Խոշորացումից հետո Մոտկորում քաղաքապետ են ընտրելու

- in Ընտրություններ

Լոռու մարզի Թումանյան քաղաքում և հարակից` Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղերի միավորման արդյունքում քաղաքապետի ընտրություններ են: Այն տեղի է ունենալու փետրվարի 14-ին: Առաջադրված թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ, ՀՀԿ տածքային կառույցի ղեկավար Լևոն Զավարյանն ու քաղաքապետարանի աշխատակից Էդգար Պետրոսյանն, ով պարզապես դրածո է` ընտրական օրենսդրության նորմը պահպանելու համար, իսկ առաջիկայում, սահմանված ժամկետում ինքնաբացարկ կհայտնի:

Առաջին անգամ էի Թումանյան քաղաքում, ձուն – ձմեռնոցին երթուղայինով սահելով, մրսելով հասա Թումանյան: Ավագանու անդամ, Վանաձոր – Ձախիձոր երթուղայինի վարորդ Սեյրանը հասցրեց մուտքի մոտ` գյուղապետարանների տիպային շենք: Քաղաքապետ Լևան Զավարյանի հետ զրուցեցինք համայնքի ու միավորվողգյուղերի խնդիրների, ծրագրերի, ընտրությունների ու ընտրակեղծիքների մասին: Ամենահետաքրքիրը` վերջում …

1950-ականներին բանվորական ավանից քաղաք է դարձել Թումանյանը, ինչպես քաղաքապետ Լևոն Զավարյանն է ասում. «Ժողովուրդը հավաքովի են, մոտակա գյուղերից, կիրթ են …»: Պարզվում է, Թումանյան քաղաքի վիճակը վատացել է 1990-ականներից. «Անկախությունից սկսած: 1996 թվականին ընտրվել եմ, նստած եմ մինչև էսօր …»:

– Թումանյանում չունենք խոշորացող գյուղերի նման ահավոր ճանապարհներ, մեր կենտրոնական փողոցներն ասֆալտապատված են, բարձրահարկերի տանիքները վերանորոգված են, մանկապարտեզինն էլ, արվեստի դպրոցն էլ: Քաղաքը նոր` 4 տարի առաջ գազաֆիկացրել ենք: Իսկ գյուղերում ոչինչ չկա, ոչ մի ենթակառուցվածներ, ճանապարհներ, արտադրություններ, հիմա խոշորանում են …

– Բա այդ պայմաններում արժե՞, որ նման վիճակում գտնվող գյուղերը միանան քաղաքին:

– Դա մենք չենք որոշողը, կառավարական ծրագիր ա: Վերջիվեջո Հայաստանը 900-ից ավելի համայնք ունի, Բելգիան` 300-ի: Գյուղեր կան, որ գյուղ չեն բայց այդպես են կոչվում: Հետևողական կլինենք, հարկերը կհավաքենք, դոտացիաները կուղղվի գյուղերի զարգացման համար և ոչ թե միայն աշխատակազմերի անդամներն աշխատավարձ կստանան:

– Բայց այդ, համայնքներն արդեն այս տարվա տարեսկզբին համայնքային բյուջեներ չեն կազմե՞լ արդեն:

– Տեղյակ էլ չեմ, կազմել են երևի, էս մեկ ու կես ամսում ինչ կանեն, կանեն, արդեն փետրվարի 14-ից հետո ընդհանուր բյուջե ա լինելու: Էդ գյուղերում վարելահողեր էլ չեն մնացել, միայն խոտհարքներ են, 20 տարի ա ոչինչ չի ցանվել: Նախկինում Թումանյանի կարտոֆիլը Լորուտից են բերել, հիմա իրենք էլ իջնում են հարթավայրային գյուղերից առնում: Գյուղերում միայն անասնապահությամբ են զբաղվում: Կաթի մթերման կայան, հետո` արտադրամաս պիտի կառուցենք, գյուղմթերքների վերամշակման արտադրություն, մսամթերքի արտադրություն:

Թումանյանի արտադրություններից էլ բան չի մնացել, Հրակայուն նյութերի, այսպես կոչված` աղյուսի գործարանը, տրիկոտաժի ֆաբրիկան, էլեկտրական սարքերի գործարանն անհնար է արդեն վերանորոգել, վերագործարկել, սեփականաշնորհումից հետո տվել են պարսիկներին, թալանվել, պրծել ա, ոչ մի բան չի մնացել … Կարի նոր արտադրություն ենք բացել, մի քանի կանայք են աշխատում, կամաց – կամաց` տուրիզմն էլ հետը կզարգացնենք, լավ կլինի, առաջ ենք գնում …

– Իսկ Թումանյանի բնակիչները գո՞հ են, որ այդ գյուղերը միանում են իրենց քաղաքին:

– Հիմնականում գոհ կլինեն, էլի, ինչ պիտի ասեն: Դե, Թումանյանի բնակիչներն այդ գյուղերի նախկին բնակիչներն են, և` ոչ միայն: Մեր հարաբերությունները Մոտկորի, այդպես ենք ասում, տարածքի գյուղերի հետ միշտ էլ լավ ա եղել:

– Իսկ Թումանյան քաղաքում` հաշվի առնելով ներկայումս հանրության սոցիալ – տնտեսական պայմանները, անցած տարվա բյուջեն կատարվե՞լ է …

– Միայն անցած տարի չէ, այդպիսի տարի չի եղել, որ չկատարվի: Իսկ անցած տարի կատարել ենք 101 տոկոսով, սեփական եկամուտները` 104 տոկոսով: Դոտացիաներն էլ` տասը տարուց ավելի է, ստանում ենք ժամանակին:

Լևոն Զավարյանի հետ զրույցը հետաքրքիր ու լարված էր անցնում, երբ հարցրեցի, թե Սերժ Սարգսյանի Հրատապ ծրագրի շրջանակներում ի՞նչ ծրագրեր են իրականացվել Թումանյան քաղաքում, նա մասնավորեց.

