Հալեպի կռվի մասին. պատասխան հակահարված ԱՄՆ-ին և աշխարհին

siria

Երեքշաբթի օրը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համառություն կդրսևորի և կպնդի դիվանագիտական ջանքեր գործադրել՝ ուղղված Սիրիայի ճգնաժամի կարգավորման խաղաղ բանակցությունների անցկացմանը:

Սակայն չնայած նրա վճռականությանը՝ իրականությունը ոչ միայն չի նպաստում բեկումին, այլև լուրջ կասկածներ է հարուցում ամերիկյան և արևմտյան ռազմավարության հիմնավորության հարցում:

Արդեն մեկ շաբաթից ավելի է ռուսական օդուժը ռմբակոծում է ապստամբներով պահվող Հալեպը՝ օգնություն ցույց տալով ռազմականացված խմբավորումներին, որոնք աջակցություն են ստանում Իրանից, և սիրիական կառավարական զորքերին:

Եթե պատերազմի այս կործանարար ռազմավարությունը շարունակվի, ապա սիրիական քաղաքացիական պատերազմում ուժերի հավասարակշռությունը հիմնովին կփոխվի: Քերիի կողմից առաջարկված բանակցային լուծումը անկայուն կհանդիսանա և կկորցնի իր ուժը, քանի որ Սիրիայում այլևս չի լինի ընդդիմություն, որին կարելի կլինի ներկայացնել բանակցությունների սեղանի շուրջ:

Իրականում Հալեպի ներսում և նրա շրջակայքում տիրող հումանիտար աղետը պետք է ստիպի աշխարհին վերանայել իրավիճակը: Ձմեռային սառնամանիքի պայմաններում Թուրքիայի սահմանին են գտնվում արդեն Սիրիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ: ՄԱԿ-ի տվյալներով՝ կարող են փախչել ևս 300 հազար բնակիչներ: Այդ մարդկանց թվում է, թե իրենք գիտեն՝ ինչ ճակատագիր է իրենց սպասվում եթե սիրիական կառավարական զորքերը գրավեն քաղաքը:

Ասադի ռեժիմի կողմից կիրառվող կտտանքների շարքում ՄԱԿ-ի վերջերս լույս տեսած զեկույցում նշվում է զանգվածային ոչնչացումը, այնպես որ՝ ռեժիմի դեմ ապստամբած Հալեպին սպառնում են սովը և զանգվածային կոտորածը:

Ռուսաստանի միջամտությունը Սիրիայի պատերազմին կարող է բեկումնային լինել, սակայն այն մարդկային ավելի շատ տառապանքների կհանգեցնի: Ընդամենը մեկ շաբաթում իրավիճակը Սիրիայում վատից վերաճեց սարսափազդուի: Քերին դա շատ լավ գիտի և հուսահատորեն պնդում է, որ բանակցություններ անցկացվեն: Սակայն դրանով չես ծածկի այն մռայլ իրականությունը, որ այսօր Օբամայի վարչակազմը տեսնում է իր ռազմավարության լիակատար պարտության մեջ: ԱՄՆ-ի կողմից հովանավորվող գրոհայինները այսօր հակատանկային և հակազենիթային զինատեսակների կարիք ունեն, սակայն ոչ մի երաշխիք, որ կստանան այն: Եթե ոչինչ չփոխվի, նրանց ոչնչացնելը ընդամենը ժամանակի հարց է:

Հավանաբար հակամարտության այս կրիտիկական պահին արդեն հնարավոր չէ փրկել ամերիկյան քաղաքականությունը, սակայն չափազանց կարևոր է, որ Վաշինգտոնը հրապարակայնորեն հաշվետու լինի իր սխալների համար: «Կարմիր գծերը» Սիրիայում մեկ երևում էին, մեկ անհետանում, իսկ դրանց արդյունքը մարդկային հսկայական զոհերն էին: Իսկ Մոսկվան ապացուցեց, որ ինքը շատ ավելի հետևողական է Ասադի ռեժիմի աջակցության հարցում: Հասկանալի չէ նաև, թե ինչ նկատի ուներ Քերին, երբ այս շաբաթ հայտարարեց, որ ԱՄՆ-ն ունի նաև ազդեցության այլ լծակներ այն դեպքում, եթե դիվանագիտությունը պարտություն արձանագրի:

Տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից դադարեցնել ռմբակոծությունները, սակայն այդ զավեշտալի առաջարկությունը Ռուսաստանին երեք շաբաթ է թողնում Հալեպը գրավելու և իր նպատակին հասնելու համար:

Դաժան իրականությունը այսպիսին է՝ ԱՄՆ-ն ռուսական միջամտության պատճառով գործողությունների չափազանց քիչ տարբերակ ունի այլևս: Ռուսաստանի միջամտության հետևանքով Սիրիայի հյուսիսում Արևմուտքի կողմից վերահսկվող «ոչ թռիչքային գոտու» ստեղծման վերաբերյալ խոսակցությունները կորցրել են իրենց իմաստը: Դա հնարավոր էր անել պատերազմի շատ ավելի վաղ փուլում: Հիմա դրան ուղղված բոլոր գործողությունները հղի են Ռուսաստանի հետ հակամարտության ընդլայնմանը, ինչը հասկանալի պատճառներով Օբամայի վարչակազմը չի կարող թույլ տալ:

Այն, ինչ այսօր կատարվում է Հալեպում, շուտով կհիշեցնի 90-ականների Սարաևոն, սակայն այս անգամ անիմաստ է օգնություն սպասել որևէ տեղից, իսկ արդյունքը կլինի ներգաղթի ճգնաժամի ուժգնացումը: Դա Սիրիայում արևմուտքի պարտության խորհրդանիշն է: Հալեպը արդեն սև բիծ է դարձել ՄԱԿ-ի խղճի վրա, ինչպես նաև ամերիկյան վարչակազմի վարկանիշի վրա, որքան էլ այն ցանկանար բարի նպատակներ հետապնդողի դերում լինել:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.