտվում է այդ նշումներով՝ թեկուզ երաժշտական: Ասենք, piano է, forte է, մի տեղ էլ գրում է՝ «espressivo», ասել է, թե՝ արտահայտիչ: Թեև երբևէ չեմ հասկացել, թե հեղինակն ինչու է գրում «espressivo». երաժշտությունն առանց այդ էլ էսպրեսիվո է., երաժշտությունն արտահայտչականություն չունենա, էլ այն ինչի՞ համար է: Բայց եթե գրում է «espressivo», նշանակում է քեզ այնտեղ հուշում է, որ մի բան առավել պետք է լինի կամ մի բան տարբեր պիտի լինի: Այդ «արտահայտիչ» եզրույթը գործածում է, քանի որ երևի այլ մեկը չկա՝ իր ասելիքն արտահայտելու համար: Գոնե ինձ դա հուշում է, որ ես այդտեղ մի քիչ կենտրոնանամ: Կամ թե ինչու՞ է մեկ այլ տեղ piano դրել…

– Նկատել եմ, որ Բեթհովենի V կոնցերտի՝ այլոց կողմից մի շարք կատարումներում ստեղծագործության մուտքը խիստ ընդգծված, գրական տեքստով արտահայտած՝ բարձրագոչ, բարձր տոնայնությամբ է, մի տեսակ չափազանց հանդիսավոր ու «ֆանֆարային»: Ի տարբերություն դրանց, հանրահայտ դաշնակահար Արաուի կատարման մեջ, մուտքը մեղմ-հանդիսավոր է, ավելի խաղաղ ընթացքով: Նույնը որոշակիորեն նկատելի է Ձեր նվագում է:

Ս. Երկանյան. – Նույն cadenza-ն, որով սկսվում է կոնցերտը, գրեթե բոլորը նույն կերպ են կատարում, ավանդաբար ընդունված ձև է: Եզակի դաշնակահարներ կան (հենց նրանք էլ իմ ուսուցիչներն են), որոնք այս սկիզբը՝ cadenza-ն, բացարձակ տարբեր են նվագում: Էլի նույն նոտաներն են նվագում, բայց ավելի զուսպ: Եվ զուսպ՝ բնորոշ կայսերը, կայսերական վեհանձնությանը: Ի վերջո, բնորոշ այն հերոսի կերպարին , որին պատկերել է Բեթհովենը, բնորոշ նրան, որին հեղինակը կուզենար տեսնել՝ որպես եվրոպական գաղափարական, քաղաքական մտքի կրողի, մարդկային բոլոր հատկություններով օժտված անձի: Նրան էր, որ Բեթհովենը ողջ կյանքում փնտրեց. կռիվ տվեց միայնակ, որ գտնի այդ մարդկայինը: Իր ամբողջ օրը կռիվ էր. մե՛րթ սպասուհու հետ, մե՛րթ՝ քարտուղարի, մե՛րթ՝ պարտատերերի, մե՛րթ՝ աշակերտի, եղբոր տղան էլ կյանքը թունավորեց մինչև վերջ:

– Ի վերջո եղավ հիասթափություն նաև Նապոլեոնի կերպարից, որին «Imperateur»-ում ներկայացրել է՝ որպես ազատության և վեհ մարդկայինի կրողի: Եվ կերպարը մնաց զուտ իր ստեղծագործությունում՝ որպես անհասանելի իդեալի, որ իրական մարմնացում չստացավ իրական կյանքում, բայց արվեստի լեզվով արտահայտված ուղենիշ է ողջ մարդկության համար՝ բոլոր ժամանակներում՝ բեթհովենյան դարաշրջանից մինչ արդի օրերը:

Ս. Երկանյան. – Իր իդեալը մնաց իր գործերի մեջ: Ինքն էլ չիմացավ՝ ինչպես հասավ իր իդեալին՝ լինի դա V կոնցերտ, թե Իններորդ սիմֆոնիա կամ Մեծ Մեսսա: Ու ինքն այդ ստեղծագործություններում, իր սահմանած չափանիշների մեջ, դրանց համարժեք իրեն դրսևորեց՝ որպես մեծ քաղաքացի:

