Գյումրու կենդանաբանական այգում մնացած կենդանիների առողջության պահպանմանը վերաբերող քայլեր պետք է ձեռնարկել

- in Հասարակություն

Գյումրու կենդանաբանական այգում պահվող արջերից մեկը շուտով կսատկի, եթե անհապաղ չստանա կենդանաբուժական շտապ օգնություն, և պետք է մնացած կենդանիների առողջությանը վերաբերող անհապաղ քայլեր ձեռնարկել: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավար (WVS) Տագմար Մայերը:

«Անասնաբուժական տեսանկյունից կարող եմ ասել, որ այս պահին կամավորների աշխատանքը փայլուն է, և լսելով այն պայմանների մասին, որոնցում հայտնվել էին դրանք, ես ավելի վատ վիճակում էի ակնկալում տեսնել կենդանիներին», – նշեց Տագմար Մայերը, ով գործընկերների հետ Հայաստան է ժամանել «Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցչության հրավերով: Հայաստանում են գտնվում Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչները՝ թափառող և ընտանի կենդանիների ստերջացման աշխատանքների կատարման համար:

WVS ծառայության ներկայացուցիչը նաև տեղի կենդանապաշտպան կազմակերպություններին կոչ արեց համախմբվել և համատեղ նախագիծ ստեղծել:

«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում համակարգում է Գյումրու կենդանաբանական այգում պահվող կենդանիների կերակրման հարցերը:

«Այս պահի դրությամբ այգում բնակվում են երկու արջ և երեք առյուծ: Գյումրու կենդանաբանական այգու իրավիճակի մասին բարձրաձայնվել է տարիներ շարունակ: Մոտ երկու ամիս առաջ կենդանաբանական այգու սեփականատերը հայտնեց, որ այլևս ի վիճակի չէ հոգ տանել կենդանիների նկատմամբ, որից հետո ձևավորվեց նախաձեռնող խումբ, որը և սկսեց զբաղվել կենդանիների սննդի և ձմեռելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման հարցերով», – նշեց Արսեն Վարդանյանը:

Կամավորների խմբի ներկայացուցիչը շեշտեց, որ խնդիրը ոչ միայն կենդանիների սնունդն է, այլև համապատասխան ապրելու պայմանների բացակայությունը. օրինակ՝ չկա ջուր, և աշխատակիցները ստիպված են ձեռքով կրել այն:

«Իրավիճակից պարզ է, թե ինչպես կարելի է նման տարածքում և պայմաններում պահվող կենդանիներին ներկայացնող ընկերությունն անվանել կենդանաբանական այգի: Իսկ անազատության մեջ պահվող այս վայրի կենդանիների կերակրման ու մաքրման աշխատանքները միմիայն կամավորների շնորհիվ կազմակերպելը չի կարող լինել բավարար: Առաջնահերթը հարցի երկարաժամկետ լուծման անհրաժեշտությունն է և օրենսդրական ու կանոնակարգային դաշտի խնդիրների լուծումը, ինչի շնորհիվ ուղղակիորեն կկանխարգելվի հետագայում նման իրավիճակների ստեղծումը», – հայտնեց «Փրո փոու զ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

«Փրո փոուզ» կազմակերպության ներկայացուցիչը հիշեցրեց, որ դեռևս տասը տարի առաջ ԱԺ ներկայացվել էր վայրի կենդանիների պահման վերաբերյալ օրենսդրական առաջարկ, որը ոչ միայն ենթադրոմ է մարդ-կենդանի հարաբերությունների նորմերը, այլ նաև ուղիղ հղումներ տարբեր օրենսգրքերին, որպեսզի ֆիզիկական անձը կամ ընկերությունը, որը չունի համապատասխան բազա, կամայական ցանկության հիման վրա չկարողանա կիրառել որևէ նախաձեռնություն:

«Այս հարցը բարձրացվել էր դեռ նախորդ դարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, քաղաքապետարանը առաջինն էր արձագանքողների շարքում և զանգահարել կենդանաբանական այգու սեփականատերին և առաջարկել էր իր օգնությունը: Ինչին ի պատասխան մեզ տեղեկացրել էինն, որ ուրախ կլինեն քաղաքապետարանի կողմից կենդանիների՝ մեկ այլ կենդանաբանական այգի տեղափոխման աջակցությանը»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20