ԿԸՀ-ում «նկարվել» են էլեկտրոնային վիճակահանության արդյունքները

Yntrutyun

Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր Ընտրական օրենսգրքով ներմուծել էլեկտրոնային քվեարկության էլեմենտներ՝ ընտրությունների հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով:

Սակայն, 2011 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքով արդեն որոշ գործառույթներ դարձել են էլեկտրոնային և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց պարզել, թե որքանո՞վ են այդ գործառույթները դարձել առավել արդար ու թափանցիկ:

Մասնավորապես, խոսքը էլեկտրոնային վիճակահանության մասին է, որով սահմանվում է, թե յուրաքանչուր ընտրատարածքում կոնկրետ ո՞ր ընտրական (հանրաքվեի) տեղամասային հանձնաժողովի նախագահը, որ կուսակցությունից է լինելու: Բանն այն է, որ ամեն ընտրատարածքում յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցությունը ստանում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների այնքան քվոտա, որքան (տոկոսային հարաբերակցությամբ) համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ունի Ազգային ժողովում, իսկ թե կոնկրետ ո՞ր տեղամասը ում բաժին կհասնի՝ որոշվում է էլեկտրոնային վիճակահանությամբ:

Սակայն տարբեր տեղամասեր ունեն տարբեր թվով ընտրողներ՝ մի քանիսից մինչև 2200 ընտրող և այստեղ բախտի հարց է (համենայն դեպս, պիտի բախտի հարց լինի), թե ում բաժին կհասնեն մեծ տեղամասերը, իսկ ում՝ փոքրերը:

Տարրական թվաբանական տրամաբանությունը ենթադրում է, որ հանրապետության շուրջ 2000 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման արդյունքում բոլոր խորհրդարանական կուսակցությունների բաժին ընկած տեղամասերը պետք է ունենային ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված քաղաքացիների մոտավորապես նույն թիվը (մոտ 1260 ընտրող): Սակայն «վիճակահանության» արդյունքները այլ են:

2012 – խորհրդարանական

Այսպիսով, 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցությանը բաժին էին ընկել տեղամասեր, որոնց ցուցակներում ընդգրկված ընտրողների միջին թիվը 1320 էր, այնինչ մյուս կուսակցությունների նույն ցուցանիշը տատանվում էր 1200-օց 1248-ի միջակայքում:

Այսինքն, մյուս կուսակցությունները ունեին բավականին մոտ արդյունքներ, այնինչ ՀՀԿ-ն գլխավորում էր միջինում 100-ով ավելի ընտրող ունեցող տեղամասերի տեղամասային ընտրական հանձնաժողովները:

Ընդ որում, այդ տարբերությունը էլ ավելի զգալի է մարզային ընտրատարածքներում, ուր տեղամասերի ընտրողների թվի սպեկտրը առավել մեծ է: Եվ եթե մարզերում ՀՀԿ-ին միջինում բաժին ն ընկնում 1198 ընտրող ունեցող տեղամասեր, ապա մյուս կուսակցությունների գլխավորած տեղամասերի ընտրողների միջին 1042-ից 1088 էր՝ շուրջ 140-ով զիջելով ՀՀԿ-ին:

2013 – նախագահական

Էլ ավելի «բախտավոր» էր Հանրապետական կուսակցությունը 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ վիճակահանության արդյունքում ստացավ միջինում 1350 ընտրող ունեցող տեղամասեր, մինչդեռ այդ ընտրություններում հիմնական ընդդիմադիր «Ժառանգությանը» հասան միջինում 1163 ընտրող ունեցող տեղամասերը: Այսինքն, ՀՀԿ-ն գլխավորում էր միջինում 187 ընտրող ունեցող ավելի մեծ տեղամասեր, քան «Ժառանգությունը»:

Եվ կրկին մարզային ընտրատարածքներում այդ տարբերությունը առավել զգալի էր (ՀՀԿ՝ 1226, «Ժառանգություն»՝ 985, տարբերությունը՝ 241)

2015 – հանրաքվե

Նշենք, որ նույն պատկերը չի դիտվել 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ և բոլոր խորհրդարանական կուսակցությունները ստացել են իրար բավականին մոտ ընտրողների միջին թվով տեղամասերի նախագահների պաշտոններ: Մասնավորապես, միջինը տատանվել է 1226-ից 1298-ի միջակայքում, իսկ ՀՀԿ-ի ղեկավարած տեղամասերի ընտրողների միջին թիվը բավականին արժանահավատ է եղել՝ 1258:

Թեև սա խոսում է այն մասին, որ 2015 թվականին ԿԸՀ-ն այսօրինակ կեղծիք չի արել և իրապես տեղի է ունեցել վիճակահանություն, սակայն, միաժամանակ, էլ ավելի ընդգծված է դարձնում 2012 և 2013 թվականների ընտրությունների նմանօրինակ վիճակահանության արդյունքների աննորմալությունը:

Վստահությո՞ւն

2012 և 2013 թվականների համապետական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությանը՝ ԿԸՀ-ի կողմից առավել մեծ ընտրական տեղամասերի նախագահների պաշտոննեերի հատկացումը տեսականորեն կարող է բացատրվել պատահականությամբ և հանրապետականների՝ չափազանց բախտավոր լինելով:

Սակայն տարբերության, թե՛ չափը և թե՛ կրկնությունը երկու համապետական ընտրությունների ժամանակ գալիս է ապացուցելու, որ այդ ժամանակ ԿԸՀ-ում ինչ-որ փոփոխություններ են կատարվել էլեկտրոնային վիճակահանություն իրականացնող «Ընտրություններ-2» ծրագրում և վերջինս վիճակահանությունը արել է ոչ թե պատահականության, այլ ինչ-որ այլ սկզբունքով, որը շահավետ է եղել Հանրապետական կուսակցությանը: Նմանօրինակ կեղծիքը անհնարին կլիներ, եթե վիճակահանությունը կատարվեր «հին ու բարի» մեթոդով (օրինակ ինչպես վիճակախաղերում)՝ առանց էլեկտրոնային համակարգերի կիրառման:

Համենայն դեպս, փաստ է, որ էլեկտրոնային վիճակահանության ծրագիրը 2012 և 2013 թվականներին տվել է իշխող կուսակցության համար ցանկալի արդյունք և հետևապես այն չի կարող լինել վստահություն ներշնչող:

Ավելին, սա գալիս է ապացուցելու, որ ընտրական գործընթացներում էլեկտրոնային համակարգերի ներդրումը չի կարող բարձրացնել գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը, քանի որ, եթե կեղծվել է վիճակահանություն իրականացող էլեկտրոնային համակարգը, ապա կարող է կեղծվել նաև ընտրական այլ գործառույթ իրականացնող յուրաքանչյուր էլեկտրոնային համակարգ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20