2015 թվականն ամենատաքն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ

- in Հասարակություն

2015 թվականն ամենատաքն է եղել օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է NASA-ի եւ Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության ուսումնասիրության մեջ:

Հետազոտության տվյալներով՝ մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանն անցյալ տարի կազմել է ըստ Ցելսիուսի շուրջ 15 աստիճան, ինչը մոտավորապես 0,2 աստիճանով բարձր է, քան 2014 թվականի ցուցանիշը:

Զեկույցի համաձայն՝ 2015 թվականին օդի ջերմաստիճանը 0,9 աստիճանով բարձր է եղել ամբողջ XX դարի տարեկան միջին ջերմաստիճանից:

Գիտնականները ենթադրում են, որ ջերմաստիճանի բարձրացումը կապված է Էլ Նինյո ֆենոմենի եւ մթնոլորտ ջերմոցային գազի արտանետումների ավելացման հետ:

Անցյալ տարվա հունվարին գիտնականները 2014 թվականը ամենատաքն էին ճանաչել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ՝ նշելով, որ գլոբալ ջերմաստիճանը Ցելսիուսի 0,68 աստիճանով գերազանցել է միջին ցուցանիշները:

Այս տվյալները հավաքվում են 1880 թվականից: Դիտարկումների պատմության ընթացքում 15 ամենատաք տարիներից 14-ը բաժին են ընկնում XXI դարին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20