ՀՅԴ ԳՄ նիստը. Քննարկվել է ՀՀԿ-ի հետ համագործակցության ձևաչափին վերաբերող հարցեր

HYD

Այսօր՝ փետրվարի 3-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող ներկազմակերպական հերթական խորհրդակցությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի, Գերագույն մարմնի անդամներ և կուսակցական ակտիվի ու մտավորական շրջանակի շուրջ 70 ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սահմանադրական բարեփոխումների համատեքստում անդրադարձել է ՀՅԴ դերակատարությանն ու անելիքներին, իշխանության հետ հնարավոր համագործակցության ձևաչափին վերաբերող հարցերին:

Կարևորվել է կուսակցության մոտեցումները հանրության լայն շրջանակներին բացատրելու և պատշաճ ներկայացնելու հարցը։ Առանձնահատուկ շեշտվել է սահմանադրության լիարժեք կենսագործման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման և որպես առաջին քայլ՝ վստահություն ներշնչող նոր Ընտրական օրենսգրքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը։

Խորհրդակցության ընթացքում հատուկ ընդգծվել է պետականաշինության նոր փուլում ՀՅԴ ստանձնելիք ակտիվ դերակատարության կարևորությունը։ Հանդիպման վերջում կայացած հարցուպատասխանի ընթացքում Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը պարզաբանումներ են ներկայացրել օրակարգային մի շարք հարցերի կապակցությամբ։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.