Հայաստանը չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքում է

Hayastan

Ամերիկյան հետազոտական Heritage Foundation ինստիտուտը հրապարակել է«Տնտեսական ազատության ինդեքսն աշխարհում»։

Վարկանիշը կազմողները հաշվի են առնում տնտեսական ազատության մակարդակը՝ 10 չափորոշիչների հիման վրա, որոնց թվում են սեփականության իրավունքի երաշխիքը, կոռուպցիայից զերծ լինելը, պետական ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, առևտրի ազատությունն ու աշխատանքի շուկայի ճկունությունը, ներդրումների ազատությունը։

Երկրները բաժանվել են 5 խմբի՝ ազատ, առավելապես ազատ, չափավոր ազատ, առավելապես ոչ ազատ և ոչ ազատ։

Հայաստանի տնտեսությունը ճանաչվել է չափավոր ազատ. Հայաստանը 54-րդ տեղում է (67 բալ)՝ արձանագրելով 0.1 բալի անկում։

Նշվում է, որ Հայաստանում տնտեսական բազայի էական դիվերսիֆիկացիան բարձրացրել է տնտեսական դինամիկան երկրում։ Գործարար ընթացակարգերի լայն պարզեցումը դյուրացրել է կանոնակարգող ոլորտի գործունեության արդյունավետությունը։ Հետևելով վերջին տարիների ընդլայնողական ֆիսկալ քաղաքականությանը՝ քայլեր են ձեռնարկվել սահմանափակելու կառավարության ծախսերը հանրային ֆինանսների ավելի շրջահայաց կառավարման միջոցով։

Վրաստանը 23-րդ տեղում է (առավելապես ազատ), Թուրքիան՝ 79-րդ (չափավոր ազատ), Ադրբեջանը՝ 91-րդ (չափավոր ազատ), Իրանը՝ 171-րդ (ոչ ազատ)։

Ամենաազատ տնտեսություններով երկրները (100-80 բալ), ինչպես մեկ տարի առաջ, ճանաչվել են Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ ոչ ազատ՝ Վենեսուելան, Կուբան և Հյուսիսային Կորեան։ ԱՄՆ-ը վարկանիշում 11-րդ (առավելապես ազատ) տեղում է, Չինաստանը՝ 144-րդ (առավելապես անազատ), իսկ Ռուսաստանը՝ 153-րդ (առավելապես անազատ)։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.