ՀՀ-ում մտահոգիչ են մնում անպատժելիությունը, կտտանքների ու դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունները

- in Կեղտոտ լվացք
cec

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը, որում Հայաստանի մասով ասված է.

«Իշխանությունները բազմիցս ցրել են ընդհանուր առմամբ խաղաղ հանրահավաքները, այդ թվում՝ ավելորդ ոստիկանական ուժով, ինչը հանգեցրել է նոր և էլ ավելի խոշոր հուզումների։ Ցույցերի կազմակերպիչներին ձերբակալել են և նրանց դեմ հարուցել քրեական գործեր կասկածելի մեղադրանքներով։ Հաղորդվել է հակակառավարական ակցիայի մեկ մասնակցի վրա հարձակման մասին, ով ծեծի է ենթարկվել։ Նախկինի պես անհանգստացնում են կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև անպատժելիությունը։ Բանակում ծառայությունից գիտակցաբար հրաժարվածները կարողացել են  օգտվել այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին նոր դրույթնրից, որոնք օրենսդրություն են մտցվել 2013 թվականին։

Համառոտ տեղեկություն

Դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեում  Հայաստանի քաղաքացիները կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են նախագահականից խորհրդարանական կառավարման ձևին անցում։  Դրա հետ մեկտեղ ընդդիմությանն անհանգստացրել է, որ գործող նախագահը կարող է օգտվել իրավիճակից՝ երկրորդ ժամկետի լրանալուց հետո իշխանության ղեկին մնալու համար։

Հավաքների ազատությունը

Տարին նշանավորվեց հասարակական դժգոհության աճով և համատարած բողոքի ակցիաներով՝ կապված մի շարք սոցիալական և քաղաքական խնդիրների, ինչպես նաև  ցույցերի մասնակիցների ու կազմակերպիչների դեմ կոշտ միջոցներ կիրառելու իշխանական փորձերի հետ։

Երկրում ամենաբուռն բողոքի ակցիաներ են առաջ բերել երկու թեմաներ. էլեկտրաէներգիայի սակագների պլանային բարձրացումն ու սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ կտան  նախագահին իշխանության ղեկին մնալ երկրորդ ժամկետի ավարտից հետո։ Երևանում սեպտեմբերի 21-ին հակակառավարական ցույցից գնալիս դաժան ծեծի է ենթարկվել Սմբատ Հակոբյանը, ով  իշխանությանը քննադատող քաղաքական կազմակերպության անդամ է։ Նա գլխի վնասվածք էր ստացել, կոտրել էին կողոսկրերը։ Ոստիկանությունը գործ էր հարուցել, որի շրջանակում ձերբակալվել էին 2 կասկածյալներ։ 2014 թվականին բողոքի ակցիայի 3 մասնակիցների վրա համանման հարձակման հետաքննությունը 2015-ին ոչ մի արդյունքի չհանգեցրեց։

Անհամաչափ ուժի կիրառում

Գերազանցապես խաղաղ հավաքների ժամանակ բազմիցս ոստիկանությունը ձերբակալել է ակցիաների խաղաղ մասնակիցների և ավելորդ ուժ կիրառել։ Ակտիվիստները, ովքեր դուս են եկել հակակառավարական բողոքի ակցիաների, նախկինի պես եղել են ոստիկանության և կառավարամետ կազմակերպությունների կողմից բռնության ենթարկվելու ռիսկի տակ։ Հունվարի 15-ին ոստիկանությունը հազարավոր մարդկանց չի թողել Գյումրիում ՌԴ հյուպատոսություն, ովքեր ցանկացել են երթով անցնել և իրենց վրդովմունքն արտահայտել ռուս զինծառայողի կողմից 6 հոգանոց ընտանիքի սպանության առնչությամբ։ Ականատեսների վկայությամբ՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները անկարգությունների հակազդման համար հատուկ հանդերձանքով մահակներ, արցունքաբեր գազով նռնակներ ու լուսաձայնային նռնակներ  են կիրառել, իսկ ի պատասխան՝ ցուցարարները սկսել են քարեր նետել։ Ոստիկանությունը 21 մարդու է ձերբակալել, որոնց հաջորդ օրն ազատ են արձակել։ Հաղորդվել է, որ տուժել են 9 ցուցարար և ոստիկանության 3 աշխատակից։ Տարվա վերջի դրությամբ՝ դեպքի հետաքննությունը դեռևս չէր ավարտվել։

