ՀՅԴ-ն` բացառապես Սերժ Սարգսյանի խաղի նոր կանոններով

- in Կեղտոտ լվացք
HYD

Իշխանության մարմինների ղեկավար կազմի հավաքում իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ժամանակից շուտ պետք չէ տրվել նախընտրական պայքարի գայթակղությանը, եւ ոչ մեկի համար երաշխավորված չէ տեղն ապագա խորհրդարանում:

Սերժ Սարգսյանի ելույթն ընդհանուր առմամբ իշխանության մնալու հայտ էր, եւ այդ լույսի ներքո նա համակարգին զգուշացնում էր, որ իրականացնելու է իր ծրագիրը, իսկ նրանք, ովքեր չեն տեղավորվի այդ տրամաբանության մեջ, կհեռացվեն իրենց պաշտոններից:

Այս ֆոնին, հետաքրքիր է ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը: Փաստացի, այդպիսով Սերժ Սարգսյանը համակարգի դեմ ունի եւս մեկ ուժեղ փաստարկ, հասկացնելով, որ այդ համակարգի հույսին չէ եւ կարող է փոխել թիմը ցանկացած կոնֆիգուրացիայով:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանի ասածը նույնքան վերաբերվում էր նաեւ Դաշնակցությանը: Բանն այն է, որ այդ բանակցություններում ՀՅԴ-ն պահանջել է այնպիսի պորտֆելներ, որոնք ենթադրում են բավական մեծ վարչական ռեսուրս: Ըստ ամենայնի, այդպիսով Դաշնակցությունը փորձում է երաշխիքներ ստանալ, որ տեղ կունենա ապագա խորհրդարանում:

Սերժ Սարգսյանն իր ելույթում փաստացի հայտարարել է, որ նոր խորհրդարանը կազմավորվելու է իր ցանկությամբ ու իր ցուցակներով: Դա անկեղծ հայտարարություն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ազատ» ընտրությունների պարագայում կուսակցությունների ճնշող մեծամասնությունը, այդ թվում ՀՅԴ-ն, ի վիճակի չեն լինի հաղթահարել անհրաժեշտ շեմը:

Փաստացի, ՀՅԴ-ն կամ պետք է հրաժարվի կոալիցիայից ու դուրս մնա ապագա խորհրդարանից, կամ խաղա բացառապես Սերժ Սարգսյանի սահմանած խաղի նոր կանոններով, որոնք նա շարադրել է իր ծավալուն ելույթում:

Spread the love