Ինչ նախագիծ է Իսլամական պետությունը եւ որն է նպատակը

DAISH

Կան պնդումներ, որ Իսլամական պետությունը յուրահատուկ կազմավորում է համաշխարհային մասշտաբով, սակայն իրականում նման կազմավորում եղել է Աֆղանստանում եւ այլ երկրներում:

Իհարկե, Իսլամական պետության առաջացման տեղը պայմանավորված է շիաների դեմ պայքարով, ինպես նաեւ տարածաշրջանի երկրներից քրիստոնյա բնակչությանն արտաքսելով: Սակայն, ընդհանուր առմամբ, առկա է սուննի-ազգայնական գործոնը: Այսինքն, արմատականությունն առաջացել է Իրաքում սուննի փոքրմասնության եւ Սիրիայում սուննի մեծամասնության հանդեպ խտրականության եւ նրանց իրավունքների անտեսման հողի վրա:

Բնակչության այս խմբերը տարբեր ժամանակահատվածներում բազմիցս դժգոհություն են արտահայտել սուննի խմբերի դեմ պատերազմների ու քաղաքական շարժումների արդյունքներից: Ովքեր եղել են Սիրիայում, կարող էին տեսնել երիտասարդ սուննի սպաների բողոքները նախագահական ընտանիքի հանդեպ: Ընդ որում, խնդիրներն առաջանում էին ոչ թե կոռուպցիայի կամ սոցիալական այլ հարցերի, այլ իշխող ռեժիմի դավանաբանական պատկանելության կապակցությամբ:

Իրաքի շիաները բազմաթիվ մարտավարական սխալներ են գործել, ինչը դարձել է Իրաքի շիա կառավարության դեմ մեղադրանքների առիթ: Ենթադրելով, որ Սիրիայի ու Իրաքի հարթավայրերում բնակվում են նույն թայֆերը, նրանց միավորումն ու համերաշխությունը միայն ցանկության հարց էր:

Բացի այդ, Պարսից ծոցի երկրներն ու Թուրքիան ահռելի աջակցություն են ցուցաբերել սուննի կազմավորումներին, ցանկանալով Միջագետքից դուրս մղել շիա դոմինանտը: Մոտիվացիաները շատ են:

Տասնամյակների ընթացքում սուննի իշխանությունը խտրականության էր ենթարկում շիաներին, որոնք կազմում էին Իրաքի բնակչության 63 տոկոսը, իսկ ներկայում սուննիներն Իրաքում դարձել են երկրորդ եւ նույնիսկ երրորդ սորտի մարդիկ, քանի որ երկրորդ տեղ են դուրս եկել քրդերը:

Սիրիայում հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադը 1982 թ. 20 հազար սուննիների է ոչնչացրել Խոմս քաղաքում: Սիրիայում սուննիները ծայրահեղ նվաստացված մեծամասնություն էին:

Միեւնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ նույնիսկ Աֆղանստանում արմատականներին չհաջողվեց ձեւավորել պետականություն հիշեցնող ինչ որ բան, պետական գործունակ կառույցներ: Աֆղանստանում տրանսազգային խալիֆաթ ստեղծելու նպատակներ չկային, ինչը խթան կդառնար քաոսի ավարտի համար:

Միջագետքում կատարվող գազանությունները պայմանավորված են արմատականների ոճով, քանի որ հենց դա է դարձել նրանց քաղաքականության ու հեղափոխական ազդակի մարկերը: Սակայն զինված ջոկատների ու տարբեր քաղաքական խմբավորումների հրամանատարությունը ոչ մի կապ չուներ այդ գազանությունների հետ: Նրանք թույլ են տվել ու այդ հանցագործությունների ողջ պատասխանատվությունը դրել են արմատականների վրա, հասկանալով, որ վաղ թե ուշ հարկ է լինելու ազատվել նրանցից ու ձեռնամուխ լինել կամ խալիֆաթի, կամ շարիաթի հիման վրա հանրապետության ստեղծմանը:

