Հայաստանում կրկնակի նվազել է անպտղության ցուցանիշը

Bzhishk

Հայաստանում վերջին տարիներին կրկնակի նվազել է մայրական, նորածնային մահացությունների թիվը, չբերության ցուցանիշը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 30-ին նշեց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

«Վերջին տարիներին լուրջ հաջողություններ ունենք. կրկնակի նվազել է մայրական, նորածնային մահացությունների թիվը, չբերության ցուցանիշները, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն: Խնդիրներից է կրելախախտը, վաղաժամ ծննդաբերությունները և այլն: Ինչքան նվազի վաղաժամ ծննդաբերության ցուցանիշը, այնքան առողջ, նորմալ նորածիններ կունենանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռազմիկ Աբրահամյանը:

ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով` նվազել են հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշները: «Եթե մի քանի տարի առաջ տարեկան ունենում էինք շուրջ 30 հազար հղիության ընդհատում, ապա անցյալ տարի եղել է ընդամենը 7 հազար: Արհեստական ընդհատումը բաց և թափանցիկ է կատարվում, նորմալ պայմաններում»,-շեշտեց նա:

Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` կրկնակի իջել է նաև անպտղության ցուցանիշը: «2000 թվականին անպտղությամբ տառապող զույգերի ցուցանիշը 30 տոկոս է եղել, 2014-15 թթ. նվազել է հասնելով` 14,6 տոկոսի: Այսինքն` կրկնակի և ավելի պակասել է»,- հավելեց նա:

Spread the love