ՌԴ-ի ինքնաթիռը խախտել է Թուրքիայի սահմանը

- in Հրապարակ
Inqnatir

Պենտագոնի տվյալները հաստատում են, որ ռուսական ինքնաթիռն ուրբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Շաբաթ օրը Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռն ուրբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Այդ միջադեպի առիթով կանչվել է Անկարայում Ռուսաստանի դեսպանը:

Ռուսաստանի ՊՆ-ում այդ հայտարարությունը համարել են ակնհայտ պրոպագանդա և ընդգծել են, որ ոչ ռուսական ՀՕՊ-ը Սիրիայում, ոչ էլ սիրիական ՌԼԿ-ն սահմանախախտում չեն գրանցել:

Սիրիայում ռուսական ավիախմբի կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Սիրիայում Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել ռուսական ավիախմբի ինքնաթիռների կողմից: Թուրքական կողմի հայտարարությունը, թե իբր ռուսական «Սու-34» ինքնաթիռը խախտել է օդային տարածքը, մերկապարանոց քարոզչություն է»,- ասել է Կոնաշենկովը:

Ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թուրք ՀՕՊ մասնագետները գիտեն, որ օդային տարածքը վերահսկող ռադարները կարող են գրանցել օդում գտնվող օբյեկտի միայն բարձրությունը, ուղղությունը և արագությունը:

«Նմանատիպ ռադարներից ոչ մեկը ունակ չէ պարզելու օդային օբյեկտի տեսակը և պետական պատկանելությունը՝ Ռուսաստանինն է, թե՞ ԱՄՆ կողմից ղեկավարվող, այսպես կոչված, «հակադաիշյան կոալիցիայինը»: Դա հնարավոր է միայն այլ ինքնաթիռից ուղղակի տեսանելի շփման դեպքում, որը չի եղել»,- նշել է Կոնաշենկովը:

Նա ավելացրել է, որ Սիրիայում ո՛չ ռուսական ՀՕՊ միջոցով, ո՛չ էլ սիրիական որևէ ռադիոլոկացիոն կայանի միջոցով սիրիա-թուրքական սահմանի խախտում չի գրանցվել:

Պենտագոնը Ռուսաստանին և Թուրքիային կոչ է անում բանակցություններ վարել և բորբոքումը կանխելու միջոցառումներ ձեռնարկել: Այդ մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Մարկ Ռայթին:

«Ինչպես մենք հայտարարել ենք նախորդող միջադեպերից առաջ` ԱՄՆ-ն միանում է ՆԱՏՕ-ին Թուրքիայի հետ հանդուրժողականության հարցում, և մենք Ռուսաստանին կոչ ենք անում հարգել Թուրքիայի օդային տարածքն ու դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են տարածաշրջանում բարձր անկայունության: Կարևոր է, որ ռուսներն ու թուրքերը խոսեն միմյանց հետ և բորբոքման կանխման համար միջոցառումներ ձեռնարկեն»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Հիշեցնենք` շաբաթ օրը Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռն ուրբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...