Կրթության որակի ապահովման խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք է պահանջում

- in Կրթություն
Levon Mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը փետրվարի 26-ին հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչ ությունից, նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ.

«Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որը ենթադրում է կառավարման ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: Հանրապետության Նախագահի վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ դրվեցին առաջիկա տարիների համար: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում: Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են և պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը»,- նշել է Լևոն Մկրտչյանը` շեշտելով, որ խորհրդակցության մասնակիցներից շատերը կրթական համակարգում անցել են երկար ճանապարհ և ունեն մեծ ներդրում համակարգի ստեղծման գործում:

Նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը. «Դժվարությամբ իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել, ժամանակն է, որ մտածենք բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մասին: Կրթական հիմնական բարեփոխումները եղել են համապատասխանության և որակի ծրագրեր: Համապատասխանության խնդիրը, գուցե որոշակի բացթողումներով, սակայն լուծել ենք, այժմ մենք խնդիր ունենք տարիների ընթացքում ստեղծված բարեփոխումների գործիքակազմին տալ իմաստ, այլապես դրանք կարող են կորցնել իրենց իմաստը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության որակի խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք և համատեղ ջանքեր է պահանջում:

Նախարարն առանձին անդրադարձել է կրթության բոլոր աստիճաններին` մանրամասնելով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները: Լևոն Մկրտչյանն այս համատեքստում հատուկ ընդգծել է հանրակրթության ոլորտում ավագ դպրոցների, բարձրագույն կրթության ոլորտում մագիստրոսի ծրագրի արդյունավետության բարձրացումը. «Մենք ունենք մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել: Սա անթույլատրելի է: Խնդիր ունենք նաև մագիստրատուրայում, մասնավորապես, պետք է հստակեցնենք` ինչով են տարբերվում բակալավրի և մագիտրոսի կրթական ծրագրերը և դրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, այլապես բարձրագույն կրթության աստիճանավորումը կորցնում է իր արժեքը»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ որպես ԵՊՀ դասախոս` անձամբ է զգացել կրթական բարեփոխումների որոշ հետևանքները կրթության որակի վրա:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական համակարգի կառուցվածքային, համակարգի ֆինանսավորմանը, առանձնացված ստորաբաժանումների աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20