– Բացահայտեք, խնդրեմ, բեթհովենյան կոնցերտի երկանյանական կատարման մի քանի մասնագիտական գաղտնիքներ:

Ս. Երկանյան. – Սովորաբար cadenza-ն կոնցերտի մեջ այն հատվածն է, որում մենակատարին լրիվ ազատություն է տրվում: Արդեն քո մեկնաբանումը չես պայմանավորում հեղինակին խիստ հավատարիմ մնալու կանոնով: Այստեղ դու արդեն քիչ իմպրովիզատոր ես: Երբ նայում ես տեքստին, մեկ ինքը տվել է կվարտոլ, մեկ տրիոլ, մեկ՝ կվինտոլ (դրանք երաժշտական խմբավորումներ են՝ չորսական, երեքական, հնգական, յոթական նոտայից բաղկացած): Թող, ասենք, մի գծի մեջ դներ, ինչպես սովորաբար անում են ռոմանտիկ հեղինակները: Ինքն ընդամենը դրել է երկու forte և ապավինում է այդ չափերին:

Ահա կոնցերտի այդ հատվածում Արաուն երկար տարիներ ապավինել է այդ մոտեցմանը. իր մուտքը խաղաղ հանդիսավոր է, վեհանձնորեն հանգիստ, ինքնավստահ:

– Հերոսական անհատի կերպարի մեջ Բեթհովենը կոնցերտի հետագա ընթացքում կերտում է նաև մարդու ներաշխարհը, տեսնում ես ինքն իրեն խորհող, ինքն իր ներսը նայող անհատին՝ իր անձնական ապրումներով ու մտորումներով… Ես դա՛ տեսա Ձեր կատարման մեջ:

Ս. Երկանյան. – Իհա՛րկե, եթե անգամ մենք ընդունում ենք, որ ի վերջո, այդ գործը նվիրվել է Բոնապարտին, չմոռանանք, որ նա սիրող մարդ է եղել, տղամարդ, որի համար խելքահան են եղել բազմաթիվ կանայք: Սիրող սիրտ է եղել: Կանանց մի տեսակ կար, որ կարող էր սիրել հանուն փառքի, Բոնապարտի կողքը լինելու, փառքը վայելելու համար: Կանայք կային, որոնք տեսնում էին այդ մարդու հոգու խորքը, խորությունները, նրա լռությունը, կուզենային նրա լռության հետ լինել. ոչինչ, որ պարտվել էր, աքսորվել: Այդ մարդը նաև այդ տեսակ կողմն ունի՝ իր լռությունը, իր շշուկներն ունի իր մենության մեջ: Այս պահերը լեցուն են այս ստեղծագործության մեջ: Կոնցերտի ամբողջ երկրորդ մասն է այդպիսին: Երկրորդ մասը մի տեղ է պոռթկում: Մնացածը՝ ամբողջը խո՜ր, անդորր… Եվ այստեղ արդեն ոչ այնքան Բոնապարտ եմ պատկերացնում, որքան Բեթհովեն…

Հեղինակի կողմից արված հուշող ֆրազներ էլի կան: Օրինակ, cadenza-ից հետո օրկեստրային նախաբանն է՝ էքսպոզիցիան, հետո արդեն գալիս է դաշնամուրի բուն էքսպոզիցիան: Այստեղ էլի նա ընդամենը գրել է՝ dolce : Դա նշանակում է՝ քնքուշ, փափուկ: Ու տասնչորսերորդ տակտին նոր սկսում է ուժեղանալ, հաջորդին՝ հասնում է ինչ-որ կուլմինացիայի՝ forte: Այստեղ, ես կարող եմ ասել, եզակի եմ իմ կատարումով: Այստեղ ոչ մեկի մոտ այն տպավորությունը չի ստացվում, ինչին հասնում եմ ես: Այսօր ես հանդգնեցի այս հատվածը մի քիչ ավելի լեցուն նվագել: Սովորաբար մի քիչ մեղմ եմ նվագում: Ճիշտ է, էլի մեղմ է, բայց ես փորձեցի ստեղծել փոքր-ինչ այլ տպավորություն. որ պիանոյից սկսվելով վերջում մի շեշտ մեջտեղ բերելով կատակի պես գնա…

