Պերմյակովն ասել է, որ ինքը չի սպանել Ավետիսյաններին

Permyakov

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստին ցուցմունք է տվել Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայիլ Խաչատրյանը, ով պնդել է, թե ինքն է ծառայակցի հետ հայ-թուրքական սահմանին հայտնաբերել ու ձերբակալել Վալերի Պերմյակովին:

«Հունվարի լույս 13-ի գիշերը ես սահմանային ուղեկալում ծառայություն էի իրականացնում սերժանտ Սումբուլյանի հետ։ Երբ ժամանեցինք մեր ծառայության վայրը, լապտերի լույս նկատեցինք։ Մեր՝ «կանգնի՛ր, ո՞վ է գալիս» բացականչությունից հետո անծանոթը պատասխանեց՝ «ես յուրային եմ, գալիս եմ մերոնց մոտ»։ Ես նախազգուշական կրակոց արձակեցի դեպի օդ, սերժանտ Սումբուլյանին հրամայեցի լիցքավորել զենքը և պահել անծանոթի վրա։ Զննությամբ անծանոթի մոտ երեք հեռախոս եմ հայտնաբերել և դրամական միջոցներ։ Դրանից հետո ավագ սերժանտ Մախսուդյանին հրաման եմ տվել ինձ օգնել կապել անծանոթին։ Այդ ընթացքում ինձ զանգահարեց զորամասի հրամանատարը, ես նրան փոխանցեցի ողջ տեղեկությունը։ 20 – 30 րոպեից ժամանեց զորամասի հրամանատարը և իր հետ տարավ անծանոթին», դատարանում պատմել է Խաչատրյանը։

Խաչատրյանի ցուցմունքներից պարզ է դարձել նաեւ, որ Պերմյակովը ձերբակալվել է Հայաստանի օրենքների խախտումով, այդ մասին չեն զգուշացրել Շիրակի մարզի դատախազին:

Եվ ամենահետաքրքիրն՝ ըստ նրա, ձերբակալությունից անմիջապես հետո Պերմյակովն իր մեղքը չի ընդունել. «Ասաց՝ «ո՛չ, ոչինչ չեմ արել»։

Սակայն, հետագայում, դատավարության ընթացքում Պերմյակովն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Մինչ դատավարությունը, ամիսներ շարունակ հայկական կողմը հնարավորություն չի ունեցել հարցաքննել նրան, ծանոթանալ գործի նյութերին: Այդ ամբողջ ընթացքում Պերմյակովը եղել է ռուսական կողմի հսկողության տակ, եւ պարբերաբար իրարամերժ վարկածներ էին սպրդում մամուլ:

Spread the love
  • 58
    Shares

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.