Ի՞նչ են ցանկանում կանայք

- in Հասարակություն
Hambuyr

Հենց սկզբից զգուշացնեմ, որ ասվածը բոլոր կանանց չի վերաբերվում, քանի որ կանայք (ինչպես և տղամարդիկ), տարբեր են լինում: Խոսքը հաճախ հանդիպող դեպքերի մասին է, որոնք ընդհանրացնելով էլ ասում են, որ այս կամ այն հատկանիշը բնորոշ է կանանց: Միաժամանակ նաև կփորձեմ բացատրել, թե ինչու են կանանց վարքը բնութագրում որպես հակասական ու անկանխատեսելի:

Եվ այսպես:

Տղամարդկանց, իրենց զուգընկերների/ամուսինների հետ փոխհարաբերություններում կանայք միաժամանակ երկու բան են ցանկանում, երկու բանի են ձգտում հասնել: Երկու հակադիր, միմյանց բացառող միտումներ, որոնք երկու հակադիր և իրար բացառող բևեռներ են:

Մի կողմից կանայք ցանկանում են, որ իրենց ընտրյալը/տղամարդը կատարի իրենց բոլոր ցանկությունները (թե այդ ցանկություններն ամեն անգամ որքանով են խելամիտ կամ նպատակահարմար լինում, միանգամայն այլ հարց է): Սա շատ հասկանալի ցանկություն է, որովհետև գերիշխող պատկերացման համաձայն, սիրող տղամարդը պետք է ամեն ինչ անի հանուն իր սիրած կնոջ: Հակառակ դեպքում էլ ի՞նչ իսկական տղամարդ, էլ ի՞նչ սեր:

Եվ այսպես, առաջին բևեռում այն ձգտումն է, որ տղամարդը կատարի իր ցանկությունները: Եվ այդ ձգտումն իրականացնելու համար կանայք գործի են դնում իրենց ողջ զինանոցը: Իսկ որ այդ զինանոցը շատ հարուստ է, անժխտելի է:

Եթե տղամարդն ընդառաջ է գնում կնոջը, (հանուն նրա, հանուն նրա հետ լավ հարաբերություններ պահպանելու, կամ էլ` պարզապես իր բնավորության պատճառով) և սկսում է կատարել կնոջ բոլոր ցանկությունները, նա վերածվում է հնազանդ կամակատրի: Արդյունքը լինում է այն, որ կինն անխուսափելիորեն հիասթափվում է այդ տղամարդուց: Նա բողոքում է և դժգոհում է այն բանից, որ իր տղամարդը տղամարդ չէ, «подкаблучник» է, չնայած այն բանին, որ հենց ինքն էր ուզում, որ տղամարդը կատարի իր ցանկությունները:

Մյուս կողմից, և սա երկրորդ, հակադիր բևեռն է, ցանկացած կին ուզում է, որ իր տղամարդը լինի ուժեղ, որ լինի որոշողը, լինի ձեռքը սեղանին խփող և իր կամքը թելադրող, որն իր վրա վերցնի բոլոր հարցերի պատասխանատվությունը: Սա է նաև պատճառը, որ կանայք և աղջիկները, ինտելիգենտ պահվածք ու վարք ունեցող տղամարդկանց փոխարեն շատ հաճախ նախընտրում են կոպիտ, երբեմն նույնիսկ բռի, խուլիգանական կամ լկտի դրսևորումներ ունեցող «վատ» տղամարդկանց: Կանայք այդպիսի պահվածքում տեսնում են վճռականություն, որն էլ ընկալում են որպես ուժ: Ինչևէ: Երբ կինը գործ է ունենում այդպիսի տղամարդու հետ, որը կոշտ է, կամ ուժեղ է, որը հրաժարվում է կատարել կնոջ ցանկությունները, կինը դարձյալ դժգոհում է և բողոքում է, որովհետև իր շատ ցանկություններ մնում են չիրականացած:

Կնոջ վարքը, ճոճանակի պես, տատանվում է այս երկու հակադիր բևեռների միջև: Նա մերթ այս բևեռում է, մերթ`հակադիր բևեռում է, մերթ այս երկու բևեռների միջև ինչ-որ տեղում է: Ահա և վարքի հակասականության և անկանխատեսելիության պատճառը:

Արդյունքում ստացվում է, որ ցանկացած դեպքում այսպիսի կանայք դժգոհ են մնում:

Բայց սա, կրկնում եմ, բոլոր կանանց չի վերաբերվում: Այսպես վարվում են միայն «սխալ» կանայք:

Իսկ թե ինչպես պետք է գրագետ ձևով փոխհարաբերություններ կառուցել տղամարդու հետ, որպեսզի այդ հարաբերությունները լինեն գոհացնող ու երջանկացնող, լրիվ այլ զրույցի նյութ է:

Հրաչյա Ամիրյան, հոգեբան, Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20