Մտած – չմտածները` մեր խոշորացույցի տակ

- in Վերլուծական

Այս օրերին ամենաքննարկվող թեմաներն են, թե ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոլիցիա է կազմում, կամ` թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի անդամակցում նոր կոլիցիային:

ՄԻՏՔ.am-ի խմբագրակազմը որոշել է այսուհետ անաչառ, սակայն խոշորացույցով դիտարկել, թե ի՞նչ է կատարվում այս երկու` ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունների կուլիսներում, տարածքային կառույցներում, առանձին գործիչների կարծիքներում ու դիրքորոշումներում: Եվ ընդհանրապես, ի՞նչ խմորումներ են մեկնարկել 2017 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ:

Այն, որ ՀՅԴ տարածքային կառույցներում միանշանակ դրական չի ընդունվում ՀՀԿ-ի հետ կոլիցիա կազմելու մասին ղեկավարության որոշումները, ակներև է, թեկուզ հենց նախկին ու ներկա գործիչներից շատերի արտահայտած կարծիքներից ու մտքերից: Ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներն, ովքեր համաձայնություն են տվել ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մտել կոնկրետ բանակցությունների մեջ: Պորտֆելների առումով` ինչպես վկայում են տեսաբաններն ու վերլուծաբանները, հասկանալի է թերևս այն, որ ՀՅԴ-ն ֆինանսական ռեսուրսների առումով չի դիմանում ընդդիմադիր կեցվածքի ճամբարում ու ցանկանում է կոնկրետ լծակներ ունենալ խորհրդարանական ընտրություններից առաջ և դրանք գործի դնել խորհրդարանում թեկուզ մի քանի տեղ ապահովելու համար: Մինչդեռ միևնույն ժամանակ ՀՅԴ պարագլուխները դափնում են, թե մի քանի տասնյակ համաշխարհային կառույցներ ունեն Սփյուռքում ու դրանց անդամակցողներից շատերի ֆինանսական աջակցությունը, սակայն թե ո՞ւր են հոսում դրանք, պարզ չէ:

Արմեն Ռուստամյանը հայտարարում է, որ իշխանությունները վարկաբեկված են, սակայն անգամ փնովելու, իրենց քննադատելու գնով պատրաստ են վարկաբեկված իշխանությունների հետ գործընկեր լինել, ինչն անհասկանալի ու անընդունելի է ցանկացած մեղսունակ քաղաքացիների համար: Ուստի` ավելի մոտիկից ու մանրամասն կփորձենք դիտարկել իրավիճակը ՀՅԴ-ում, մեր ընթերցողներին ներկայացնել նաև առանձին գործիչների կարծիքները:

ԲՀԿ-ի դեպքում մի քիչ այլ է: Այստեղ կարծես տրամադրություններ կային կոլիցիան գործընկերությունը ՀՀԿ-ի հետ վերականգնելու հարցում, սակայն վերջնական որոշման չհանգեցին, որն էլ իր հերթին առանձին դժգոհությունների առիթ է հանդիսացել կուսակցության տարածքային կառույցներում ու խորհրդարանականների շրջանակներում: ԲՀԿ-ն ընդդիմություն է արդյոք, եթե այո, ապա ո՞րն է խնդիրը, որ չի մասնակցելու մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ-ի ու «Նոր Հայաստան»-ի կազմակերպած, թեկուզ` ոչ համատեղ հանրահավաքին, թե՞ իրենք շարունակում են չսգալ մարտի 1-ի զոհերի համար: Այս կուսակցությունում, մեր կարծիքով, դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ անհասկանալի է, թե դեպի ո՞ւր է լողում ԲՀԿ-ի նավը, իրենց հույսն ինչի վրա է 2017 թ. խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ:

Այնպես չէ, որ ընդգծված քննադատաբար ենք վերաբերվելու մեր կայքի «Բազմակարծության ռինգ» սկզբունքով կարծիքների բախմանը, սակայն հանրությունն էլ պահանջ ունի հասկանալու, թե իրականում ի՞նչ է կատարվում խորհրդարանական երկրորդն ամենամեծ խմբակցություն ունեցող ԲՀԿ և ժամանակին գաղափարական ՀՅԴ կուսակցությունների ներսում ու կուլիսներում:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love