Կառավարությունը «Հրազդան Ցեմենտ»-ին ազատել է 510 մլն դրամի տույժից

- in Տնտեսական

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հրազդան Ցեմենտ» ընկերությանը 510 մլն դրամ տույժերից ազատելու որոշման նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհանուր պարտքն էլ կազմում է մոտ մեկ մլրդ դրամ: Գույքը գրավադրված է նաև «ՎՏԲ Հայաստան» բանկում:

«Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ճշմարիտյանը:

Ըստ հիմնավորման՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:

2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ. ըստ ընկերության ծրագրի (այն արժանացել է ՎՏԲ-Հայաստան բանկի հավանությանը)` նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թ. տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազ.տ. (2014 թ.` 23,3 հազ. տ., 2015 թ.` 80 հազ. տ.) և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում (ըստ ընկերության գնահատականի) պետբյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20