Շատ է խոսվում այն մասին, որ Իսլամական պետության զինված ուժերը կազմավորել են Սադդամ Հուսեյնի բանակի սպաները, եւ դա իսկապես այդպես է: Բայց չի խոսվում այն մասին, որ դրանում կարեւոր դեր են ունեցել նաեւ սիրիական բանակի սուննի սպաները:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն բանին, թե որքան արդյունավետ է կազմակերպված Իսլամական պետության ֆինանսական համակարգը, այդ թվում հարկերի հավաքումը, ինչպես նաեւ նավթի արդյունահանումն ու արտահանումը: Այդ ամենն անհնար է կազմակերպել տարբեր ծագման գրոհայինների առանձին խմբերով, ինչը փորձում են ցույց տալ համաշխարհային ԶԼՄ-ները:

Համաշխարհային տերություններից ոչ մեկը Իսլամական պետության արագ ջախջախման նպատակ չունի, մի քանի պատճառներով: Այս կազմավորումը կարող է շիա երկրների ու համայնքների դեմ ճնշման հզոր գործոն դառնալ: Նման կերպ, այն կարող է ճնշում գործադրել սուննի առաջատար պետությունների, նախեւառաջ՝ Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի վրա:

Բացի այդ, ավարտված չէ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի հեռացման ծրագիրը: Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ Իսլամական պետությունը գործնականում համագործակցում է Իսրայելի հետ, ինչը վկայում է, որ այդ պետության քաղաքականությունը կառավարում են ոչ թե ավազակները, այլ քաղաքական գործիչները: Այսինքն, Իսլամական պետության գոյությամբ շահագրգիռ է Իսրայելը, որը հետախուզական ու բժշկական օգնություն է տրամադրում արմատականներին:

Պետք է հասկանալ, որ Մերձավոր Արեւելքում նոր սահմանների ստեղծումից հետո ԱՄՆ-ն ու Եվրոպան ստիպված են լինելու իրենց ռազմավարական գործընկեր ընտրել Իրանին ու շիա համայնքներին: Դա բարդ որոշում կդառնա, սակայն 21-րդ դարում Մերձավոր Արեւելքում եվրատլանտյան հանրությունն այլ դաշնակիցներ չի ունենալու:

Տարածաշրջանում սկսվել է նոր սահմանների ու նոր պետությունների կազմավորման երկարատեւ գործընթաց: Հետաքրքիր է նկատել, որ ռուսական ու պրոռուսական մտածողության մեջ մնում են հոռետեսներ քաղաքական քարտեզի փոփոխությունների հարցում, թեեւ Ռուսաստանն իր հետագա գոյությունը չի պատկերացնում առանց նախկին միութենական հանրապետությունների սահմանների ու կարգավիճակի փոփոխության:

Սակայն խնդիրն աշխարհքաղաքականությունը չէ, այլ այն, որ սահմանների վերանայումը ռուսների կողմից ընկալվում է ոչ միայն նախկին միության տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում, ելնելով հենց ռուսների շահերից: Այս արխաիկան պայմանավորված է սեփական ներկայիս վիճակին նայելու ցանկության բացակայությամբ:

Ի՞նչ է սպասվում Իսլամական պետությանը:

Անշուշտ, Միջագետքում այն պահպանվելու է եւ բանակցության մեջ է մտնելու Արեւմուտքի ու արաբական պետությունների հետ եւ ստիպված է լինելու ազատվել արմատականներից: Երեւում է, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կաջակցեն Իսլամական պետությանը՝ ջախջախելու «անհնազանդներին» ու նրանց, ովքեր գազանություններ են կատարում:

Նպատակահարմար կլիներ ավելի վաղ տրանսֆորմացնել տարածաշրջանը եւ հավանություն տալ նոր պետությունների ստեղծմանը, նախեւառաջ Միջագետքում: Մերձավոր Արեւելքում այդ գործողությունից հետո Ռուսաստանից կմնան միայն խղճուկ հիշողություններ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.