Գևորգ Սաֆարյանը գոհ է ՔԿՀ իր նոր խցից ու պայմաններից

Bant

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հայտարարում է, որ փետրվարի 1-ին այցելություն է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Այցելության ընթացքում դիտորդները հանդիպել են Գևորգ Սաֆարյանին, վերջինս շարունակում է գտնվել այն խցում, որտեղ տեղափոխվել է դիտորդական խմբի գրության և քննարկման արդյունքում: Սաֆարյանն այցելության պահին, որևէ դժգոհություն չի հայտնել խցի և պահման պայմաններից. նրա խոսքերով` խցում ապահովված է անվտանգությունը: Ինչպես տեղեկացրին հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի լրատվական ծառայությունից, խումբը գնահատում է՝ Սաֆարյանի բարձրաձայնած խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ ԱՆ, ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և քրեակատարողական հիմնարկի կողմից ձեռնարկած միջոցառումները:

Դիտորդական խումբը 2016 թվականի հունվարի 22-ին հրատապ հաշվետվություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն: Հրատապ հաշվետվությամբ խումբը հայտնել էր իր մտահոգությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների, իր կողմից ներկայացված բռնության դեպքի, անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հաշվետվությունում ներկայացվել էին նաև Խմբի անդամների կողմից կատարված 2 այցելությունների ընթացքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանի կողմից ներկայացված մանրամասները:

Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Խումբը հրատապ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ԱՆ՝ խնդրելով հրատապ քայլեր ձեռնարկել Սաֆարյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Հրատապ հաշվետվության գրավոր պատասխանը խումբը ստացել է փետրվարի 2-ին, սակայն, գրության մեջ նշված է 26.01.16, որպես ելքի ամսաթիվ: Հրատապ հաշվետվության մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը 2016 թվականի հունվարի 18-22-ը կատարել ուսումնասիրություններ և բժշկական զննություն, որոնց արդյունքում՝ որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հունվարի 20-ին և 21-ին խմբի անդամները այցելություններ են կատարել «Նուբարաշեն»՝ ՔԿՀ Սաֆարյանի և այլ ազատությունից զրկված անձանց խնդիրների վերաբերյալ ահազանգեր ստանալով: Այցելության ընթացքում արձանագրված խնդիրներն անմիջականորեն քննարկվել են՝ ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ Քրեակատարողական(ՔԿ) վարչության ներկայացուցիչների հետ: Գրության և քննարկման արդյունքում՝ Սաֆարյանին տեղափոխել են այնպիսի խուց, որտեղ բարձրաձայնված խնդիրներն այլևս առկա չեն։

Խումբը վստահ է, որ հետագա խնդիրների ծագման կանխարգելման հիմնական երաշխիքը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանվածության ապահովումն է, ինչպես նաև՝ այն անձանց պատասխանատվության ենթարկելը, որոնց գործունեության և/կամ անգործության պատճառներով ոտնահարվում են մարդու իրավունքները:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.