Նոր Թուրքիան առաջնորդվում է «Պատերազմ երկրում, պատերազմ աշխարհում» կարգախոսով

Turkia

Թուրքական T24 առցանց թերթում հրապարակվել է Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հոդվածագիր Մեթին Մյունիրի հոդվածը, որում նշված է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում դարձել է Սիրիայից հետո ամենամեծ կորուստներ կրած երկիրը։

Հոդվածագիրն ընդգծում է, որ ձախողվել են Սիրիայի հետ կապված Թուրքիայի կառավարության երկու հիմնական նպատակները. Բաշար Ասադի ալավիական վարչակարգը տապալելն ու փոխարենը սուննի կառավարություն ունենալը և Սիրիայի քրդերի շարժումները զսպելը։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ Սիրիայում իր գոյությունը կշարունակի ալավիական վարչակարգը՝ Ասադի հետ կամ առանց նրա, իսկ Սիրիայի քրդերն անկախության ճանապարհին են կամ էլ Իրաքի քրդերի նման կստանան ինքնավարություն. «Այդպիսով, ԱԶԿ-ի կառավարության վարած արտաքին քաղաքականության սխալների պատճառով Թուրքիան Մերձավոր Արևելքում դարձել է Սիրիայից հետո ամենամեծ կորուստներ կրած երկիրը։ Հինգ տարի առաջ Սիրիան Թուրքիայի ընկերն էր, մինչդեռ այժմ այն որակվում է որպես թշնամի։

Սակայն Թուրքիայի վնասը սրանով չի ավարտվում։ Էրդողան-Դավութօղլու զույգը Սիրիայի պատճառով դեռ նախորդ տարի արյունոտ դանակ խրեց Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերներ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում։ Ռուսաստանի հետ թշնամանալը Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքն է։

Պուտինը ռուսական ինքնաթիռի կործանումից հետո իր հպարտությանը հասցված հարվածից վրեժխնդիր լինելու համար աջակցելու ու զինելու է Սիրիայի քրդերին ու PKK-ին։ Հարավ-արևելքում նույնպես բոցեր են, որոնք հանգցնելը դառնում է անհնար։ Թուրքիան երևակայության, ցասման ու եսասիրության հիման վրա վարած արտաքին քաղաքականության պատճառով կորցրել է բոլոր ընկերներին։ Թուրքիայի համար այդ բոլոր գլխացավանքների միակ պատճառն ԱԶԿ-ի կառավարությունն է։ Եթե Էրդողանը չփոխի իր կուրսը, ապա այն աղետ կդառնա թե՛ իր, թե՛ իր կուսակցության, թե՛ Թուրքիայի համար»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կարգախոսն է եղել «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում (տիեզերք)»։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.