Որ մթերքներն են օգնում թողնել ծխելը

- in Հասարակություն
dzerq

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ բանջարեղենով ու մրգերով հարուստ սննդակարգն օգնում է թողնել ծխելը: Բուֆալոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ փոխադարձ կապ կա բուսական ճաշացանկի և ծխելուց հեշտ հրաժարվելու միջև:

Մասնագետները հետազոտել են 25 տարեկանից մեծ 1000 ծխողի, որոնք երկու անգամ պատասխանել են անկետայի հարցերին: Մասնակիցները 14 ամիս ընդմիջումով պատմել են իրենց սովորությունների, ինչպես նաև սննդակարգի առանձնահատկությունների մասին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդակարգում բավարար բանջարեղեն և մրգեր ունեցող ծխողներն ավելի արագ են ազատվում նիկոտինային կախվածությունից: Նրանց հնարավորությունները 3 անգամ շատ են, քան բուսական սնունդ քիչ օգտագործողների դեպքում:

Գիտնականները պարզել են, որ նույնիսկ ծխել շարունակողները բանջարեղեն և մրգեր ուտելու դեպքում շատ ավելի քիչ են ծխել օրվա ընթացքում:

Հետազոտողները ենթադրել են, որ բջջանյութով հարուստ բուսական սնունդն օգնում է ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը: Դրա շնորհիվ ճնշվում է ծխելու ցանկությունը, քանի որ ոչ հազվադեպ սովի զգացումը շփոթում են ծխելու պահանջմունքի հետ: Գիտնականները նշում են, որ մրգերն ու բանջարեղենը վատացնում են ծխախոտի համը:

Spread the love