Հունիսի 19-ին հազարվոր մարդիկ  բազմօրյա  բողոքի ակցիա սկսեցին Երևանի կենտրոնում վրանային ճամբարներով՝ կապված կառավարության կողմից հայտարարված էլեկտրաէներգիայի սակագների պլանային բարձրացման հետ։ Հունիսի 23-ին մոտ 500 ցուցարարներ երթով ուղղվեցին նախագահական նստավայր և արգելափակեցին ճանապարհը։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրեց նրանք, այդ թվում՝ ջրցաններով։ Ի պատասխան՝ որոշ ցուցարարներ ջրով լի շշեր նետեցին նրանց ուղղությամբ, սակայն ընդհանուր առմամբ հավաքվածներն իրենց խաղաղ դրսևորեցին։ Ոստիկանությունը ձերբակալեց 237 մարդու։ Ավելի ուշ նրանց ազատ արձակեցին առանց մեղադրանքի առաջադրման։

Բացի այդ, ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել նաև լրագրողների հանդեպ, նրանցից խլել ու կոտրել են տեխնիկան, ինչի հետևանքով այնուհետև պաշտոնապես ներողություն են խնդրել։ Տարեվերջի դրությամբ՝  միջադեպի հետաքննությունը դեռևս չէր ավարտվել։

Խոսքի ազատությունը

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման 5 անդամներ  ձերբակալվեցին զանգվածային անկարգությունների ծրագրման մեղադրանքներով։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի օրը, հակակառավարական հանրահավաք անցկացնելու իրենց ծրագրերի մասին։ Դա տեղի ունեցավ՝ չնայած այն բանին, որ կազմակերպիչները ստացել էին հանրահավաքի անցկացման պաշտոնական թույլտվություն։ Ապրիլի 9-ին Երևանում դատարանը նրանց կալանեց 2 ամսով։ Նրանց ազատ արձակեցին մայիսի 4-ին՝ Երևանում զանգվածային  բողոքի ցույցերից հետո, սակայն նրանց դեմ քրեական գործը փակված չէ։

Կտտանքներն ու դաժան վերաբերմունքի այլ ձևեր

Ինչպես նախկինում, մտահոգիչ են մնում կտտանքներն ու դաժան վերաբերմունքը ոստիկանական բաժանմունքներում և բանտերում, ինչպես նաև դրանք իրականացնողների անպատժելիությունը։ Տեղի իրավապաշտպան կազմակերպություններն ուշադրություն են դարձրել պրակտիկայի վրա, երբ կտտանքների կիրառման մեջ կասկածվող իրավապահները հաճախ ժամանակավորապես հեռացվում են զբաղեցրած պաշտոնից, իսկ այնուհետև նշանակվում նույնպիսի կամ ավելի բարձր պաշտոնի ոստիկանության այլ բաժանմունքում։

Սեռական փոքրամասնությունների իրավունքները

Մայիսի 17-ին մոտ 100 ակտիվիստներ փակ միջոցառմամբ նշել են Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ ԼԳԲՏ-ի հանդեպ խտրականությունը նախկինի պես տվել է անհանգստության առիթ գենդերային հատկանիշով հակախտրական օրենսդրության բացակայության պայմաններում և ատելություն սերմանող արտահայտությունների մասին համատարած հաղորդագրությունների ֆոնին։

Դավանական նկատառումներով ծառայությունից հրաժարվողներ

Հայաստանում սկսել են կիրառվել 2013 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններն այլընտրանքային քաղաքացիական ծառայութան վերաբերյալ, որը թույլ է տալիս դավանական նկատառումներով զորակոչից խուսափողներին զբաղվել հասարակական աշխատանքներով՝ զինված ուժերում ծառայության փոխարեն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20