«Մեր քաղաքը» նախաձեռնությունը պահանջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը

Yerevan old

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Քաղաքային իշխանությունները հուշարձան քանդելու համար նոր պատճառաբանություն են գտել, որը, սակայն, խփում է կցակառույցների շինարարություն արտոնելու իրենց իսկ գործելակերպին․ «Կցակառույց է, հուշարձանի մաս չի կազմում»․ այս պատճառաբանմամբ արդեն արտոնվում է հուշարձանների՝ առանց այն էլ խղճուկ մնացորդ հանդիսացող ֆասադային հատվածների աղճատումը։

Ամիրյան 2 հասցեի հուշարձան-շենքի պարագայում «կցակառույց» ձևակերպումը, սակայն, ծիծաղելի է, քանի որ շենքի վերականգնման ճարտարապետ Բորիս Քոչարյանը (ով թերևս քաղաքապետից ավելի տեղյակ է կոնկրետ այդ շենքի պատմությանը) անձամբ նշել է, որ վերականգնման տարիներին շենքին որևէ կցակառույց չի ավելացվել։

Հասկանալի է, որ ապօրինի կցակառույցներն անհրաժեշտ է ապամոնտաժել։ Այս համատեքստում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի ուշադրությունն ենք հրավիրում քաղաքի հազարավոր ապօրինի կցակառույցների և շենքերի կտուրներին հավաբուն հիշեցնող ավելացված հարկերին, որոնք առարկայական վկայություն են քաղաքապետարանի անցյալ և ներկա կոռուպցիոն գործարքների մասին։ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու թիվ 14 շենքի տանիքը նման հազարավոր օրինակներից մեկն է :

Ինչ վերաբերում է կառուցապատման մասին հանրությանը նախապես տեղյակ պահելուն, ապա այսօր չէ, որ պետք էր հիշել այդ մասին։ Քաղաքաշինության մասին օրենքում ներառված այդ պարտադիր պահանջն այսօր չի հարգվում բազմաթիվ շինհրապարակներում, որտեղ առայսօր ցուցապաստառ չկա, կամ էլ եղել է, սակայն ինչ-ինչ միստիկ հագամանքներում վերացել է, ինչպես օրերս եղավ, օրինակ, Նալբանդյան 106/1 հասցեում ։

Մինչ պարոն Տարոն Մարգարյանը ջղային ծնողի դեր է կատարում՝ մեղադրելով այս կամ այն ծառայությանը՝ մեկ ձնամաքրման ձախողված աշխատանքների, մեկ էլ հուշարձանի քանդման առիթով, գուցե արդեն ժամանա՞կն է գիտակցելու, որ խնդիրների արմատն ավելի խորքային է։ Վաղուց ժամանակն է քաղաքապետի պաշտոնը տրամադրելու մեկ այլ՝ ավելի կոմպետենտ, գրագետ և հանրության առջև հաշվետու կադրի, եթե այդպիսինն առհասարակ ընդունելի կլինի իշխանությունների կողմից»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20