Լևոն Սարգսյան. «Սերժ Սարգսյանը «կմնա Հայաստանում որոշում կայացնողների թվում»

Serzh Sargsyan1

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ նա կմնա Հայաստանում որոշում կայացնողերի թվում՝ այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնել նախագահի եղբայրը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը:

«Կարծում եմ՝ կուսակցական գործունեությամբ կզբաղվի», – նշել է Լևոն Սարգսյանը, – «Եթե ինքը կուսակցության ղեկավարն է, և ինչպես ասացի՝ կուսակցական գործունեությունը կշարունակի, իհարկե քաղաքականության մեջ կմնա»:

«Ազատության» հարցին՝ դա արդյո՞ք նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կմնա երկրում որոշում կայացնողների թվում, նախագահի եղբայրը պատասխանել է․ – «Եթե Հանրապետական կուսակցությունը երկրում լուրջ դերակատարություն ունենա, նշանակում է՝ կուսակցության միջոցով իհարկե կունենա»:

Նոր սահմանադրությամբ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է՝ վարչապետին տրված առավել լայն լիազորություններով: Դիտորդները չեն բացառում, որ նախագահության երկրորդ ժամկետից հետո Սերժ Սարգսյանը կարող է իր ձեռքում պահել իշխանության լծակները՝ ընտրվելով խորհրդարանի ղեկավար կամ պարզապես պահպանելով ՀՀԿ ղեկավարի աթոռը:

«Ես ինչքան գիտեմ՝ ինքը բազմիցս է հայտարարել, որ ինքը ոչ մի պաշտոն չի զբաղեցնելու», – այս առնչությամբ ասաց Լևոն Սարգսյանը: «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ որոշումը փոխվի, նախագահի եղբայրը պատասխանել է․ – «Կարծում եմ, որ ոչ: Չգիտեմ՝ չեմ կարող ասել, որովհետև որոշումները փոխվում են ըստ հանգամանքների: Եթե հանգամանքները փոխվում են, որոշումները փոխվում են»:

Spread the love