Նոր գործընթացներում ՀՀԿ-ն եւ բարձրաստիճան պաշտոնյաները մասնակից չեն

- in Հրապարակ
HHK

Մամուլում տեղեկություն է եղել, որ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան իր մոտ է կանչել բարձրաստիճան պաշտոնյաներին, ըստ ամենայնի՝ քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների ու ՀՅԴ-ի հետ համագործակցության որոշման մասին տեղեկացնելու համար:

Հետաքրքիր է, որ ավելի վաղ ՀՀԿ խոսնակը հայտարարել էր, թե այս հարցերում հստակություն է լինելու ՀՀԿ խորհրդի նիստում, որը պետք է տեղի ունենար այսօր երեկոյան: Սակայն, եթե Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ են, հրավիրել է իր մոտ, նշանակում է՝ կարող է խորհդի նիստը նաեւ չկայանալ:

Սա հետաքրքիր իրավիճակ է, ինչը փաստացի նշանակում է, որ քաղաքական նոր գործընթացներում ՀՀԿ-ն եւ բարձրաստիճան պաշտոնյաները մասնակից չեն, եւ նրանք ամեն ինչ իմանում են կամ մամուլից, կամ էլ նրանց տեղյակ են պահելու վերջին պահին:

Բացի այդ, մամուլում տեղեկություններ կան, թե ՀՅԴ ներսում եւս ամեն ինչ հարթ չէ, եւ դաշնակցականները չեն կարողանում կողմնորոշվել թեկնածուների հարցում: Այս հարցում կուսակցությունում նույնիսկ բուռն վեճեր են ընթանում, այնքան, որ հնարավոր է՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին այսօր չհայտարարվի, եւ ընդհանրապես այդ համագործակցությունն այս փուլում տեղի չունենա:

Արդյոք այս հանգամանքն է պատճառը, որ ՀՀԿ խորհրդի նիստ տեղի չի ունենում:

Հետաքրքիր է, որ կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունները եւս կապվում են ՀՀԿ-ՀՅԴ համաձայնության հետ: Եթե այդ համաձայնությունը չլինի, արդյոք այդ փոփոխությունները տեղի չեն ունենա: Ընդհանրապես, նկատելի է, որ կառավարությունում ներկայում բավական լարված իրավիճակ է, ինչը երեւաց երեկվա նիստում ընդունված մի քանի որոշումներից:

Մի խոսքով, հետաքրքիր իրավիճակ է առաջացել, եւ հնարավո՞ր է անակնկալներ լինեն:

Spread the love