Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում խոստացել է «վերադարձնել Ամերիկայի մեծությունը»

Donald Tramp

ԱՄՆ նախագահի թեկնածու, Նյու Հեմփշիր նահանգում նախնական ընտրություններում առաջատար Դոնալդ Թրամփը խոստացել է «վերադարձնել Ամերիկայի մեծությունը»: Իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ նա նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է զինված ուժերն այնպես ամրապնդել, որ բոլորն ԱՄՆ-ին վերաբերվեն հարգանքով:

Նա խոստացել է ջանքեր գործադրել ԴԱԻՇ-ին տապալելու համար և խիստ վերահսկողության տակ վերցնել ներգաղթը: «Մենք պատ կկառուցենք Մեքսիկայի հետ սահմանին,- ասել է նա:- Դա այնքան էլ դժվար չէ անել»: Սահմանի վերահսկողության խստացումը, հավելել է Թրամփը, հնարավորություն կտա ուժեղացնել թմրանյութերի դեմ պայքարը: «Մենք նրանց կկանգնեցնենք հարավային սահմանին»,- խոստացել է նա:

Թրամփը հայտարարել է, որ «Չինաստանը, Ճապոնիան, Մեքսիկան չափազանց շատ են ստանում» ԱՄՆ-ից, բայց չի նշել՝ Սպիտակ տան համար պայքարում հաղթանակի դեպքում ինչ քաղաքականություն է մտադիր վարել այդ երկրների նկատմամբ:

Թեև ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, Թրամփն ակնհայտորեն հաղթում է Նյու Հեմփշիրում փրայմերիզում՝ ձայների 34%-ով: Երկրորդ տեղում Օհայո նահանգի ղեկավար Ջոն Քեյսիքն է (16% ձայներ): Երրորդ տեղի համար պայքարը շարունակվում է. Տեխասից սենատոր Թեդ Կրուզն ունի ձայների մոտ 12%, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ 11%, նույնքան ձան է հավաքել Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.