Արագածոտնում 16-ամյա տղան հորեղբոր հետ «փախցրել» է իր համադասարանցի աղջկան

axjik paxcnel

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է անչափահաս աղջկա առևանգման գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ մարզի անչափահաս բնակիչ Ռոբերտ Բ.-ն սիրահարվել ու ցանկացել է անպայման ամուսնանալ իր համադասարանցի Կարինե Մ.-ի (անունը փոխված է) հետ՝ իմանալով, որ աղջիկը նույնպես անչափահաս է:

1998 թվականի ապրիլին ծնված, դեպքի պահին դեռ 16 տարեկան երիտասարդը իր ցանկության ու սիրած 16-ամյա աղջկան առևանգելու մտադրության մասին հայտնել է իր հորեղբայր Ռոստամին: Նա աղջկան երբևէ չէր ասել, որ սիրում է կամ նրա հետ ամուսնանալու մտադրություն ունի:

Ռոբերտի հորեղբայրը, իմանալով, որ աղջկա ընտանիքը այլ հավատքի է դավանում ու օրինական կարգով աղջկան չեն ամուսնացնի Ռոբերտի հետ, համաձայնել է օգնել եղբոր անչափահաս որդուն՝ անչափահաս աղջկան առևանգելու հարցում:

4 անչափահաս երեխաների հայր Ռոստամը համաձայնության է եկել իր հորեղբորորդի Ազիզի, ազգականներ Ռոմիկի ու Ահմադի հետ, որ համատեղ ուժերով Կարինեին առևանգեն:

2015 թվականի հունվարի 25-ին, ժամը 20-ի սահմաններում Ռոստամն իր «Տոյոտա» մեքենան կանգնեցրել է ճանապարհին, Ռոբերտը մնացել է մեքենայի մեջ, իսկ Ռոստամը, Ազիզը, Ռոմիկն ու Ահմադը գնացել են դեպի աղջկա հայրական տուն:

Նախապես իմացել են, որ աղջկա հայրը տանը չէ: Նրան հարցնելու պատրվակով Ռոստամը, Ահմադն ու Ռոմիկը տուն են մտել, իսկ Ազիզը սպասել է դրսում:

Օգտվելով այն հանգամանքից, որ աղջիկը գտնվել է առանձին սենյակում, իսկ տան մյուս անդամները եղել են խոհանոցում, Ռոստամը դրսից ծածկել է խոհանոցի դուռը, ձեռքով պահել է դռան բռնակը, Ռոմիկն ու Ահմադը բռնություն գործադրելով աղջկա նկատմամբ՝ նրան դուրս են բերել տանից, իսկ Ազիզը բռնել է աղջկա անչափահաս եղբորը: Վերջինս բռնել էր Ռոմիկի ոտքից ու փորձում էր թույլ չտալ, որ քրոջն առևանգեն…

Ռոստամը տնից դուրս է եկել, բռնակից քաշելով՝ դրսից փակել է տան դուռը:

Ռոմիկն  ու Ահմադը Կարինեին նրա կամքին հակառակ, բռնությամբ հասցրել են ճանապարհին կանգնած մեքենային, բռնությամբ նստեցրել են Ռոստամի մեքենան, իրենք մնացել են դրսում:

Մեքենայի մեջ գտնվող Ռոբերտը, ըստ դատական ակտի, բռնել է Կարինեի ձեռքերը, իսկ Ռոստամը, նստել է մեքենայի ղեկին: Աղջկան գյուղից առևանգել, տարել ու պահել են Հրազդանում՝ իրենց բարեկամի տանը՝ բարեկամի ընտանիքից թաքցնելով աղջկան առևանգած լինելու հանգամանքը:  Հաջորդ օրը, իմանալով, որ աղջկա ծնողները բողոքել են, աղջկան վերադարձրել են ծնողներին:

