Մարդու իրավունքները միջազգային դիվանագիտության բաղկացուցիչ մասն է

- in Կարծիք
Aleksandr Arzumanyan

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորմն» կողմից Ծաղկաձորում կազմակերպված սեմինարում` արտաքին քաղաքականության դինամիկայի շրջանակներում ներկայացրեց դիվանագիտության դինամիկան. «Ավելի շատ այն գործիքն եմ կարևորում, որը սպասարկում է արտաքին քաղաքականությունը: Ինքնին արտաքին քաղաքականության խնդիրները թերևս փոխվում են և նոր մարտահրավերներ կան, բայց դիվանագիտության վերաբերյալ բավականին հաճախ այս երկու հասկացողությունները  խառնվում են: Մի շարք գրքեր, որոնք վերաբերում են դիվանագիտությանը, իրականում դիվանագիտության մասին չեն խոսում, այլ ավելի շատ արտաքին քաղաքական նպատակների, կոնկրետ երկրի արտաքին քաղաքականության, որով դա սպասարկվում է և որը դարերի ընթացքում շատ մեծ փոփոխությունների է ենթարկվել:

Ալեքսանդր Արզումանյանը նշում է, որ մաքուր դիվանագիտություն, որպես այդպիսին, այսօր շատ դժվար է գտնել ու բնութագրել: Նաև` տեխնոլոգիական և կոմունիկացիոն առումով, գիտության զարգացմանը զուգընթաց այդ դինամիկան:

Ալեքսանդր Արզումանյանը խոսեց ընդհանուր գործիքավորումներից, մասնակիցներից, դերակատարներից, և հետո անցավ տեխնոլոգիական փոփոխություններին: Ըստ նրա, դարեր  շարունակ դիվանագիտությունն ինչ-որ խնդիրներ է լուծել հիմնականում պատերազմի, խաղաղության և օգտագործվել է պատերազմը՝ որպես ազգային շահի սպասարկման գործիք: Դիվանագետներին ուղարկել են տարբեր երկրներ, ինչ-որ տեղ բանակցություններով, ինչ-որ տեղ ուլտիմատումներով, ինչ-որ տեղ շահը առաջ քաշելու համար, սակայն թիկունքում միշտ եղել է բանակ:

Անդրադառնալով նախորդ դարերին և դեսպանների աշխատանքներին, նա նշեց, որ միջնադարյան դիվանագետների գրագրություններում կան դեպքեր, երբ այս կամ այն եվրոպական երկրի դեսպանը մեկ այլ եվրոպական երկրից 4 – 5 տարի շարունակ նամակներ էր գրում՝ պատմելով թե ինչպես է բանակցում կոնկրետ մայրաքաղաքի դռնից մտնելու առաջնայնության իրավունքը, որ այլևս ինքը կարող է մտնել առաջինը և ոչ թե վեցերորդը, ինչպես անցյալում էր, և դա կարող է 10 – 15 տարի տևել: Մեծ թվով զավեշտական գրականություն կա այդ մասին: Նույնիսկ ոչ շատ հեռավոր անցյալում Թոմաս Ջեֆերսոնի նամակը կա իր պետքարտուղարին, որում գրված է, որ Իսպանիայում իրենց դեսպանից արդեն 2 տարի է որևէ լուր չկա, որ կսպասեն ևս 1 տարի, և եթե նա  չգրի,  իրենք կգրեն: Դա շատ նորմալ պրակտիկա է եղել և դեսպանին ուղարկել են, գնացել – կորել է:

Շարունակելով պատմական ակնարկը՝ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այսօրվա աշխարհը լրիվ փոխվել է: Այդ  ընթացքում փոփոխությունների թելադրանքով կանոնակարգվել է, որն իր արտացոլումն է ստացել 1861 թ.-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում  և 1863 թ.-ին հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում: Սա  կարգավորում է օրենսդրական կանոնադրական հարաբերությունները երկրների միջև և դրանով էլ առաջնորդվում ենք: Շատ բան չի փոխվել այսօրվա դրությամբ, բայց իրականում փոխվել են  դերակատարները:  Եթե նախկինում դիվանագիտություն ասելով հասկանում էինք կոնկրետ դիվանագետի աշխատանքն այս կամ այն երկրում, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում միայն արտգործնախարարության արդեն մենաշնորհը չի արտաքին քաղաքականություն սպասարկելը և դիվանագիտություն իրականացնելը: Յուրաքանչյուր գործակալություն ունի արտաքին կապերի վարչություն: Շատ դեպքերում, այս կամ այն գերատեսչությունը սկսում է ավելի առաջնային դեր կատարել: Դրա ամենալավ օրինակը Քիսինջերն է, ով եղել է թե՛ պետքարտուղար, թե՛ անվտանգության հարցերով խորհրդական, և երկու դեպքում էլ եղել է համար մեկ արտաքին քաղաքականություն որոշողն ու իրականացնողը:

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, սա այնքան էլ ճիշտ չէ բուն դիվանագիտության առումով, բայց այդպես է: Եվ ընթացքում մարտահրավերները, հարցերը, որոնք քննարկում են  միջազգային ասպարեզում, ընդլայնվել են: Այսօր դիվանագիտություն են իրականացնում երկրի ղեկավարները, ով պարտադիր դիվանագիտական փորձառություն չունի, դիվանագիտությամբ չի տիրապետում այն ողջ գործիքավորմանը, որն անհրաժեշտ է, բայց ստիպված նման բանակցություններ անց են կացվում: Արդեն ի հայտ են գալիս տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնցում բյուրոկրատիան էլ է դիվանագիտություն իրականացնում:

Շարունակելով իր խոսքն՝ Ալեքսանդր Արզումանյանը հավելեց, որ այսօր կա երկրորդ տիպի դիվանագետի ֆունկցիա, որը  ազգային պատկանելութուն չունի,   դառնում է միջազգային չինովնիկ:

Պարոն Արզումանյանը նշեց Պան Գիմունի օրինակը, ով թիվ մեկ դիվանագետն է,  բայց ինքը դասական  դիվանագիտության առումով առաջ չի  տանում իր երկրի շահերը: Նա  ազգություն չունի, սպասարկում է ինչ-որ ընդհանրական շահեր, որոնց ընդհանրականությունը նույնպես հարցական է, որովհետև չգիտես՝ այդտեղ էլի խմբավորումներ կան, ամեն մեկը իրն է առաջ քաշում:

Կան ոլորտներ, որոնք երբևէ չեն համարվել արտաքին քաղաքականության տարածք կամ չեն համարվել դիվանագիտության մաս, և եղել են բացառապես ներքաղաքական խնդիրներ, որոնք այսօր ոչ ևս են: Մարդու իրավունքները համարվել են տվյալ երկրի ներքին քաղաքականության  մաս և երբևէ որևէ մեկը թույլ չի տվել, որ այդ հարցերով զբաղվի:

Բայց գիտենք, որ այսօր մարդու իրավունքները այլևս միջազգային դիվանագիտության բաղկացուցիչ մասն է և տարբեր կառույցներ, կազմակերպություններ հատուկ ստեղծվել են այն բանի համար, որ առաջ քաշեն մարդու իրավունքների գլոբալ առումով սպասարկումն ու ապահովումը, որ դրանք չոտնահարվեն: Տարբեր ոլորտներում բանակցութուններն այսօր այնքան բազմաշերտ են, այնքան մասնագիտացված, որ անհնար է, որ դիվանագետը տիրապետի բոլոր հարցերին:

Իսկ թե ինչն է կարևոր այդ հարցում, բանախոսն ասաց, որ «ինչ-որ տեղից պետք է կորդինացվի և ինչ-որ խնդիրների լուծման համար շրջանակ գծվի: Մասնագետները նույնպես պետք է գիտակցեն, որ իրենց գործը զուտ մասնգիտական խորհուրդն է և մասնագիտական լուծումներ գտնելն այն քաղաքական խնդիրների համար, որոնք իրենց առջև դրված են: Դա վերաբերվում է և´ արվեստի, և´ կրթության բնագավառներին:

Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ նաև Էնջիոների դերին: Ըստ նրա՝ դրանք այսօր կարևորագույն դեր են իրականացնում միջազգային ասպարեզում և կոնկրետ դիվանագիտությամբ են զբաղվում: Այսօր Կարմիր խաչը աշխարհի ամենամեծ էնջիոներից մեկն է: Դա  էնջինիո է, որը պարտադրում է պետություններին ինչ-որ կանոններ և, որը զբաղվում է զուտ դիվանագիտությամբ:

Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրեց նաև տրանսնացիոնալ կորպորացիաների գործունեությունը, որոնք նույնպես  զբաղվում են բուն դիվանագիտությամբ, գալիս են, մտնում կոնկրետ երկրներ, որտեղ իրենց շահերն են, արդեն խմբակային շահեր են: Եվ դա  դուրս է գալիս զուտ ազգային շահերի շրջանակներից:

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով,  սա շատ բարդ գործընթաց է, որովհետև շատ դեպքերում այդ կորպորացիայի շահը կարող է հակասել յուրաքանչյուր անդամ երկրի ընդհանուր ազգային   շահին:

Մարիամ Միրզոյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20