Ավարտվեց մի ողջ դարաշրջան

- in Հրապարակ
Serj Robert

Երեկ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է արել, որը կարելի է համարել դարաշրջանի ավարտի ազդ:

Նա ասել է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո նոր շրջան է սկսվել, երբ ոչ թե անձերն են մրցակցում, այլ կուսակցությունները:

Մինչ այժմ Հայաստանում քաղաքական կառուցվածքը հիշեցնում էր նախագահական եռանկյունի, որի դասավորվածությունից էին կախված քաղաքական զարգացումները: Մեկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին միավորվում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, մեկ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանն էին երկխոսում Քոչարյանի դեմ, հետո էլ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն էին գրեթե միավորվել Սարգսյանի դեմ:

Եռանկյունին արտաքին ուժերին թույլ էր տալիս ամբողջությամբ վերահսկել դրությունը՝ մի նախագահով շանտաժի ենթարկելով մյուսին: Այդ եռանկյունին նաեւ թույլ չէր տալիս միավորել ջանքերը եւ ճեղքում իրականացնել:

Շարմազանովը փաստացի հայտարարել է նախագահական եռանկյունու ու նախկին նախագահների ժամանակաշրջանի ավարտի մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանն առողջական վիճակի ու տարիքի բերումով հեռացել է քաղաքական ասպարեզից եւ հազիվ թե անձնական հեղափոխության հայտ ներկայացնի: Դա նշանակում է, որ Շարմազանովը հայտարարել է Քոչարյանի հետ մրցակցության ժամանակաշրջանի ավարտի մասին:

Այժմ քաղաքական դերակատար դառնալու համար հարկ կլինի լուրջ թիմով հանդես գալ: Սերժ Սարգսյանն այդպիսի թիմ ունի՝ ի դեմս ՀՀԿ-ի ու արդեն Դաշնակցության: Նախկին նախագահներն այդպիսի թիմ չունեն: Հիմա անգամ ԲՀԿ-ում է անթաքույց պայքար ընթանում կոալիցիայի մտնել ցանկացողների ու «անկախության» պահպանման կողմնակիցների միջեւ: Ինչով էլ ավարտվի այդ պայքարը, կուսակցությունն այլեւս պլատֆորմ չի լինի Քոչարյանի համար:

Շարմազանավի հայտարարությունը, սակայն, ուղղված է ոչ միայն նախկին նախագահներին, այլ նաեւ վերջին «միայնակ գայլերին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20