Այս գործով չորս ամբաստանյալները՝ Ռոստամը, Ազիզը, Ահմադը և Ռոմիկը, իրենց մեղավոր են ճանաչել անչափահաս աղջկան նախնական համաձայնությամբ առևանգելու համար, նրանց միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Այս գործի գլխավոր «հերոսի»՝ անչափահաս փեսացու Ռոբերտի մասն առանձին է քննվում ընդհանուր իրավասության  դատարանում:

Ընդհանուր իրավասության դատարանում տուժող անչափահաս աղջիկն ու նրա օրինական ներկայացուցիչը հայտնել են, որ ամբաստանյալների դեմ բողոք, պահանջ չունեն:

Դատարանը ամբաստանյալներ Ռոստամին, Ահմադին, Ազիզին ու Ռոմիկին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է 4-ից 8 տարի ազատազրկում:

Ամբաստանյալների շահերի պաշտպանն իր ելույթում նշել է, որ իր պաշտպանյալները ցանկացել են օգնել և աջակցել Ռոբերտին՝ ընտանիք կազմելու հարցով՝ չգիտակցելով, որ իրենց արարքը հակաօրինական է, նրանք «հավատարիմ են մնացել իրենց խառնվածքին…»:

Դատարանն արձանագրել է՝ պաշտպանի խոսքերից կարելի է եզրակացնել, թե 16 տարեկան անչափահաս աղջկան ամուսնանալուն հարկադրելու նպատակով առևանգումը «մեղմացնող հանգամանքի դեր է կատարում, քանի որ ընտանիք կազմելու վեհ նպատակ է հետապնդել…»:

Դատարանը, սակայն, եզրակացրել է, որ այդ նպատակը վկայում է միայն «հակառակի՝ ամբաստանյալների ու նրանց կատարած արարքի հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին»:

Դատարանը հիշատակել է ՄԱԿ-ի կոնվենցիան, որի նախաբանում պետությունների վրա պարտականություն է դրվել ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ փոխելու ամուսնությունների հետ կապված հնացած սովորույթները, հնացած օրենքներն ու պրակտիկան՝ ապահովելով ամուսին ընտրելու լրիվ ազատությունը, որպեսզի իսպառ վերացվեն «մինչև արբունքի հասնելը աղջիկներին ամուսնացնելու վերաբերյալ նախապես կնքված համաձայնությունները և երեխաների ամուսնությունը, որպեսզի նման արարքների համար սահմանվեն անհրաժեշտ սանկցիաներ…»:

2003 թվականին ընդունված ու գործող ՀՀ քրեական օրենսգրքում օրենսդիրը հրաժարվել է 1961 թվականի քրեական օրենսգրքով նախատեսված՝ «ամուսնության նպատակով աղջկա առևանգում» արտոնյալ հատուկ հանցակազմից, այդ արարքի համար այն ժամանակ նախատեսված էր մինչև 2 տարի ազատազրկում կամ ուղղիչ աշխատանքներ՝ մինչև մեկ տարի ժամանակով, իսկ հիմա այդ շարժառիթը այլևս չի առանձնացվում՝ հատկապես մեղմացման առումով: Այդ շարժառիթը որպես մեղմացնող հանգամանք դիտելը, դատարանի եզրահանգմամբ, պարունակում է գենդերային անհավասարության, էթնիկական հիմքով խտրականության դրսևորման  տարրեր:

Դատարանն ընդգծել է, որ առևանգման պահին տուժող աղջիկը 16 տարեկան էր, չէր լրացել անգամ նրա 17 տարին՝ ամուսնության նվազագույն տարիքը, ինչը, ըստ դատական ակտի, ավելի է բարձրացնում տվյալ հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Դատարանը նշել է, որ ամբաստանյալները հանցավոր արարքը կատարել են հանդուգն եղանակով՝ տուժողի տուն մուտք գործելով: Նրանք հստակ իմացել են, որ աղջկա հայրը տանը չէ, օգտվել են համագյուղացի լինելու հանգամանքից:

