Շատ շուտով կպարզվի

- in Վերլուծական
Nato

ՆԱՏՕ-ն չի զբաղվում սպառազինության արտահանմամբ, եւ համաձայն կանոնադրական դրույթների, չի համակարգում անդամ երկրների զենքի մատակարարումները: Իրականում սակայն ՆԱՏՕ-ի անդամները չեն կարող չհամաձայնեցնել զենքի մատակարարումները, հատկապես եթե խոսքը հակամարտության գոտիների մասին է:

Հայաստանն, անկասկած, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենք ստանալու հնարավորություն ունի, եւ դա արդեն տեղի է ունեցել: Կարեւոր է վստահելի եւ բարեկամական հարաբերություններ ունենալ ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ առանձին անդամ երկրների հետ:

ԱՄՆ-ն դժվար թե կարողանար զենք մատակարարել Հայաստանին, սակայն դա կարող էին անել եվրոպական պետությունները, նախեւառաջ նրանք, որոնց հետ Հայաստանն ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի: Օրինակ, Ֆրանսիան նվազ քննադատաբար է վերաբերվում Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությանը եւ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը համարում է նորմալ երեւույթ, եւ նա կորող էր իրականացնել զենքի մատակարարումները:

Խնդիրն այդ մատակարարումների դիմաց վճարներն են, Հայաստանը չունի բավարար միջոցներ, այդ պատճառով հարկ է բանակցություններ վարել խորհրդանշական վճարի շուրջ: Դա հնարավոր է, հատկապես նկատի առնելով քիչ ինչ հնացած զենքը:

Նման հարաբերությունները ենթադրում են ավելի բազմակողմ ու շահագրգիռ հարաբերություններ ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջեւ: Եթե Հայաստանը ցանկանում է մտնել ՆԱՏՕ-ի հետ նոր, ավելի պարտավորեցնող հարաբերությունների փուլ, պետք է համոզիչ ցույց տա, որ ենթադրվում է պահը, երբ ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերություններն ավելի սերտ են լինելու, քան Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի:

ՆԱՏՕ-ի երկրներից զենք ստանալու հնարավորությունը շատ բանով կախված է ոչ միայն դաշինքի, այլեւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններից:

ԱՄՆ-ն ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես թերի կազմավորված ռազմական կազմակերպություն՝ ներքին ու արտաքին զգալի խնդիրներով: Ռուսաստանն արդեն չի թաքցնում ՀԱՊԿ-ն իրեն հնազանդ ռազմական բլոկի վերածելու մտադրությունը, որի անունից մտադիր է հանդես գալ միջազգային հարաբերություններում, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:

ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի հարբերությունների նման ձեւաչափը, քանի որ դա ուժեղացնում է ՀԱՊԿ անդամ երկրների հանդեպ Ռուսաստանի թելադրանքը: Ռուսաստանին պետք չեն այդ երկրների ռազմական ծառայությունները, Մոսկվան շահագրգռված է նախկին սովետական արածքում ռազմական-օպերատիվ իրավիճակի վերահսկողության հարցում:

Շատ շուտով կպարզվի, որ ՀԱՊԿ-ն ընդունակ չէ լուծել անվտանգության խնդիրները Կենտրոնական Ասիայում, հատկապես Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: Կենտրոնական Ասիայի պետությունների սահմաններին լարվածության աճին եւ հակամարտության օջախների առաջացմանը զուգահեռ կպարզվի, որ Ռուսաստանը չի պատրաստվում գործողություններ իրականացնել այդ երկրներին պաշտպանելու համար, եւ արդեն իսկ այդ հանգամանքը կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ի փլուզմանը:

Ըստ ամենայնի, ապագայում Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման հարցում կարեւոր դեր կխաղա Չինաստանը:

Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասին, հնարավոր է Ռուսաստանն այստեղ ունի ավելի արտահայտված շահեր եւ չի ցանկանա փակել իր ներկայությունը նույնիսկ ՀԱՊԿ փլուզման դեպքում:

Սկզբունքորեն, ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններից ու համագործակցությունից, բայց միշտ առաջ է քաշել կարեւորագույն պայման՝ ՀԱՊԿ-ը պետք է ներկայացնեն բոլոր մասնակից երկրները, եւ ոչ թե միայն Ռուսաստանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love