«ՊԵՏՔ Է ԿՈՒԼՏՈՒՐԱ ՈՒՆԵՆԱԼ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Բեթհովենի ստեղծագործությունները ներկայացնող այս համերգը միակն էր, ինչի կրկնությունը հնարավոր է, երևի թե, միայն այն դեպքում, երբ երաժշտասեր հանրությունը պահանջ ներկայացնի նորեն այն ունկնդրելու:

Կա՞ն էլի հանգամանքներ, որ խանգարում են Ձեզ՝ հաճախ հանդես գալու որպես դաշնակահար: Հանրապետության առաջատար դաշնակահարի նվագը հայ երաժշտասեր հանրությունը հաճախ չի լսում: Ուստի ամեն մի Ձեր բեմելույթ մշակութային իրադարձություն պետք է որակել: Ի՞նչն է խանգարում Ձեր՝ որպես դաշնակահարի բեմելույթներին: Դիրիժորական պարտականություննե՞րը, թե՞…

Սեդրակ Երկանյան. – Մի քանի հանգամանքներ կան, որոնք պարզապես քեզ ստիպում, պարտադրում են համերգով քիչ հանդես գալ: Նախ, անկեղծ ասած, լավ գործիքի բացակայությունն է: Ինչպես լավ կամ ցանկացած կարգի ջութակահարն է ձգտում Ստրադիվարիուսի վրա նվագել, Ամատտիի գործիքն ունենալ (գործիքն այնքա՜ն բան է պայմանավորում քո նվագի): Ինքը՝ գործիքն անգամ հուշում է, թե ինչպիսի ձայն, ինչպիսի երանգ, ինչպիսի տուշե… Բայց երբ չկա այդ գործիքը, արդեն սկսվում է «մենամարտ» անհաղորդ մարմնի հետ, թե ո՛նց անես, ինչպե՛ս անես, ինչպես ծլացնես այդ ձայնը, ինչ մոգոնես, ինչ ձև բանեցնես… Սա շատ կարևոր հանգամանք է:

– Լավ գործիքի բացակայությունն, իհարկե, լուրջ պատճառ է՝ դաշնամուրային մենանվագներով հանդես չգալու: Մի առիթով ասացիք, որ դաշնամուրի հնարավորություններն անծայր են. կարծեմ այդպես: Որ նրանով կարելի է մի ողջ նվագախմբի փոխարինել:

Ս. Երկանյան. – Դաշնամուրն այն գործիքն է, որ կարող է իր դիապազոնի, օկտավային տարբեր հնչերանգների, պեդալի շնորհիվ ստեղծել այնպիսի ձայնային ծավալ, որ որևէ գործիքով դա չես կարող անել: Անգամ երգեհոնը, որ հարուստ է ռեգիստրներով, ի տարբերություն դաշնամուրի, չի կարող այն ձայնածավալը տալ, ինչը որ տալիս է դաշնամուրը: Այսինքն՝ ծավալ ասելով՝ ոչ միայն ուղիղ հնչողություն (երգեհոնը սեղմեցիր, այլևս ձայնի տերը չես). դաշնամուրն իր տուշեի շնորհիվ, իր մատնահպումով միլիարդ տեմբր, դինամիկա, այսինքն՝ ծավալ կարող է ստանալ, իր պեդալի շնորհիվ, որը կարող ես այնպես օգտագործել, որ շուրջը ծովի ալիքի պես բարձրանա՜-իջնի: Երգեհոնը նման բանի հնարավորություն չունի: Լարայինները երբեմն կարող են ստեղծել, բայց միայն մեկ լարի վրա: Իզուր չէ, կոնցերտների նվագախմբային բաժինը փոխադրում են դաշնամուրի համար, որովհետև կարողանում է փոխարինել ամբողջ նվագախմբի գործիքային կառույցին: Դու կարող ես, վարպետ լինելով, թե՛ ֆլեյտայի, թե՛ հոբոյի, թե՛ կլարնետի, թե՛ բասի ձայնը ստանալ:

