Նավթի գների անկումը հարված է հասցնում Ալիևների կլանին

Ilham Aliev

Եթե նավթի գների նվազումը ուրախացնում է նավթ ներկրող երկրներին, օրինակ՝ Ֆրանսիային, ապա սասանում է սև ոսկուց կախված երկրների տնտեսությունը:

Այն բանից հետո, երբ նավթի գինը մեկ բարելի դիմաց 120 դոլարից նվազեց մինչև 30 դոլար, Ալիևների կլանի հանդեպ երկրում աճող դժգոհությունը վերածվեց իրական ճգնաժամի:

Ադրբեջանի տնտեսությունը 90%-ով կախված է էներգառեսուրսների արտահանումից: Բանտարկված լրագրողուհի Հադիջա Իսմայիլովայի խոսքերով՝ նավթային «շիլայի» գերակշիռ մասը նստում է Ալիևների և նրանց հետ կապված կլանների օֆշորային հաշվեհամարների վրա, մնացած միջոցները մեծ մասամբ ուղղվում են երկրի կեղծ իմիջի ձևավորման և Լեռնային Ղարաբաղի հարցով ռևանշիստական տրամադրություններով պայմանավորված ռազմական ծախսերի վրա:

Առանց նավթային ասեղի մանաթը անկում է գրանցում

Զարգացման նման մոդելի դեպքում նավթի գների անկումը քայքայում է երկրի ամբողջ տնտեսական համակարգը, առաջին հերթին ֆինանսները: Կենտրոնական բանկը ի վիճակի չեղավ պահպանելու մանաթի կուրսը և դեկտեմբերի 21-ին բաց թողեց այն ազատ լողալու: Այժմ մանաթի արժեքը կիսով չափ նվազել է, իսկ առանց այդ էլ աղքատ բնակչությունը հայտնվել է ծայրահեղ վիճակում:

Սոցիալական խնդիրները

Stratfor-ը արդարացիորեն նկատում է, որ ներկա դժվարությունները կարող են արմատապես փոխել ընդդիմադիր շարժման բնույթը: Եթե նախկինում այդ շարժումն ընդգրկում էր միայն մտավորականների և լրագրողների առանձնապես վտանգ չներկայացնող փոքրաթիվ խմբերի, ապա այժմ Ադրբեջանին սպառնում է սոցիալական բողոքի հսկայական ալիքը:

Այլ Ադրբեջան

Մինչև այժմ արևմտյան գերտերությունները անվերապահորեն աջակցում էին գործող իշխանությանը՝ աչք փակելով բռնապետական ռեժիմի վրա, թեպետ ԵՄ-ն և ԵԽ-ն բազմիցս են քննադատել Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերաբար ոտնահարումը: Սակայն այժմ ժամանակն է, որ Ադրբեջանի փրկության համար ազատվեն ռեժիմից:

Պետք է կարողանալ կարդալ տողատակը, որպեսզի նկատվեն իշխանական վերևներում փոթորկի ազդանշանները: Դրա առնչությամբ հարկ է հիշատակել Էյնուլա Ֆատուլաևայի բավականին տարօրինակ հոդվածը, որում նա մեկնաբանում է ռուս վերլուծաբաններից մեկի հոդվածը այն մասին, որ Ալիևների կլանի անկումից հետո Ադրբեջանը, ի վերջո, կբաժանվի Իրանի և Ռուսաստանի միջև:

Տարօրինակ է, որ հեղինակը ջանք չի խնայում այդ տեսությունը հերքելու համար, սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ֆատուլաևան նախկին այլախոհ է, որին ռեժիմը ըստ երևույթին ստիպողաբար դարձրել է իր կողմը, ապա հաստատվում է այն կարծիքը, որ իշխանության գլուխ կանգնած դինաստիայի օրերը իսկապես հաշված են:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.