ԱՄՆ Պետդեպ. Ռուսաստանը չի կարող կործանիչներ վաճառել Իրանին

- in Միջազգային
Inqnatir

Ռուսաստանի կողմից Սու-30ՍՄ կործանիչների ենթադրյալ վաճառքը Իրանին խախտում է այդ երկրին զենքի մատակարարելու ՄԱԿ-ի էմբարգոն և պահանջում Անվտանգության խորհրդի առանձին թույլտվություն: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը արգելում է Իրանին զենքի սովորական տեսակների կոնկրետ կատեգորիաների վաճառքը, որոնք ներառված են սովորական սպառազինության ՄԱԿ-ի ռեգիստրում՝ առանց նախնական համաձայնության յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար»,- նշել է դիվանագետը:

Նա ընդգծել է, որ «վեցյակ»-ի երկրները տեղյակ են տվյալ սահմանափակումների մասին, իսկ Սու-30ՍՄ-ն որակավորվում է որպես ռազմական ինքնաթիռ:

Այդ առնչությամբ նա վստահեցրել է, որ եթե կործանիչների վաճառքի վերաբերյալ տեղեկությունը հաստատվի, ապա հարցը կբարձրացվի ՌԴ և ՄԱԿ-ի ԱԽ երկկողմ բանակցություններում:

Ամերիկացի զինվորականներն իրենց ռուս գործընկերներին են փոխանցել Սիրիայում հատուկջոկատայինների խմբերի գտնվելու վայրերի մասին տվյալներ՝ խնդրելով այդ վայրերում ավիահարձակումներ չիրականացնել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունից գեներալ-լեյտենանտ Չարլզ Բրաունի տվյալներին։

«Մենք ընդհանուր առմամբ նշել ենք տարածքները, որտեղ գործում են կոալիցիայի ուժերը, և ասել, որ չենք ցանկանա հարվածներ հասցվեն այդ վայրերին, քանի որ դա կծառայի հակամարտության էսկալացիային»,- ասել է Բրաունը։ «Դա անհրաժեշտ է՝ ապահովելու համար մեր ուժերի անվտանգությունն ինչպես օդում, այնպես էլ ցամաքում»,- ասել է նա։

Անցած աշնանը ամերիկացի զինվորականները հայտնել էին Սիրիա հատուկ նշանակության ջոկատներ ուղարկելու մասին, որոնք օգնում են ապստամբական ջոկատներին՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ։ Այն ժամանակ Ռուսաստանին գործողությունների մասին տվյալներ չէին փոխանցվել։

Spread the love