– Պարզ է, որ դա կարելի է անել միայն լավ գործիքով: Կա՞ն էլի հանգամանքներ, որ խոչընդոտում եմ Ձեր՝ որպես դաշնակահարի առանձին համերգներով հաճախակի հանդես գալուն:

Ս. Երկանյան. – Մյուս պատճառը, բնականաբար, «Տաղարանի» հետ կապված աշխատանքային զբաղվածությունն է, որ ահռելի ժամանակ է խլում: Ո՛չ միայն որպես դիրիժոր, գեղարվեստական ղեկավար, այլ նաև «Տաղարանի» երգացանկը մշտապես հարստացնելու մտահոգությամբ՝ մշակող, գործիքավորող… Այդ աշխատանքն ահռելի ժամանակ է պահանջում, որովհետև պիտի նայես, փնտրես, լսես, համադրես… Սա՝ իր հերթին, «Տաղարանի» համերգային գործունեությունն՝ իր հերթին: Այս երկրորդը ֆիզիկական այնպիսի ծանրաբեռնվածություն է, որ սպառված տուն ես վերադառնում, ու այլևս շատ դժվար է…

– Բեթհովենի V կոնցերտի կատարումը առիթ չէ՞ դարձյալ վերադառնալու, որպես դաշնակահար, համերգային գործունեությանը:

Ս. Երկանյան. – Մինչև կոնցերտը նվագելու հրավերը ստանալը, մինչ այս տասը օրերի պարապմունքներն արդեն մի շարք նոտաներ հանել, դրել, սկսել էի վերհիշել կամ սկսել էի սովորել: Եվ եթե ի վերջո իրականություն դառնա ցանկությունը՝ Կամերային երաժշտության տանն ունենալու նոր գործիք, անպայման ես պիտի մենահամերգներով հանդես գամ:

– Այլ վայրերում, դահլիճներում չկա՞ն գործիքներ:

Ս. Երկանյան. – Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում կա գործիք, բայց դահլիճը վարձավճարով է, ու ես վստահ չեմ, որ կհավաքվի այնքան հանդիսատես, որ վարձավճարի տակից դուրս գամ ու գոնե մի բան էլ ինձ մնա…

– Այն, որ հանրությունը տեղեկացված չէ Ձեր և համույթի համերգներից կամ հետաքրքրված չէ նման համերգներով, դա խնդրի մի երեսն է: Բայց մյուս կողմից, առկա է իմիջի ստեղծման գործիքների բացակայությունը: Հայաստանում և կոնկրետ այստեղ՝ Կամերային երաժշտության տանը, այն հիմնարկում, որ պետք է զբաղվի համերգների մասին տեղեկատվության տարածման, գովազդի և այլ հարցերով: Տպավորությունն այնպիսին է, որ PR մենեջերները ոչ թե վատ են աշխատում, այլ ընդհանրապես այդպիսիք չկան: Քանիցս եմ իմ մտահոգությունն արտահայտել այն երևույթի վերաբերյալ, երբ բարձրորակ համերգները մասնավորապես Կամերային երաժշտության տանն անցնում են կիսադատարկ դահլիճում: Ինչու՞ է այդպես:

Ս. Երկանյան. – Շատ պարզ պատճառով: Որովհետև մենք ապրում ենք Հայաստանում՝ Երևանում, հայերի մեջ, հայ երաժշտական շրջանակներում, խավերում: Հայ արվեստով, մանավանդ երաժշտական արվեստով հետաքրքրվածների, և առհասարակ մեզանում արվեստագետների տեսակը շատ հիվանդոտ է, ախտաբանությամբ հարուցված: Ինչո՞վ, ի՞նչ նկատի ունեմ: Եթե <<դրսից>> ինչ-որ մեկը գա, բոլորը կվազեն նրա համերգին՝ առանց իմանալու՝ լավ է նվագում, թե՞ վատ, լա՞վ է երգում, թե՞ ոչ: Սա արդեն քաղքենիություն է, մանավանդ այն ֆոնի վրա, որ երբեք չեն գնա իրենց լավագույնի համերգին, եթե իրենց <<մարդը>> չէ, եթե շահ չունեն ինչ-որ մեկից, չեն արձագանքի, չեն պատմի: Սա արդեն հիվանդություն է, ինչ ուզում եք ասեք, ոնց ուզում եք բնորոշեք՝ մենտալիտետ է…

– Եվ մեզանում դա նորություն չէ…

Ս. Երկանյան. – 1970-ականներին եմ սա ինքս ինձ արդեն վերլուծել, հետազոտել: «Դեղին աֆիշներ» էի անվանում այդ երևույթը: Դեղին աֆիշները հայտնվում էին, երբ «դրսից»՝ արտասահմանից մարդ էր գալիս: Նման համերգներին գալիս էին ինչու՞. ոչ թե առանձնապես լսելու համար, այլ ցույց տալու, թե այս զգեստը, կոշիկը որտեղի՛ց են ճարել…

– Եվ ասելու, ցուցադրելու, որ ներկա են այդ համերգին…

Ս. Երկանյան. – Կարող էր տեղի կամ Ռուսաստանից ժամանած մի արտակարգ, ֆանտաստիկ երաժիշտ լիներ, և դահլիճում հավաքարարներին, հանդերձապահներին լցնում էին, որ 6-7 հոգի լինեն, որպեսզի համերգը կայանա… Բայց դաշնակահարը ֆանտաստիկ ձևով նվագում էր: Սա ազգային հիվանդություն է, ինչի արմատները չգիտեմ՝ որտեղից են գալիս, բայց պարարտանյութը ստացավ Սովետ Միության <<լճացման>> տարիներից սկսած: Ես հիշում եմ՝ 60-ականներին, երբ դեռ երեխա էի, բոլոր դահլիճներում, հատկապես Լենինականում, ասեղ գցելու տեղ չկար: Որովհետև այն ժամանակ մարդն ապրում էր դրանով՝ արվեստո՛վ: Հիշում եմ՝ ես էի, դերձակ հայրս էր, կուսկոմի քարտուղարն էր, սա էր, նա էր, ողջ քաղաքի էլիտան այնտեղ էր: 70-ականներին սկսվեց փոխվել, երբ կաշառակերություն ասվածը դարձավ կուռք: Դա իր հետ բերեց բոլոր տեսակի բարոյական արժեքների անկում:

Ինչ վերաբերում է PR-ին: Մեզ մոտ պրոֆեսիոնալ PR չկա: Եթե որոշ հիմնարկների գլխին կանգնած են իշխանության մարմիններից հովանավորներ, եթե այդ հիմարկների համար տեր ու տիրական են «վերևներում», ապա քարոզում են, ձեռնարկում միջոցներ: Ասենք, եթե Սպիվակովի հյուրախաղերի ժամանակ այդ աշխատանքը չտարվի, եթե այդ գործին լծված մի քանի հոգի տոմսը 100 դոլարով չծախեն՝ պարտադրանքով, դահլիճը հաստատ լեփ-լեցուն չի լինի: Այդ տեսակ վայրի աշխատանք է գնում:

Ավելին ասեմ. եթե փորձեք Սպիվակովին կամ ցանկացած մեկ այլ արտիստի ասել՝ եկե՛ք, Հայաստանում ապրեք, ամեն շաբաթ համերգ տվեք, կտեսնեք, թե մի քանի ամսում նրանց հանդիսատեսի թիվը ո՛նց կնվազի: Նրանք արդեն կդառնան սովորական երաժիշտ, որին արդեն 2-3 անգամ լսել են, այլևս բավական է… Սա՛ կլինի մեզանում նրանց հանդեպ վերաբերմունքը: Կսկսվի քամահրանքը, չգնահատելը:

– Մի՞թե մեզնում է միայն այդպիսի վերաբերմունքը, մի՞թե մեզանում են միայն այդչափ արհամարհված հիրավի արվեստի մեծ արժեքներ ստեղծող անձանց ջանքերը: Ձեր ղեկավարած «Տաղարանի», նաև մի շարք՝ բարձր արվեստ ներկայացնող համույթների, անհատ-երաժիշտների համերգներին կիսադատարկ դահլիճներ տեսնելիս իսկական սրտի կանգ եմ ունենում: Դա և՛ վիրավորանքի, և՛ ամոթի զգացումից է, ամոթի, որ ապրում եմ՝ երաժիշտ-կատարողների, երգիչների հանդեպ, քանի որ հաստատապես գիտեմ, տեսել եմ, թե ինչպիսի ահռելի աշխատան ք է տարվում՝ ամեն բեմելույթի պատրաստվելիս, որքա՜ն ջանք է գործադրվում՝ հոգեկան, ֆիզիկական… Ներկա էի բեթհովենյան համերգի փորձերից մեկին. հսկայական աշխատանք տարվեց, ի՜նչ ոգեշնչվածությամբ մի ողջ նվագախումբ, Դուք՝ որպես դաշնակահար, դիրիժոր Զավեն Վարդանյանը կարճ ընթացքում ի՜նչ հսկայական աշխատանքի շնոհիվ պատրաստեցիք և ներկայացրեցիք Բեթհովենի V կոնցերտը: Եվ ի՞նչ. նույն իրավիճակն էր… Իսկ ինձ թվում է, ո՛չ համարյա համոզված եմ, որ եթե անգամ՝ դահլիճում մի քանիսն էլ նստած լինեն, ողջ նվագախումբն ու երգիչները կնվագեն ու կերգեն նույնքան արվեստով, ոնց լիքը դահլիճի առջև: Այսպիսի պատասխանատվությամբ եք մոտենում ձեր գործին, ձեր ներկայացրած արվեստին:

Ձեր նախկին համերգային շրջագայություններից տպավորությունները (հիշենք մեր նախորդ զրույցներից՝ հանդիպումներն ու հյուրախաղերը նախկին խորհրդային երկրի գլխավոր քաղաքներից սկասծ մինչև հեռավոր ծայրամասերը) հավանաբար թույլ են տալիս համեմատություն կատարելու մեր՝ հայ իրականության, հանդիսականի և այլոց միջև: Եվ ինչի՞ է հանգում այդ համեմատությունը:

Ս. Երկանյան. – Ես ձեռքիս տակ չունեմ համեմատական տվյալներ և չեմ էլ փորձում այդ այդ աշխատանքը տանել: Բայց մի բան կարող եմ ասել՝ իմ այն տարիների հետ համեմատելով, նրանց հանդիսականի մեջ լինելով, նրանց շփվելով: Նրանց ինտելեկտուալ մակարդակը հայերից մի 100 անգամ բարձր է, որովհետև նրանց համերգներին կտեսնես ոչ միայն երաժիշտների, այլև, ասենք, քիմիայով զբաղվող ոմն լաբորատոր, տեխնիկական աշխատողի… Մարդիկ կուլտուրա ունեն կուլտուրայի հետ շփվելու, առնչվելու, ապրելու դրանով: Այդ պատճառով էլ նրանց դահլիճները միշտ լիքն են եղել, և նրանք ոչ մի PR-ով չեն զբաղվել: PR-ն ընդամենը եղել է հայտագրերի վրա գրված անուն ազգանունը:

Վերջ VII արարի

Զրուցեց` Հասմիկ Սարգսյանը

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20