– Բազմահարկ շանիքների տանիքներն ենք վերանորոգել, վերականգնվել է քաղաքի լուսավորությունը, փողոցները բարեկարգվել, ասֆալտապատվել են, դպրոցի սպորտդահլիճն է նորոգվել, պաշտոնական կայքն ենք գործարկել …

Հետո, երբ հարցրեցի, թե իսկ անցած ընտրություններում իր նախընտրական խոստումների ո՞ր մասն է կատարվել, պարոն Զավարյանն ասաց` «բոլորը» ու թվարկեց նույն բաները. «Ես, ինչը որ խոսք եմ տալիս, պարտադիր կատարում եմ …»: Միայն առանձնացրեց, որ Մշակույթի տունը Սոցներդրումների հիմնադրամով է նորոգվել: Այդ ամենը ներառված էր նաև քաղաքի քառամյա զարգացման ծրագրում:

– Մանուկների հիմնադրամն է մեր քաղաքին օգնել` «Սմարթ» սենյակ ենք սարքել, մանկապարտեզի համար այս տարի պիտի գույք ձեռք բերենք: Լավ հարաբերությունների մեջ ենք «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ, ովքեր և´ ժողովրդին են սննդի տեսքով օգնում ամեն տարի, և´ քաղաքի նախկին մանկապարտեզն եմ սիմվոլիկ գնով տվել իրենց, որտեղ ամառային ճամբար, իսկ սեպտեմբերից` ծերերի կենտրոն են սարքելու: GIZ-ի միջոցով մեր գրասենյակը նորոգվեց ու կահավորվեց ամենավերջին տեխնիկայով: Թե չէ, մեր 35 մլն դրամանոց բյուջեին որ մնա` աշխատավարձերին էլ չի հերիքի, որովհետև մանկապարտեզը գործում է, սանմաքրումը գործում է` երկու օրը մեկ աղբատար մեքենան բակերով շրջում, աղբը հավաքում է …

Փետրվարի 14-ին բացի համայնքապետից, նաև` ավագանու ընտրություններ են կայանալու նաև Մոտկորի այս համայնքներում ու Լևոն Զավարյանին հարցրեցի, թե ավագանու թեկնածուները որքանո՞վ են համամասնորեն ներկայացնում և ընտրությունների արդյունքում պատկերելու համայնքները: Գուցե` նախկին գյուղապետերն ավագանինե՞ր են դառնալու:

– Չէ´, նախկին գյուղապետերը մնալու են իրենց տեղերում, ներկայացուցիչ են աշխատելու: Ամեն մի գյուղում մեկը պիտի լինի, որ տեղի դարդ ու ցավով զբաղվի, զանգի, ասի օգնություն ա պետք:

Իսկ ավագանիների պահով` նախնական համաձայնության ենք եկել, որ փոքր գյուղերից մեկական ավագանի լինի, իսկ խոշորները` Թումանյանն ու Լորուտն ա, այստեղից էլ երկուական ավագանիներ լինեն: Բայց արդեն Լորուտից առաջադրվել են 4, Շամուտից` 2, Ահնիձորում ընդամենը 100 ընտրող կա, 2 թեկնածուներ ու այսպես շարունակ:

Այստեղից հետոն ամենաժողովրդավարն ու հետաքրքիրն է.

– Դրա համար մենք պիտի էնենց անենք, որ Թումանյանից 700 ընտրողներից 350 ձայնը բաշխենք մյուս գյուղերի մեր ավագանիների միջև: Չենք ուզում էդ գյուղերում պառակտում, ղալմաղալ լինի, հանգիստ կանցկացնենք: Պիտի էնպես անենք, որ մարդիկ չփախնեն իրանց երկրից, մնան, շենացնեն մեր Մոտկորի տարածքը:

– Ինչպիսի՞ քարոզարշավ եք ծրագրում իրականացնել, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս շրջելո՞ւ եք:

– Իմ թիմով լինելու եմ բոլոր գյուղերում ու Թումանյանի թաղամասերում, այդ ժամանակ գյուղերի խնդիրներին ավելի մոտիկից կծանոթանանք: Բոլորին էլ վաղուց եմ ծանոթ, հուսամ, որ քարոզարշավի ժամանակ էլ որևէ խնդիր չի լինի: Կախարդական թայտիկ չունեմ, բայց ինչը խոստանամ` անելու եմ, կամաց – կամաց, գյուղ առ գյուղ: Չորս տարի հետո շատ բան արված կլինի` 100 տոկոս: Եթե խեցգետնի ու գայլաձկան նման ամենքը մի – մի կողմ չքաշեն` կլինի, փորձարարական ծրագիրն էլ կարդարացվի: Ինչի՞ պիտի վատ լինի, պիտի լավը լինի, էստեղ մարդկային գործոնից շատ բան ա կախված: 4 տարի հետո կտենաք ասածս` լուրջ առաջընթաց ա լինելու, ես համոզված եմ:

– Եվ վերջում. Ձեր կոչը, խոսքն ընտրողներին, գյուղերի ու քաղաքի բնակիչներին:

– Ի՞նչ ասեմ, տա Աստված, որ մեր մտածածն իրականանա, տարածքը զարգանա, բնակիչներն էլ` բարեկեցիկ ապրեն …

Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Spread the love