Հանցագործության պահին Ռոստամը խոհանոցում գտնվող անձանց վրա դուռը փակելով, իսկ Ազիզը տուժողի անչափահաս եղբորը բռնելով՝ ոտնձգել են ոչ միայն առևանգվող աղջկա, այլև նրա հարազատների իրավունքների ու օրինական շահերի նկատմամբ: Ընդ որում՝ տուժող աղջկա մայրը հանցանքի կատարման պահին հղի է եղել, գտնվել է խոհանոցում ու հայտնվել է ծանր իրավիճակում՝ չկարողանալով օգնության հասնել իր դստերը:

Աղջկա առևանգման գործով այս դատավճիռն առանձնանում է մանրակրկիտ վերլուծական մասով ու ինքնատիպ գնահատականներով…

Դատական ակտում արձանագրվել է. «Դատարանի կարծիքով՝ ամբաստանյալների վարքագիծն իրենում պարունակում է ցինիզմի, դաժանության, իրենց առավելությունն ընդգծելու տարրեր… Մինչև առևանգումը Ռոբերտն ու առևանգվող աղջիկն իրար հետ չէին շփվել, թեև եղել էին համադասարանցիներ… Ռոբերտը նույնիսկ չէր հասկացրել տուժողին, որ նրա նկատմամբ զգացմունք ունի, ցանկանում է ամուսնանալ… Տուժողը հետագայում, ճիշտ է, բողոք չի ներկայացրել առևանգողների դեմ, բայց և Ռոբերտի հետ չի ամուսնացել…

Աղջկա առևանգումը կազմակերպել ու իրականացրել են՝ տեղեկացված լինելով, որ հնարավոր է՝ տուժողին ամուսնացնեն այլ անձի հետ…

Դատարանի համար սկզբունքային նշանակություն ունի նաև այն, որ տուժողին առևանգելը պայմանավորված է եղել նրա կրոնական համոզմունքներով՝ ամբաստանյալները գիտակցել են, որ զուտ կրոնական համոզմունքներից ելնելով՝ տուժողը չի ամուսնանա Ռոբերտի հետ, և որոշել են ամուսնության հարցը լուծել հանցավոր ճանապարհով… Այս հանգամանքը դատարանի գնահատմամբ նաև ոտնձգություն է տուժողի կրոնական համոզմունքների նկատմամբ…»:

Դատարանը հաշվի է առել, որ հանցագործության չափահաս մասնակիցները հանցավոր արարքը գործել են անչափահաս Ռոբերտի առաջարկով ու նրան ներգրավելով անչափահաս աղջկա առևանգման հանցավոր գործունեության մեջ… Սա նույնպես գնահատվել է որպես արարքի հանրային վտանգավորությունը բարձրացնող հանգամանք…

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Ռոստամի ու Ահմադի խնամքին են գրեթե տուժող աղջկա ու Ռոբերտի տարիքի երեխաներ…

Ռոստամի և Ահմադի խնամքին են չորս անչափահաս երեխաները, Ռոմիկի խնամքին՝ երեք անչափահաս երեխաները, իսկ Ազիզի խնամքին՝ մեկ անչափահաս երեխան:

Դատարանը հաշվի է առել ամբաստանյալ Ազիզի տարիքը հանցանքի կատարման պահին՝ նա 18 տարեկան է եղել, ինչպես նաև նա, ըստ դատարանի, նվազ ակտիվ դեր է կատարել հանցավոր արարքի ժամանակ: Որոշվել է միայն Ազիզի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Այսպիսով, ամբաստանյալ Ռոստամը վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի 11 ամիս 9 օր ազատազրկման, Ահմադը, Ռոմիկն ու Ազիզը դատապարտվել են 3 տարի 11 ամիս 26 օր ազատազրկման ու միայն Ազիզի նկատմամբ է կիրառվել պայմանական դատապարտություն և սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Իրական ազատազրկման դատապարտված մյուս ամբաստանյալների պատժի սկիզբը կհաշվվի նրանց  փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Մինչ այդ՝ ամբաստանյալների շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել այս ինքնատիպ դատավճռի դեմ՝ պահանջելով իր բոլոր պաշտպանյալների նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան, կամ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20